Հոլիվուդյան դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը հրաժարվել է Oxfam միջազգային կազմակերպության հետ համագործակցությունից, որը զբաղվում է աղքատության, անհավասարության և մարդասիրական հարցերով։ Դերասանուհին հրաժարվել է համագործակցությունից արաբա-իսրայելական ճգնաժամի շուրջ տարաձայնությունների պատճառով, գրում է Tert.am-ը, հղում տալով РИА Новости-ին։
Հարաբերությունների խզմանը նախորդել է Յոհանսոնի շուրջ առաջացած սկանդալը, երբ դերասանուհին նկարահանվել է գազավորված ըմպելիքների համար սարքավորումներ արտադրող SodaStream ընկերության գովազդում։ Ընկերության գործարաններից մեկը գտնվում է իսրայելական գյուղում՝ Հորդանան գետի Արևմտյան ափի գրավյալ տարածքում, նշում է աղբյուրը։
Պաղեստինցիներին աջակցող ակտիվիստները ցանկանում են բոյկոտել ցանկացած արտադրանքի դեմ, որը պատրաստվում է գրավյալ տարածքներում։
Նման դիրքորոշում ունի նաև Oxfam-ը, սակայն Յոհանսոնը նման միջոցները սխալ է համարում։ Այդ պատճառով էլ դերասանուհին որոշել է դադարեցնել համագործակցությունը կազմակերպության հետ, որի դեսպանն է 2007-ից ի վեր։