ESem.am-ը գրում է.
Այս օրերին Հայաստանում գտնվող բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այսօր հանդիպեց լրագրողների հետ: Նախորդ մենամարտից հետո նա եկել է Հայաստան' մի փոքր հանգստանալու, ուժերը վերականգնելու, իսկ մեկ շաբաթից դարձյալ կմեկնի' պատրաստվելու այս շրջանում իր կյանքի կարևորագույն մարտին:
Հոկտեմբերի 26-ին Արթուր Աբրահամը մրցեց իտալացի 29-ամյա Ջիովանի Դե Կարոլիսի հետ և հաղթանակով ավարտեց մենամարտը. «Այնպիսի մենամարտ չկա, որ թերություններ չլինեն. կարևորը' հաղթանակ տարա, որն ինձ համար միջանկյալ էր, քանի որ չեմ կարող երկար ժամանակ դուրս մնալ ռինգից: Փետրվարի 1-ին Ռոբերտ Շտիգլիցի հետ կայանալիք մենամարտն ինձ համար ամենակարևորն է. կմրցեմ աշխարհի չեմպիոնի գոտու համար: Պետք է WBO չեմպիոնական գոտին հետ վերցնեմ, որպեսզի գիշերները կարողանամ հանգիստ քնել»:
Բռնցքամարտիկը դեռևս չի մտածում ռինգը թողնելու և իր փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու մասին' նշելով, որ փորձի փոխանակումը հավանաբար ռինգից հեռանալուց հետո կլինի: «Ես որոշել եմ ևս երկու տարի մենամարտել, իսկ 35 տարեկանից հետո կդադարեմ ռինգ դուրս գալ: Կարծում եմ' կարևորը ճիշտ ժամանակին հեռանալն է»,- նշեց մարզիկը, ով ռինգը թողնելուց հետո դարձյալ Հայաստանում և Գերմանիայում կլինի:
Խոսելով այլևս նոկ-աուդներով հաղթանակ չունենալու մասին' մարզիկն ասաց. «Նախկինում շատ էի պաշտպանվում ու փորձում էի նոկ-աուդի վրա գնալ, բայց այս քաշային կարգում' ելնելով իմ փորձից, հասկացա, որ այդպես անելը շատ սխալ է. այժմ փորձում եմ միավորների միջոցով հաղթել: Ավելի լավ է նրանց խաբելով հաղթել, ոչ թե սպասել այդ մեկ հարվածին»:
Շարունակությունը՝ այստեղ: