«Հայաստանի ձայնը 2» հեռուստանախագծի մասնակից Չինար Իսոյանը ծնվել է Երևանում, մանկությունն անցկացրել Ջավախքում, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել Դոնի Ռոստով: Ինքնատիպ ելույթների շնորհիվ Չինարը երկրպագուների մեծ բանակ ունի արդեն Հայաստանում: Ներկայացնում ենք Lurer.com-ի հարցազրույցը Չինար Իսոյանի հետ:

 

-Չինա՛ր, ինչո՞ւ ընտրեցիք երգարվեստը, և ե՞րբ է սկսվել ձեր ստեղծագործական ուղին:

-Ես շատ եմ սիրել երգել դեռ մանկուց: Թե՛ տանը, թե՛ բակում, և թե՛ ընկերական շրջապատում ես միշտ էլ բարձր եմ գնահատել մարդկային փոխհարաբերությունների ջերմությունը և միշտ փորձել ուրախացնել ինձ շրջապատող մարդկանց՝ երգելու և պարելու միջոցով:

8 տարեկան էի, երբ ընդունվեցի Դոնի Ռոստովի Պրոկոֆևի անվան թիվ 10 երաժշտական դպրոցը, որտեղ սովորել եմ 4 տարբեր դասարաններում (ֆորտեպիանո, օպերային երգեցողություն, ջազ- հեղ.): 2003-ին շարունակել եմ ուսումս Արվեստների ուսումնարանում, որն ավարտել եմ 2007-ին: Այնուհետև ուսանել և ավարտել եմ Կոնսերվատորիան (2007-2012):

 

-Ո՞րն է եղել Ձեր առաջին կատարումը մեծ բեմում:

-Մեծ բեմում իմ առաջին կատարումը եղել է Անուշի արիան՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից՝ 2002թ.-ին՝ Մոսկվայում:

 

-Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել «Հայաստանի ձայնը 2» հեռուստանախագծին:

-Ռուսաստանում էի, երբ տեսա «Հայաստանի ձայնը 2» հեռուստանախագծի մեկնարկի մասին պատմող հոլովակը և անմիջապես որոշեցի մասնակցել՝ բաց չթողնելով նաև հայրենիք գալու եզակի հնարավորությունը:

 

-Որտեղի՞ց է Ձեր այդքան ուժն ու էներգիան:

-Ես հավատում եմ մտքի և մարդկային ջերմության ուժին: Ինձ ուժ է տալիս բնությունը, ինձ շրջապատող մարդկանց ջերմությունը, գեղեցիկը, բարին:

 

-Ի՞նչ տվեց Ձեզ «Հայաստանի ձայնը 2» հեռուստանախագիծը:

-Նախ ասեմ, որ այն ինձ համար ուղղակի հեքիաթ է՝ ամանորյա հեքիաթ: Այն ինձ տվեց մասնագիտական մեծ աճ, որը տեսանելի է նույնիսկ անզեն աչքով, մեծ թվով ընկերներ, քանի որ նախագծի բոլոր մասնակիցներն իմ ընկերներն են: Այն ինձ տվեց հավատ սեփական ուժերի հանդեպ, ինքնավստահություն:

 

-Ի՞նչ կասեք նախագծի ժյուրիի մասին:

-Կասեմ, որ նրանք բոլորն էլ «սուպերպրոֆեսիոնալ» են, և ես շատ շնորհակալ եմ իրենց՝ հատկապես քննադատության համար, քանի որ հենց դրա շնորհիվ եմ ես մասնագիտական աճ արձանագրում: Ես շնորհակալ եմ նախագծի ժյուրիի անդամներից միայն այն բանի համար, որ իրենք ունկնդրում են իմ կատարումները: Բայց նրանցից ամենալավն ինձ համար, իհարկե, Միքայել Պողոսյանն է: Նա հիանալի մասնագետ է և մարզիչ: Նա իմ մեջ բացահայտել է այնպիսի որակներ և կողմեր, որոնց մասին ես ինքս տեղյակ չէի: Նա քիչ է խոսում, սակայն' միշտ տեղին: Մենք հասկանում ենք իրար նույնիսկ առանց խոսքերի:

 

-Ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին:

-Շատ շնորհակալ եմ բոլորին, ով ինձ աջակցում է: Ցանկանում եմ, որ բոլորը հավատան սեփական ուժերին և երազանքներին: Մաղթում եմ բոլորին, որ գտնեն իրենց սերն այս կյանքում, որովհետև մենք բոլորս էլ ծնվել ենք սիրելու համար: Ես ցանկանում եմ, որ հրաշքներ լինեն այն մարդկանց հետ, որոնք դրանց չեն հավատում: Ես հավատում եմ Ձմեռ պապի գոյությանը. անպայման նամակներ գրեք նրան (ծիծաղում է):

 

-Մաղթում ենք Ձեզ հաղթանակ:

-Շնորհակալություն: Գիտեք, անկախ ամեն ինչից՝ կհաղթեմ ես, թե ոչ, միևնույն է, շարունակելու եմ ուրախացնել երկրպագուներիս իմ կատարումներով:

 

Հ.Գ. Ի դեպ, Չինարի բոլոր երկրպագուները կարող են իրենց աջակցությունը ցուցաբերել նրան՝ քվեարկելով նրա օգտին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին՝ 22.20-ից մինչև 22.45-ն ընկած ժամանակահատվածում` ուղարկելով 02 հաղորդագրությունը 1002 համարին: