Դպրոցական հուշեր… սրանք յուրօրինակ են ոչ միայն աշակերտական հետաքրքիր պատմություններով, այլև մեր առաջին սիրահարվածությամբ, սրտի թրթիռով :) Առաջին սեր… Այս անգամ որոշել ենք թափանցել հայտնիների հոգու խորքերն ու նրանց ստիպել վերհիշել իրենց առաջին սիրուն :)
Անաիս Սարդարյան. «Մինչև հիմա փնտրում եմ նրան…»
Դերասանուհի Անաիս Սարդարյանի հավաստմամբ' դպրոցում ինքը հեշտ սիրահարվողներից չի եղել: Դերասանուհին առաջին դասարանում սովորել է Մոսկվայի հայկական դպրոցում, որտեղ էլ հանդիպել է իր առաջին սիրուն: «Այդ տղայի անունը Կարլեն էր: Ի դեպ, մինչև հիմա հետաքրքրությունից դրդված փնտրում եմ նրան, սակայն ազգանունը չեմ հիշում և չեմ կարողանում գտնել: Հետաքրքիր է' կկարդա՞ այս նյութը,- ծիծաղելով ասաց Անաիսն ու հիշեց, որ համադասարանցին միշտ կոստյումով ու «բաբոչկայով» էր դպրոց գալիս: -Իմ ու իր համար միշտ կոնֆետներ էր բերում, իսկ երբ ճաշարան էինք գնում, ինքն իր պայուսակից բացի նաև իմն էր տանում, իսկ ես հանգիստ գնում էի :) Դա շատ է տպավորվել մեջս, քանի որ առաջին սերս էր»: Անաիսի փոխանցմամբ' այդ սերը մոտ մեկ տարվա կյանք է ունեցել, քանի որ ինքն իր ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան, ու բոլոր կապերը խզվել են:
Դերասանուհին մի անգամ էլ տասնչորս տարեկանում է սիրահարվել, ավելի ճիշտ' հրապուրվել իր ընկերուհու եղբորով: «Ոչ թե սիրահարվել էի, այլ ինքն ինձ համար իդեալ էր: Ես եղբայր չունեի, ինքն էլ խիստ եղբայր էր ընկերուհուս համար, և իդեալականացրել էի նրան: Իհարկե, հիմա հիշում ու ծիծաղում եմ»,- հավաստիացրեց նա: Անաիսի փոխանցմամբ' դպրոցում իրեն հաճախ են սիրահարվել, քանի որ շատ ակտիվ է եղել, սակայն ինքն անտեսում էր բոլորին: «Երբ իմանում էի, որ ինչ-որ մեկն ինձ է սիրահարված, սկսում էի անտեսել նրան, կողքով անցնելիս չնայել: Չգիտեմ ինչու' վախ էր առաջանում մեջս,- ասաց Անաիսն ու ընդգծեց, որ տասը տարի առաջ, երբ ինքն էր դպրոցական, հարաբերություններն ու զգացմունքներն ավելի մաքուր էին: -Մեր տարիներին այնքան անմեղության կար. մենք հոնքերը չէինք հանում, չէինք շպարվում: Մեր դասարանում մի տղա կար, ով տասը տարի ինձ սիրել էր: Ավարտական երեկոյի շուրջպարին կողքիս էր, ու ինքն էր ձեռքս բռնել: Դրանից հետո մի քանի ամիս շարունակ նա համառորեն գալիս էր մեր բակ ու ասում, որ չի հավատում, որ ես իրեն չեմ սիրում: Ես չէի հասկանում' ինչու չի հավատում, բայց անցավ մի քանի ամիս, և իր ընկերուհին ինձ ասաց. ՙԲա որ չէիր սիրում, ինչու՞ էիր ձեռքը բռնել»: Ուզում եմ ասել, որ այն ժամանակ այդ աստիճան անմեղություն կար, որ ձեռք բռնելը սիրո նշան էր»:
Շարունակությունը` այստեղ: