Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ, որը գործում է դեկտեմբերի 14-ից: Ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի աջակցությամբ և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ:
Ինքնատիպ և տոնական ձևավորված 30 տաղավարներում ներկայացված են Ամանորին և Սուրբ ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշներ, տոնական զարդարանքի և հուշանվերների հավաքածուներ և այլ ապրանքատեսակներ: Տոնական տրամադրությունը տարածքում ապահովում է մշտապես հնչող Ամանորի խորհրդանիշ դարձած երգերի ընտրանին:
Երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար տոնավաճառը լավ հնարավորություն է ոչ միայն տոնական գնումներ կատարելու, այլև զբոսնելու և հաճելի ժամանակ անցկացնելու:
Տոնավաճառը գործում է ամեն օր ժամը 13:00-ից 22:00-ը և շարունակվելու է մինչև հունվարի 8-ը: