Արմատներով հայ «Ամերիկուհին». Միքայել Պողոսյանը՝ նոր կատակերգության մասին (բացառիկ ֆոտոշարք)
Ամերիկուհին ինչ-ինչ պատճառներով հայտնվում է Հայաստանում' ոչինչ չիմանալով մեր երկրի մասին: Որոշ ժամանակ անց նա սկսում է խոսել հայերեն, դառնում նաև Հայաստանի քաղաքացի: Աշխատանքային անվանումով «Ամերիկուհին» ֆիլմի նկարահանումներն արդեն սկսված են: Ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, սցենարի համահեղինակները' Վիգեն Ստեփանյանը և Միքայել Պողոսյանը, ով նաև ֆիլմի պրոդյուսերն է ու գլխավոր դերակատարը: Life.panorama.am-ը զրուցել է Միքայել Պողոսյանի հետ:
-Պարոն Պողոսյան կներկայացնե՞ք, թե ինչի մասին է ֆիլմը:
-Ֆիլմը պատմում է մի աղջկա մասին, ով ապրում է Ամերիկայում: Նա արմատներով հայ է, բայց նույնիսկ չգիտի, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ խնդիրներ լուծելու նկատառումներով ճարահատյալ հայտնում է Հայաստանում, իսկ մենք էլ փորձում ենք իրեն վերադարձնել իր արմատներին: Այդ ընթացքում տարբեր պատմություններ են տեղի ունենում, որից հետո նա դառնում է Հայաստանի բնակիչ: Լիրիկական կոմեդիա է: Ֆիլմի երևանյան շրջանի նկարահանումների 70 տոկոսն արդեն արված են, հունվար-փետրվարին նկարահանումները կշարունակվեն արդեն Ամերիկայում: Գլխավոր դերակատարուհին Նյու Յորքից է: Ամբողջ ֆիլմում նա խոսում է անգլերեն, իսկ վերջում սկսում է հայերեն խոսել: Իրականում այս մեկ ամսվա ընթացքում նա սկսեց բավականին լավ հայերեն խոսել:
-Ինչո՞ւ որոշեցիք հենց նման թեմայով ֆիլմ նկարահանել:
-Ըստ իս, ակտուալ թեմա է, քանի որ արտերկրում հաճախ հանդիպում եմ երիտասարդների, ովքեր գաղափար չունեն, թե որտեղ է Հայաստանը, ինչ դարդ ու ցավ ունեն հայերը, ինչ բան է հայ լինել, ծանոթ չեն Հայաստանի պատմությանը: Այս թեման պետք էր բարձրացնել և կարևոր է:
-Այսինքն կարո՞ղ ենք ֆիլմը նաև հայությանը Հայաստան վերադարձնելու կոչ համարել:
-Կարող եք:
-Ֆիլմն ավելի շատ ո՞ւմ է ուղղված' հայաստանցի հանդիսատեսին, թե Հայաստանից դուրս բնակվող հայերին:
-Ընդհանրապես, փորձում ենք այնպիսի ֆիլմ նկարահանել, որ ուղղված լինի բոլորին:ծ
-Պարոն Պողոսյան այսօր բավականին դժվար է ֆիլմ նկարահանելը նախևառաջ ֆինանսական խնդիրների պատճառով: Որպես ֆիլմի պրոդյուսեր, ինչպե՞ս եք կարողանում լուծել այդ խնդիրը:
-Մշակույթի նախարարությունը պետք է գումար հատկացնի, բայց հաջորդ տարի: Ֆիլմը «Արմենիա Թի-Վի»-ի հետ համատեղ ենք նկարահանում: Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր մեզ աջակցել են: Ֆիլմի նկարահանումները չէինք կարող սկսել, եթե չլիներ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ցուցաբերած աջակցությունը: Մեծ աջակցություն է ցուցաբերել Արթուր Ջանիբեկյանը, ինչ-որ չափով «Կիլիկիան» է օգնել: Հուսանք, ֆիլմը գարնանը պատրաստ կլինի: