Cosmo.am-ը գրում է.
Մի քանի օրից ընկերուհիներիդ հետ հանդիպումն է, բայց մի տեսակ չես ուզում գնալ... Կարոտում ես ձեր հին հանդիպումները, երբ գնում էիք կինո կամ բուռն քննարկում էիք առաջին համբույրը... Իսկ հիմա ձեր, ավելի ճիշտ՝ նրանց կյանքը փոխվել է. բոլորն ամուսնացած են, բացի քեզնից, ու քննարկման թեմաները վաղուց ընդհանուր չեն...
Հարցերի տարափ
«Ինչ-որ մեկը կա՞», «Ոչ մեկին չե՞ս հավանում», «Ինչո՞ւ ես այդքան քմահաճ», «Ինչո՞ւ նրան հնարավորություն չես տալիս»... Սկսվում է հարցերի տարափը, չնայած դու հանդիպման էիր գնացել՝ լիցքաթափվելու և լավ ժամանակ անցկացնելու, ու թեև քո անձնական կյանքում ոչ ոք չկա, բայց դու դրանից վատ չես զգում։ Անկեղծ ասած, շատ էլ ճիշտ ես անում, քանի որ չամուսնացած լինելն էլ իր դրական կողմերն ունի և... բավական շատ:
Cosmo հոգեբան. «Ամեն աղջիկ, դաստիարակությունից և սոցիալական իր դերից ելնելով, կամա, թե ակամա ամուսնանալու ցանկություն ունի, ինչը կարող է թեթև լարվածություն առաջացնել տվյալ աղջկա մոտ, եթե նրա բոլոր ընկերուհիներն ամուսնացած են»
Գնահատիր ազատությունդ
Ուզում ես սովորել ձեռագործ վզնոցներ ու ականջօղեր պատրաստե՞լ։ Խնդրեմ, քո ժամանակն ու հնարավորությունները քո ձեռքում են: Ուզում ես ուշ երեկոյան գնալ ընկերներիդ հետ զվարճանալո՞ւ կամ երկու օրով մեկնել քաղաքից դո՞ւրս։ Դժվար թե նման բաներ քեզ թույլ տաս, երբ ամուսնացած ես:
Կառավարիր ֆինանսներդ
Լինելով չամուսնացած՝ դու շատ լավ հնարավորություն ունես խնայել այնքան, որքան ուզում ես ու մեկնել, օրինակ, քո երազած երկիր... Նույնիսկ եթե չխնայես էլ, արդյունքում կկարողանաս ապրել այնպես, ինչպես ինքդ ես ուզում. չէ՞ որ այս դեպքում պատասխանատու ես միայն քեզ համար:
Զարգացրու կարիերադ
Ամուսնանալուց հետո, իհարկե, աշխատանքը չի անհետանում, բայց հիմա լավագույն ժամանակն է զարգացնելու քո հնարավորությունները, գրավելու նոր բարձունքներ և, եթե կարիք կա, փորձելու տարբեր աշխատանքներ՝ ի վերջո քոնը գտնելու համար:
Էմոցիոնալ դրամաներից հեռու
Երբ ամուսնացած ես, ապահովագրված չես էմոցիոնալ ծանր ապրումներից, քանի որ հիասթափություններն այս պարագայում հաղթահարելը շատ ավելի դժվար է:
Ինքդ քո ղեկավարն ես
Փոքր «չափաբաժիններով» եսասիրությունը նույնիսկ օգտակար է: Իսկ ամուսնացած լինելու դեպքում փոխզիջումների գնալը պարզապես անհրաժեշտ է: Լինել ինքդ քո ղեկավարը նշանակում է նաև, որ արարքներիդ կամ որոշումներիդ համար մեծ հաշվով ոչ մեկի առջև հաշվետու չես:
Ինքնաճանաչում
Երբ ազատ ես, անկախ ու ինքդ քո գլխի տերը, շատ ավելի հեշտ է ինքդ քեզ ավելի լավ ճանաչելն ու հասկանալը. մտածելու, ինքդ քեզ վերլուծելու ավելի շատ ժամանակ կունենաս: Եթե նոր ես բաժանվել ընկերոջիցդ, ապա հնարավորություն կունենաս վերանայել ամեն ինչ և հասկանալ՝ ինչ է քեզ իրականում հարկավոր հարաբերություններում: Եվ հետո՝ մենակ լինելը սովորեցնում է ինքնուրույն լինել ու ականջ դնել ներքին ձայնին, քանի որ ինքդ ես միակ պատասխանատուն և քո օգնականը:
Չես անհանգստանում երեխաների համար
Բալիկ ունենալն, իհարկե, մեծ երջանկություն ու պարգև է, սակայն այն իր հետ բերում է նաև մեծ պատասխանատվություն ու հոգսեր: Ամեն ինչ իր ժամանակին կլինի, սակայն հիմա, երբ դեռ չես պատրաստվում երեխա ունենալ, կարող ես վայելել քո կյանքն ու ժամանակը, մինչև այն պահը, երբ հասկանաս, որ ոչ միայն ուզում ես, այլև պատրաստ ես կրել այդպիսի մեծ պատասխանատվություն:
Հանգի՜ստ ծուլանում ես
Երբ ամուսնացած չես, կարիք չկա աշխատանքից տուն վազել ու անցնել տնային գործերին, իսկ հանգստյան օրերն ամբողջովին նվիրել լվացքին, արդուկին ու փոշեկուլին: Երբ ամուրիես, ինքդ ես կառավարում ժամանակդ, և ոչ թե՝ այն քեզ:
Հեռակառավարման վահանակը ՄԻՄԻԱՅՆ քոնն է
«Ֆուտբոլ-սիրելի մելոդրամա» կատեգորիայի պատերազմներ չեն լինի... դեռ: Ու ինչքան ուզում ես, կարող ես փոխել ալիքները. ոչ ոք չի ասի. «Մի քիչ դանդաղ, ես էլ տեսնեմ՝ ինչ կա-չկա»:
Ճանապարհորդել
Սկսած երկօրյա հանգստյան օրերից՝ վերջացրած ամառային երկարատև հանգստով. քո հանգստի սցենարը կախված է միայն քեզնից: Ի դեպ, ընկերներով կամ մենակ հանգստի մեկնելը նույնպես ունի մի շարք առավելություններ:
PS Ամեն տարիք ունի իր առանձնահատկությունները...Պարզապես պետք է կարողանալ վայելել կյանքն ու օգտագործել քո կարգավիճակը՝ հօգուտ քեզ: