Գիտնականներին հայտնի է, որ տարիքի հետ մարդու ուղեղը փոքրանում է: Սակայն Մերիլենդի Ջոն Հոփքինսի Համալսարանի վերջին հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ լսողության հետ խնդիրներ ունեցող մեծահասակների մեծ տոկոսի մոտ ուղեղի ծավալն ավելի արագ է փոքրանում:
NeuroImage ամսագրի համաձայն՝ գիտնականները 10 տարվա ընթացքում ուսումնասիրել են 126 մասնակցի' 56-ից 86 տարեկանում: Այս ժամանակահատվածում մասնակիցները յուրաքանչյուր տարի պետք է անցնեին ՄՌՏ (մագնիսային ռեզոնանսային տոմոգրաֆիա)' իրենց ուղեղի չափի փոփոխությունները հայտնաբերելու նպատակով:
Ուսումնասիրության սկզբում բոլոր անձինք անցել էին բժշկական զննում, ներառյալ նաև՝ լսողության թեստ: Այդ պահին 71 մասնակից լսում էին նորմալ, մինչդեռ մյուս 51-ի լսողությունը վնասված էր առնվազն 25 դեցիբելով:
Այդ տարիներին իրականացրած բոլոր ՄՌՏ-ների արդյունքները ուսումնասիրելուց հետո հետազոտողները հայտնաբերեցին, որ այն մասնակիցների մոտ, ում լսողությունը ուսումնասիրության սկզբում արդեն իսկ վնասված էր, ուղեղի ծավալն ավելի արագ էր փոքրանում:
Նաև տուժած լսողությամբ մասնակիցները յուրաքանչյուր տարի առնվազն մեկ խորանարդ սանտիմետր ավել ուղեղի հյուսվածք են կործրել, քան նորմալ լսողություն ունեցողները:
Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են, որ վնասված լսողությունը կապված է ուղեղի այն հատվածների փոքրացման հետ, որոնք պատասխանատու են խոսքի և ձայնի համար:
Սակայն, ըստ հետազոտության հեղինակ Ֆրանկ Լինի, ուղեղի այդ մասերի վնասումն իրենց չի զարմացրել:
Նա բացատրում է. "Քանի որ վատ լսող մարդիկ հակված են ավելի քիչ օգտագործել խոսքը և ձայնը, ապա այդ պրոցեսների հետ կապված ուղեղի կառուցվածքները' խթանման պակասի պատճառով ավելի են հակված կրճատման:"
Այնուամենայնիվ, Լինը նշում է, որ միջին և ստորին քունքային հատվածները նաև փոխկապակցված են հիշության և ճանաչման հետ, և հետազոտությունն ապացուցեց, որ ուղեղի այս հատվածներն իրենց դերն ունեն ճանաչողական խանգարումների վաղ փուլում, ինչպես նաև Ալցհեյմերի հիվանդության զարգացման ընթացքում:
Հետազոտեք լսողության կորուստը ավելի վաղ շրջանում
Համաձայն Խլության և հաղորդակցման այլ խանգարումների ազգային ինստիտուտի հաշվետվության՝ մոտ 36 միլիոն մեծահասակ ամերիկացի նշում են որոշակի աստիճանի լսողության կորուստ:
Լինը ասում է, որ իրենց բացահայտումներն ընդգծեցին լսողության հետ կապված խնդիրների հնարավորինս վաղ շրջանում հայտնաբերման և բուժման կարևորությունը. "Ստացված արյդունքները թույլ են տալիս ենթադրել, որ լսողության կորուստը շատ դեպքերում կարող է ևս մի հարված լինել ուղեղի համար: Եթե դուք ուզում եք լավագույն կերպով հետազոտել լսողությունը, դուք պետք է դա անեք վաղ շրջանում: Եթե լսողության կորուստը նպաստում է այն փոփոխություններին, որոնք մենք նկատում ենք ՄՌՏ-ի արդյունքում, անհրաժեշտ է բուժել այն մինչև ուղեղի կառուցվածքային փոփոխությունների զարգացումը:
Գիտնականները ասում են, որ հետագա ուսումնասիրությունները պետք է պարզեն, արդյոք լսողության կորստի վաղ բուժումը նվազեցնում է առողջության հետ կապված այլ խնդիրների զարգացման վտանգը:
Նախորդ տարի Medical News Today ամսագիրը հաղորդել է մի հետազոտության մասին, որի համաձայն' վաղ մանկական տարիքում երաժշտություն լսելը կարող է դրական ազդեցություն ունենալ հետագա կյանքում ուղեղի լսողական ֆունկցիայի վրա: