Շատ ծնողներ վախի զգացողություն են ունենում, երբ իրենց փոքր երեխան խաղահրապարակից փոքր-ինչ հեռանում է կամ սուպերմարկետ գնալիս հանկարծ անհետանում: Ձայնային ժամացույցների և փոքր սարքավորումների տեսքով նոր տեխնոլոգիաները կօգնեն ցրել այդ տեսակի անհանգստությունները՝ հետևելով երեխաներին, որոնք շատ փոքր են սմարթֆոն ունենալու համար, գրում է The New York Times-ը:

 

Նոր սարքավորումներն օգտագործում են GPS, Wi-Fi և տեղադրությունը պարզելու այլ տեխնոլոգիաներ և կարող են կապվել ծնողների հեռախոսների վրա ծրագրային հավելումներին:

 

Դրանցից մեկը՝ Filip Technologies-ի ժամացույցը, որը կթողարկվի ավելի ուշ այս տարի, հետևում է երեխայի գտնվելու վայրի կոորդինատներին և թույլ է տալիս ձայնային զանգեր ունենալ մինչև հինգ անձանցից, որոնք նման իրավունք են ստացել ծնողների կողմից:

 

Ժամացույցը նաև խուճապի հատուկ դեպքերի համար նախատեսված կարմիր կոճակ ունի, որը երեխաները կարող են սեղմել, եթե, օրինակ, նրանք հանկարծակի կորում են ամբոխի մեջ: Այդ ժամանակ ժամացույցը սկսում է զանգել կապ հաստատելու իրավունք ունեցող մարդկանցից յուրաքանչյուրին, մինչև նրանցից մեկը կպատասխանի:

 

Մեկ ուրիշ նման սարքը փոքր Trax-ն է. այս տեղորոշիչը (թրեքերը) հարմար է այն դեպքերի համար, երբ երեխան խաղալիս է լինում այգում, և ծնողները հանկարծ տեսնում են, որ նա անհետացել է:

 

Սարքը վաճառքի դուրս կգա այս ամիս և կարժենա 249 դոլար: Ծնողներն այս սարքի միջոցով կարողանում են էլեկտրոնային դարպասներ ստեղծել, որի շրջակայքում երեխաները կարող են ազատ զբոսնել: