Դերասանուհի Արմինե Պողոսյանի և գործարար Խաչիկ Թիթիզյանի նշանադրության մասին ESem.am-ը տեղեկացրել է: Օգոստոսի 7-ին նշանադրված դերասանուհին մեզ պատմել է վերջերս ԱՄՆ մեկնելու, ինչպես նաև ամռանը կայանալիք հարսանիքի մասին:

Արմինեն օրեր առաջ է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ բացի ներկայացումներով հանդես գալը, հանդիպել է նաև սիրելիին ու շփվել նրա երեխաների հետ: Դերասանուհին առաջին անգամ է եղել ԱՄՆ-ում, ուր մեկնել էր Համազգային թատրոնի դերասանների հետ՝ մասնակցելու Համազգային կրթամշակութային միության 85-ամյակին նվիրված փառատոնին: Արմինեի խոսքերով' ԱՄՆ-ում անցկացրած օրերի ընթացքում հանդես են եկել տասը ներկայացմամբ: «Այնտեղ լավ ընդունելության արժանացանք. շատերն ասացին, որ քսան տարիների ընթացքում նման ներկայացումներ չէին տեսել»,- մեծ ուրախությամբ նշեց Արմինեն, ում սիրելին արդեն քսան տարի ԱՄՆ-ում է բնակվում: «Մինչ ԱՄՆ տեղափոխվելը Խաչիկը Կանադայում է ապրել. ծնվել է Սիրայում,- նշանածի մասին խոսելիս' ասաց դերասանուհին և հավելեց,-Հայաստանի հետ Խաչիկը կապ չի ունեցել, միայն վերջին տարիներին է եկել-գնացել»:

Դերասանուհու փոխանցմամբ' հյուրախաղերի ընթացքում ծանոթացել է Խաչիկի ընտանիքի անդամների հետ և միասին շրջել են ԱՄՆ-ում, ծանոթացել տեսարժան վայրերին: Արմինեին ամենաշատը տպավորել է Յունիվերսալ սիթին. «Այն միանգամայն այլ աշխարհ էր, որն ամենաշատը գերեց ու տպավորեց ինձ»:

Արմինեից տեղեկացանք, որ ապագա ամուսինը նրանից մեծ է 27 տարով, ինչը, սակայն, չի խանգարել իրեն ընտրություն կատարելիս. «Ոչ մի խոչընդոտ չկա: Ինքս եմ ընտրել, երջանիկ եմ ու չեմ փոշմանել»:

Արմինեն մեծ ոգևորությամբ խոսեց նաև իրենց հարսանիքի մասին, նշելով, որ այն հավանաբար ամռանը կկայանա: «Որոշել ենք հաջորդ տարի ամռանն անել, որպեսզի Խաչիկի երեխաները ևս ԱՄՆ-ից կարողանան գալ ու ներկա լինել»,-հայտնեց Արմինեն, ում խոսքերով' Խաչիկի օվկիանոսից այն կողմ լինելու փաստը հաղթահարում են հեռախոսով կամ սկայպով շփվելով: «Դժվար է, բայց կարողանում ենք հարմարվել, քանի որ յուրաքանչյուրս մեր աշխատանքն ունենք»,-ասաց դերասանուհին և փոխանցեց, որ հարսանիքից հետո իրենք Հայաստանում են բնակվելու. սիրելին էլ այս տարի Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Անդրադառնալով ամուսնու գործունեությանը՝ Արմինեն նշեց, որ նա ԱՄՆ-ում գորգի խանութ և արտադրամաս ունի:

 

Երջանկություն մաղթեց Արևիկ Իսաջանյանը