Դերասան Էմիլ Գալստյանը, ով լսարանին հայտնի դարձավ Համբարձումի կերպարով, պատրաստվում է մոնոներկայացմամբ ներկայանալ թատերասեր հանրությանը: ESem.am-ի հետ զրույցում Էմիլը նշեց, որ մոնոներկայացմամբ հանդես գալու միտքն իրենն է: Ըստ նրա' երեք հոգուց բաղկացած սցենարական խումբն այժմ վերջնական աշխատանքներն է անում, որպեսզի սկսեն փորձերը: «Մարտին ներկայացման փորձերը կսկսվեն, իսկ հանդիսատեսն այն թատրոնի բեմում տեսնելու հնարավորություն հավանաբար ապրիլի մեկին կունենա»,-ասաց Էմիլը:
Դերասանի փոխանցմամբ' ներկայացումն արտագաղթի թեմայով է. այն կոչվելու է «Վերջին ուղևորը»: Իր կերպարի մասին խոսելիս Էմիլը նշեց. «Ներկայացման միակ կերպարը մասնագիտությամբ դիրիժոր է. օրերից մեկ օր նա արթնանում է ու պարզում, որ բոլորն արտագաղթել են ու միայնակ է մնացել երկրում: Հենց այդտեղ էլ սկսվում է տրագիկոմեդիան»: 45 րոպե տևողությամբ «Վերջին ուղևորը» Էմիլի առաջին մոնոներկայացումն է: Դերասանը կարծում է, իրեն կհաջողվի լավ ներկայանալ:
Նշենք, որ ներկայացման ռեժիսորը Սամսոն Ստեփանյանն է, պրոդյուսերը' դերասան, երգերի հեղինակ Տիգրան Աթայանը. ներկայացման տնօրենի պարտականությունները ստանձնել է դերասանուհի Անաիս Սարդարյանը:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը