1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին որոշումը' ազդարարելով Հայոց Բանակի կազմավորումը, որն այսօր մեր անվտանգության ու խաղաղության երաշխիքն է: Արդեն քսաներկու տարի մեր երկրի սահմանները պահպանում են մեր զինվորները, հայրենիքի անվախ զավակները:
Հայոց բանակի օրվա կապակցությամբ հավաքագրել ենք բանակում ծառայած հայտնի մարդկանց զինվորական գրքույկներն ու նրանց հետ զրուցել բանակային կյանքի, դժվարությունների և հիշարժան պահերի մասին:
Ամեն օր մենք հանգիստ քնում ենք, որովհետև մեր զինվորներն հսկում ու ապահով են պահում մեր երկրի սահմանները: Մեզանից յուրաքանչյուրը, թերևս, ունի զինվոր եղբայր, ընկեր, սիրելի, ում համար անհանգստանում է, ամեն օր աղոթում, որ նրա ծառայությունը հեշտ անցնի, կարոտում, միևնույն ժամանակ, հպարտանում... Հպարտանում, որ իր հարազատ մարդու շնորհիվ այսօր հայ ժողովուրդը կարող է ապահով ու խաղաղ լինել:
Սարգիս Գրիգորյան. «Հետագայում շնորհակալ ես լինում, որ եղել ես բանակում»
Դերասան Սարգիս Գրիգորյանը սիրով համաձայնեց խոսել այս մասին' նշելով, որ բանակային ծառայությունն իր հոգեհարազատ և սիրելի թեմաներից է: Ասում է' բանակային տարիներն իրեն ինքնուրույնություն, արագ կողմնորոշվելու հմտություն, կայանալու հնարավորություն են տվել: «Ինձ համար շատ մեծ նշանակություն է ունեցել: «Մամայի բալայից» անցումը տղամարդու բանակային տարիներին է եղել,- ասաց Սարգիսը, ով մասամբ համաձայնեց, որ տղան բանակում է տղամարդ դառնում: -Տղան տղա է դառնում ծնողների դաստիարակությամբ, բանակն ուղղակի նպաստում է, որ նա ձևավորվի: Բանակից առաջ և հետո տղայի մեջ սարերի ու ձորերի տարբերություն է լինում: Այն անպայման ունենում է իր ներգործությունը, սակայն նույնիսկ այս դեպքում դա շատ սուբյեկտիվ է»:
Դերասանը զորակոչվել է բանակ հենց տասնութ տարեկանում' ծառայելով 1996-1998 թթ.: Ըստ նրա՝ այդ տարիներին շատ ավելի բարդ էր ծառայությունը: «Սկզբում շատ վատ օրեր եմ տեսել, որովհետև այլ կարծիք ունեի բանակի մասին: Պատրաստ չէի զգալու այդ ամենը ոչ այն պատճառով, որ բանակում ամեն բան վատ էր. պարզապես ինձ թվում էր, թե այնտեղ մեզ խնամելու են,- խոստովանեց Սարգիսն ու հավելեց, որ իր ծառայության տարիներին զինվորական ոստիկանություն էլ չկար: -Եթե չեմ սխալվում, այն մեզանից հետո՝ 1999թ. ձևավորվեց և այժմ բավականին թեթևացնում է բանակի առօրյան: Նախկինում կռիվները շատ էին. իրար ծեծել, ջարդել, բայց անպատիժ մնալ, իսկ հիմա ամեն ինչ այլ է, ամեն զորամասում ոստիկանություն կա: Հիմա շատ-շատ է հեշտացել, չեմ հասկանում' ինչու են իրար սպանում, հավանաբար' պարապությունից»: Ըստ Սարգսի՝ զինծառայողների պայմաններն այսօր շատ ավելի լավ են. նա մեկ-երկու անգամ եղել է զորամասերում և կարծում է, որ հատուկ իր այցելության համար չեն փոխել զորամասի կարգապահական համակարգը: «Կարծում եմ՝ հիմա ծառայելը խաղ ու պար է. նախ՝ խաղաղություն է, երկրորդ՝ կատարելագործվել է Հայոց Բանակ ասվածը և երրորդ՝ խոսքի ազատություն կա: Թվում է, թե այսօր բանակում ավելացել է սպանությունների թիվը. կարծում եմ՝ այդպես չէ: Դա միշտ էլ եղել է, պարզապես այժմ այդ խնդիրներն ավելի շատ են լուսաբանվում»: Ամենաբարդը, որ պետք է հաղթահարել բանակում, ըստ դերասանի, չկոտրվելն է: «Չկոտրվել ասելով' նկատի չունեմ ավել անելը: Խոսքը մարդկանցից վիրավորված «աբիժնիկ» չլինելու և հետագայում մարդկանց դեմ չչարանալու մասին է,- ասաց Սարգիս,- բանակային տարիները ժամանակի վատնում չեն: Այդ երկու տարին հետագայում շատ է պետք գալիս, հատկապես ընտանիք կազմելիս, առավել ևս հիմա, երբ զույգերը ձգտում են առանձին ապրել: Մեծանում ես, հասունանում, ճանաչում կյանքը. այնտեղ վատն էլ է լավ, քանի որ քեզ սովորեցնում է ապրել: Հետագայում շնորհակալ ես լինում ծնողներիդ, Աստծուն, որ ծառայել ես բանակում»:
Դերասանի փոխանցմամբ՝ ունի բանակային ընկերներ, որոնց հետ մինչ օրս շփվում է: «Զուր չեն ասում՝ պատերազմում փորձված ընկերներ: Գիտեմ, որ ինչ հարց էլ լինի, առաջինը նրանք կաջակցեն»,- հպարտությամբ նկատեց նա:
Սարգիսը Հունվարի 28-ն իր տոնը չի համարում: Ըստ նրա՝ դա պատերազմում կռված հերոսների տոնն է:
Շարունակությունը` այստեղ: