Հանրային հեռուստաընկերությունը նոր եթերաշրջանում բազմաթիվ փոփոխություններ բերեց եթեր: Այդ նորություններից մեկը «Ճակատագրով՝ կին» հաղորդումն է, որն արդեն հեռուստադիտողների իր լսարանն ունի:
Հաղորդման ստեղծման, նպատակի, ապագա պլանների և այլ թեմաների շուրջ Mediamall.am-ի հետ զրույցում խոսեց հաղորդավարուհի, Հանրային հեռուստաընկերության մամուլի քարտուղար Աննա Ավանեսյանը:
- Հաղորդման գաղափարն ո՞ւմն էր:
- Հաղորդման գաղափարը հանրայինի ստեղծագործական թիմինն էր: Նոր եթերաշրջանի կառուցվածքի և բովանդակության նախագծման ժամանակ ըստ ժանրերի ֆորմատների, բովանդակության բաժանում արվեց, որ պետք է լինի կրթական, մշակութային, հասարակական և այլ թեմաներին վերաբերող թոքշոուներ և ընդհանուր եթերաշրջանի կոմպլեքսի մեջ որոշվեց որ կլինի մի հաղորդում, որը կանրադառնա մարդկային պատմություններին:
- Ո՞րն է հաղորդման նպատակը:
- Մենք շատ ենք խոսում, որ եթերում հերոսներ չկան, չեն ստեղծվում, դրական կերպարներ ցույց չենք տալիս: Մենք որոշեցինք հայտնի մարդկանց (կանանց) միջոցով ցույց տալ մարդկանց, որ մեր հասարակության մեջ կան ամենատարբեր ոլորտներում զբաղված կանայք, ովքեր հետաքրքիր են: Ամեն մեկի մեջ առանձին հետաքրքրություն գտանք և քանի որ այդ ամենը մի փոքր սենտիմենտալ է մատուցվում, մեզ համար պարզվեց, որ դա մարդկանց դուր է գալիս: Եվ մենք որոշեցինք այդ օրինակով ցույց տալ, որ կան այսպիսի հաջողություններ, այսպիսի տաղանդներ, կամ կան այսպիսի դժվարություններ, որոնք այս հերոսուհիները հաղթահարել են, այսինքն՝ մեր ընտրած հերոսուհիների օրինակով ցույց ենք տալիս գեղեցիկ ճակատագրեր իրենց գեղեցիկ, դժվար ու հետաքրքիր կողմերով:
- «Ճակատագրով' կին»-ը դա...:
- «Ճակատագրով՝ կին»-ը ոչ միայն հեռուստատեսային նախագիծ է, այլ՝ հոգեբանի աշխատանք:
- Ձեզ որպես Ձեր հաղորդման հերոսուհի պատկերացնո՞ւմ եք:
- Ո՛չ, որովհետև այդ դեպքում իմ անձը կգերագնահատեմ: Ես նույնիսկ հաղորդման մեջ աշխատում եմ շատ չերևալ' ինձ հնարավորինս հաղորդումից հանելով, փորձում եմ ամբողջ ուշադրությունն ու շեշտը դնել հերոսուհու վրա: Աշխատում եմ, որ ընկերների ֆակտորն ավելի շատ լինի, քանի որ նրա մասին պետք է պատմեն ընկերները, ոչ թե ես:
- Հայ ճակատագրով կանայք շա՞տ են:
- Մեր երկրում թվաքանակով կանայք շատ են տղամարդկանցից, բայց նվաճումներով կանայք քիչ են:
- Գիտեմ, որ մասնագիտությամբ հոգեբան եք: Որքանո՞վ է օգնում այդ փաստը հաղորդումը պատրաստելիս:
- Այստեղ շատ նուրբ համադրություն կա լրագրողական աշխատանքի և հոգեբանի խորաթափանց մոտեցման: Մեր նկարահանումների ընթացքը շատ մտերմիկ մթնոլորտում է անցնում, և ես փորձում եմ ամեն ինչ անել, որ մարդիկ հնարավորինս բացվեն ու անկեղծ լինեն: Այդ ամենը հասնում է նրան, որ մարդիկ անգամ հուզվում են, քանի որ ցույց ենք տալիս նաև մարդկանց կյանքի պրոբլեմատիկ կողմերը: Մարդիկ սովորաբար խուսափում են խոսել այդ կողմի մասին, բայց մենք դեռ չենք ունեցել մի հերոս, ով խոսի ինչ-որ բանի մասին ու հետո զղջա, կամ խնդրի, որ հանենք այդ պահը հաղորդումից: Մենք էլ փորձում ենք իրենց ասածը այնպես ներկայացնել, որ նրանց չնեղացնենք, ցավ չպաճառենք:
- Արդյոք շատ ժամանակ չի՞ պահանջում որակյալ հաղորդում պատրաստելը:
- Հեռուստատեսային ցանկացած պրոդուկտ անելը մեծ ռեսուրսներ է պահանջում՝ մարդկային, տեխնիկական և ժամանակային: Այժմ հանրայինում արվում է ամեն ինչ, որ բոլոր ստեղծագործական թիմերն ունենան նշված ռեսուրսները և չմտածեն կենցաղային խնդիրների մասին, այլ ստեղծագործական աշխատանք կատարեն: Շատ ժամանակ է պահանջում: Բավականին մեծ թիմ է աշխատում հաղորդման վրա, բայց դա արվում է միայն լավ արտադրանք տալու համար:
- Ծավալում եք PR գործունեություն, Հանրային հեռուստաընկերության մամուլի քարտուղարն եք, տարբեր հեռուստատեսային ծրագրերով եք զբաղված: Ինչպե՞ս է Աննա Ավանեսյանին հաջողվում հասցնել այդ ամենը:
- Հեռուստատեսությունը նվիրում պահանջող ոլորտ է: Սա մի աշխատանք չէ, որն ունի աշխատանքային օրվա ավարտ' ֆիքսված ժամին աշխատանքային օրն ավարտվեց, և վերջ: Այժմ ժամանակիս մեծ մասը անցնում է Նորքի բարձունքում :) :
Շատ բաներից հեռու եմ մնում, որովհետև այժմ ինձ նվիրել եմ այս աշխատանքին: Մարդիկ, ովքեր որոշում են հեռուստատեսության հետ կապ ունենալ գիտեն, որ ժամանակի մեծ մասն այստեղ պետք է անցկացնեն: Այժմ դժվար ընթացք է Հանրայինի համար, քանի որ նոր խնդիրներ ունենք մեր առջև դրված և համոզված ենք, որ արդյունքը կլինի որակյալ եթերը:
- Հաղորդման շրջանակներում այլ ազգի կին՝ հյուրի տեսքով, սպասվո՞ւմ է:
- Դեռ էդպիսի միտք չկա, բայց աշխարհում կան բազմաթիվ կանայք որոնց կուզենայի անդրադառնալ, բայց դա մի փոքր բարդ է: Հնարավոր է՝ Հայաստանում բնակվող այլ ազգի կանայք լինեն, բայց այդ մասին դեռ չեմ ուզում խոսել:
Եվ վերջում ձեզ ենք ներկայացնում մի քանի բլից հարցեր.
Սիրված կին գրող՝ Լյուդմիլա Ուլիցկայա
Սիրված կին դերասան՝ Ֆանի Արդան
Սիրված կին երաժիշտ՝ առաջին հերթին մայրս է, և որպես երգչուհի Մարիա Կալասը:
Սիրված կին հաղորդավարը՝ Նառա Շլեպչյան և Դարյա Սպիրիդոնովա:
Ձեր կնոջ իդեալը՝ չունեմ:
Զրուցեց Լիա Թահմազյանը