Վերջապես հայտնի դարձավ EMPYRAY ռոք խմբի նոր երգչի անունը: ԱՄՆ մեկնած Սարգիս Մանուկյանին այսուհետ կփոխարինի Եվա Սուջյանը: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց խմբի կիթառահար, երգերի հեղինակ Կարեն Արզումանյանը:
Նա նշեց, որ խումբը սկսել է նախապատրաստել նոր համերգային ծրագիր, ինչպես նաև նոր ձայնասկավառակ, որում ընդգրկված կլինեն ինչպես հայտնի ու սիրված, այնպես էլ նոր երգեր:
Խմբի նախկին մենակատար Սարգիս Մանուկյանի՝ ԱՄՆ-մեկնելու փաստը, Արզումանյանի փոխանցմամբ, պայմանավորած է անձնական պատճառներով: «Մեր միջև որևէ կոնֆլիկտ չի եղել՝ ոչ պրոֆեսիոնալ, ոչ էլ մարդկային: Ավելին՝ մենք ոչ միայն լավ ընկերներ, այլև բարեկամներ ենք, քանի որ Սարգիսը մեր երեխաների կնքահայրն է: Մենք անընդհատ կապի մեջ ենք Սարգսի հետ , և նա կխոսի իր մեկնելու պատճառների մասին, երբ հարմար գտնի»,- Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Արզումանյանը:
Կիթառահարի փոխանցմամբ, Եվա Սուջյանի ընտրությունը պայմանավորված է նրա բարձր պրոֆեսիոնալիզմով ու ռոք երաժշտության ոլորտում ունեցած աշխատանքային փորձով:
Նշենք, որ Կարեն Արզումանյանը EMPYRAY ռոքի խմբի դաշնակահար, երգահան Գիսանե Պալյանի ամուսինն է: