-Դուք արդեն հայտնի հաղորդավարուհի և դերասանուհի եք: Դժվար չէ՞ համատեղել այդ երկու աշխատանքը:

- Երբեք ոչինչ բարդություն չէ, եթե ցանկանում ես, այսինքն, երբ սիրում ես: Երկուսն էլ կապված են իմ մասնագիտության' դերասանության հետ, որովհետև հաղորդավարուհին պետք է լինի նաև դերասանուհի, ունենա լավ խոսք, իսկ բեմական խոսք մենք' դեռևս թատրոնի պետական ինստիտուտում անցել ենք. ես սովորել եմ մեծն վարպետի' Սոս Սարգսյանի արվեստանոցում, այդ իսկ պատճառով ամեն ինչ համահունչ է գնում: Ժամանակն է դժվար համադրել, ինչն էլ, փա՛ռք Աստծո, կարողանում եմ, քանի որ աշխատանքս նույն հեռուստաընկերության հետ է կապված:

 

-Դերասանուհի դառնալը Ձեր մանկության երազանքն է եղել, թե այն ժամանակ բոլորովին այլ մասնագիտության մասին եք երազել:

-Ո՛չ, անկասկած մանկության երազանքն է եղել: Դեռ փոքր էի, կարելի է ասել' շատ արտիստիկ էի. բանաստեղծություններ էի արտասանում, երգում էի, պարում էի: Այն, որ պետք է դառնայի բեմի մարդ, դա հստակ էր: Ես ասում էի, որ պետք է դառնամ կամ երգչուհի, կամ պարուհի, կամ դաշնակահարուհի:

 

-Հաճախե՞լ եք երաժշտական դպրոց:

-Հետաքրքիրն այն է, որ մայրս դաշնամուրի ուսուցչուհի էր, անգամ տանը աշակերտներ ուներ, բայց, ցավոք, ինձ հետ զբաղվելու ժամանակ չէր գտնում: Ասում էի' մա՛մ ջան, ինձ հետ էլ կպարապե՞ս, ասում էր' ես տանն այնքան գործեր ունեմ, բալե՛ս, գնա՛, նոտաներն ինքնուրույն սովորի՛ր: Եվ այդպես' ես իր բոլոր աշակերտների նվագածները լսողությամբ կարողանում էի վերարտադրել և նվագել առանց նոտա իմանալու: Շատ եմ սիրում երաժշտություն, ունեմ կիթառ, նվագում եմ, նոտա դարձյալ չգիտեմ, բայց լսում եմ մեր կիթառահարների նվագածները և փորձում եմ կրկնօրինակել:

Susik2

 

-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք դառնալ նաև հաղորդավարուհի:

-Նախ նշեմ, որ չեմ որոշել և անգամ չէի մտածում, որ նման բան կլինի: Առաջարկը արվեց «Շանթ» հեռուստաընկերության կողմից, և երբ առաջարկեցին վարել առավոտյան ծրագիրը, սկզբում զարմացա, քանի որ գտնում եմ, որ դրա համար առանձին հաղորդավարական կուրսեր է պետք անցնել: Ես վստահ չէի ինձ վրա, սակայն երբ նշեցին, որ դա պետք է լինի դերասանուհի, ով ընդունել է հաղորդավարի կերպար, այսինքն' Անահիտ Կիրակոսյան անձը չի փոխվելու, ես համաձայնվեցի:

 

-Սերիալում նկարահանվելուց հետո Ձեզ սկսեցին ճանաչել' որպես Սուսիկ: Հաճա՞խ են փողոցում Ձեզ ճանաչողները դիմում Սուսիկ անունով:

-Այո՛, շա՜տ-շա՜տ: Շատ դեպքերում ասում են. «Կներես էլի. անունդ իրականում չգիտեմ, Սուսիկ ասեմ, չե՞ս նեղանա»: Քանի որ «Բանակում», հիմա արդեն «Քաղաքում» հեռուստասերիալը շատ հայտնի է և հասանելի շատ մարդկանց, ովքեր դիտում են, նրանց համար մենք մնում ենք այդ անուններով: Սակայն հաղորադավարությունն ինձ օգնեց. երբ ես ներկայացա' որպես Անահիտ Կիրակոսյան, արդեն շատերը հասկացան, որ Սուսիկն է, բայց անունը Անահիտ է:

 

-Բազմաթիվ հարցազրույցների ժամանակ նշել եք, որ Ձեր ամուսինը դեմ չէ Ձեր մասնագիտությանը, և Դուք' որպես մայր, որպես կին միշտ ժամանակ գտնում եք տանը լինելու և ժամանակն ընտանիքի հետ անցկացնելու համար:

-Կարծում եմ' ոչ մի ամուսին երջանիկ չէր լինի, եթե իր կինը ոչինչ չհասցներ, այդ դեպքում ես հաստատ մի բանից կհրաժարվեի: Այդ իսկ պատճառով ամեն ինչ հասցնում եմ, որովհետև շատ եմ ցանկանում: Իհարկե, կան գործեր, որ ուրիշ տնային տնտեսուհին կարող է անել ցերեկը, ես դա անում եմ գիշերով: Բայց փորձում եմ ամեն ինչ համադրել:

Susik3

 

-Ձեր փոքրիկը ձգտում ո՞ւնի դեպի կինոն կամ թատրոնը:

-Փոքրիկս այնքան փոքր է, դեռ տաս ամսեկան էլ չկա, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, թե ինչ ընտրություն կանի: Եթե ինձ հարցնեին, ես չէի ցանկանա, որ դառնար դերասան: Ավելի լուրջ մասնագիտության մեջ եմ պատկերացնում նրան, եթե անգամ որոշի դառնալ դերասան, ես չեմ խանգարի նրան. ամեն մարդ պետք է ինքն ընտրի' ինչով զբաղվել:

 

-Կա՞ որևէ մասնագիտություն, որ շատ կցանկանայիք Ձեր փոքրիկն ընտրեր:

-Մասնագիտություն չգիտեմ, բայց անպայման շախմատի դասընթացների եմ տանելու նրան, որովհետև կարծում եմ' չկա անխելք շախմատիստ. խելացի մարդիկ են շախմատիստները:

 

-Եթե Դուք կանգնած լինեիք ընտրության առջև' թատրոն կամ կինո, ո՞րը կընտրեիք:

- Ավարտելով թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը' ստանում էինք և՛ կինոյի, և՛ թատրոնի դերասան որակավորում: Ես չեմ կարող նման ընտրություն կատարել, քանի որ երկուսն էլ իմ մասնագիտությունն է:

 

-Իսկ եթե ընտրությունը լիներ այսպիսին' դերասանուհի կամ հաղորդավարուհի, այդ դեպքում ինչպիսի՞ն կլիներ Ձեր ընտրությունը:

-Երևի պետք է նույն կերպ պատասխանեմ, որովհետև բոլորն իրար հետ առնչվում են: Չեմ ընտրի մեկը: Եթե կարողանում եմ համադրել, ապա ինչո՞ւ ընտրել: Փա՜ռք Աստծո, որ նման ընտրություն դրված չէ իմ առջև:

 

-Այլ առաջարկներ չե՞ք ստացել մյուս հեռուստաընկերություններից:
-Առաջարկներ շատ են լինում: Դա, իհարկե, ինձ համար ուրախալի փաստ է, սակայն իմ հիմքը եղել է «Շանթ» հեռուստաընկերության շնորհիվ, ես չեմ մոռանում երբեք իմ արմատները և այն մարդկանց, որոնց միջոցով ես կարողացել եմ դառնալ հայտնի, որովհետև, եթե ժամանակին չլիներ «Բանակում»-ը, չլիներ Սուսիկը, չէին լինի այլ առաջարկներ: Ի՞նչ կլինի հետագայում, չեմ կարող ասել, քանի որ կյանքը բարդ բան է, գուցե ես վաղը չլինեմ:

Susik1

 

-Իսկ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ չե՞ն եղել: Հնարավո՞ր է, որ Ձեզ այսուհետև տեսնենք արդեն գեղարվեստական ֆիմերում:

-Առաջարկներ եղել են, անգամ նկարահանվել եմ: «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմում եմ նկարահանվել, որովհետև իմ պայմանագիրն այնպիսին է, որ ես իրավունք ունեմ' որպես դերասանուհի գեղարվեստական ֆիլմում նկարահանվել: Հիմա առաջարկ ունեմ գլխավոր դերի համար, սակայն' ի՞նչ ֆիլմ է, որտե՞ղ է, առայժմ չեմ կարող ասել: Շատ դերասանների կողմից եմ լսել, որ կինոն ուրիշ է, սերիալները հիմարություններ են, սակայն ես նման կարծիք չունեմ: Ես կշարունակեմ սերիալներում նկարահանվել, եթե առաջարկներ լինեն:

 

-Դուք մասնակցում եք «Դուետ» նախագծին, ինչպիսի՞ զգացողություններ ունեք: Ի՞նչ է տալիս այս նախագիծը Ձեզ:

-Նախագիծն ինձ շատ դրական լիցքեր է հաղորդում, վերջապես կատարվեց իմ երազանքը. ինչպես նշեցի փոքր ժամանակ երազել եմ նաև երգել: Նախագծը կարծես մրցույթ չլինի, այլ ընդամենը շոու է: Շատ ուրախ եմ, որ Կիմն է իմ զույգը, նա ինձ շատ է օգնում, միասին ենք աշխատում:

 

-Ի՞նչն է Ձեզ հատկապես դուր գալիս նախագծում:
-Ինձ դուր է գալիս այն, որ յուրաքանչյուր գալլա համերգի ժամանակ կարողանում ենք ներկայանալ նորովի, միշտ նույն տեղում չես դոփում: Ինձ դուր է գալիս այն կազմը, որն ընտրված է. նրանք պրոֆեսիոնալ են, սիրով են աշխատում, շատ տաղանդավոր են:

 

-Նախագծից հետո հնարավո՞ր է սկսեք երգել:
-Ես սիրում եմ, որ ամեն մարդ զբաղվում է իր գործով: Քանի որ ես մասնագետ չեմ, դժվար թե նախագծից անմիջապես հետո սկսեմ երգել: Այն, որ ես սիրում եմ երգել և անընդմեջ երգում եմ, դա պարզ է, բայց եթե ես մի օր որոշեմ երգել, ապա անպայման պետք է ստանամ կրթություն:

 

-Ձեր ամուսինն իրավաբան է, հաճա՞խ եք դիմում նրան որևէ հարցով:

-Ո՛չ, որովհետև դեռևս չունեմ իրավաբանական խնդիրներ, բայց, ընդհանրապես, որպես խելացի մարդ, որպես հասուն մարդ' շատ հաճախ նրան դիմում եմ. ցանկացած պարագայում ես նրա հետ անպայման իմ կյանքի յուրաքանչյուր փուլը քննարկում եմ, խորհուրդ եմ հարցնում, համոզված եմ, որ նա կտա խելացի խորհուրդ:

 

-Կա՞ն սահմաններ, որոնցից այն կողմ երբեք չեք անցնի:
-Իհարկե, կան սահմաններ, որ ես իմ առջև դրել եմ և կապ չունի' ես ամուսնացած եմ կամ ամուսնացած չեմ: Դա իմ տեսակի հետ է կապված, բայց մինչ ամուսնությունն էլ, ամուսնությունից հետո էլ կան դերեր, որ ես չեմ խաղա, տեսարաններ, որոնց մեջ չեմ նկարահանվի:

 

-Կա՞ որևէ կարգախոս, որով Դուք առաջնորդվում եք:
-Երևի: «Երբեք չզղջալ նրա համար, ինչ եղել է, միշտ նայել առաջ և գնահատել յուրաքանչյուր վայրկյանը»:

 

Հարցազրույցը' Tatron.info-ից