Ամերիկյան բասկետբոլի նախկին աստղ Դենիս Ռոդմանը, ով աշխարհի ամենափակ պետություններից մեկի՝ Հյուսիսային Կորեայի երիտասարդ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ բավական մտերիմ հարաբերությունների մեջ է, պատմել է վերջինիս շքեղ կենսակերպի մասին։
Ինչպես նշում է The Telegraph-ը, Ռոդմանի խոսքով՝ հյուսիսկորեացի բռնապետը «7 աստղանի» կյանք է վարում՝ սեփական կղզում և լյուքս դասի զբոսանավերում մշտապես կոկտեյլային խնջույքներ կազմակերպելով։ Նա ընդգծել է, որ Կիմն օգտագործում է բացառապես լյուքսային ու ամենաթանկ ապրանքները՝ սկսած մթերքներից, խմիչքներից մինչև տեխնիկա։
«Նա կղզում ապրում է միայնակ. այն նման է Հավայան կղզիներին կամ էլ Իբիցային։ Կիմին մշտապես շրջապատում է 50-60 մարդ»,-ասել է 52-ամյա բասկետբոլիստը՝ հավելելով, որ Կիմը բոլորի պես սովորական մարդ է, ով սիրում է իրեն շրջապատել ուրախ ու երջանիկ մարդկանցով։
The Sun-ի հետ զրույցում Ռոդմանը հիշեցրել է, որ ինքն ու Կիմը լավ ընկերներ են և որ վերջին անգամ տեսնվել են այս սեպտեմբերին։ Chicago Bulls-ի նախկին աստղը 7 օր է անցկացրել բռնապետի սեփական կղզում, զվարճացել նրա 61 մետրանոց զբոսանավում։
Մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ միայն 2012թ. Հս. Կորեայի իշխող ռեժիմը 645.8 մլն դոլար է ծախսել լյուքսային ապրանքների գնման վրա։ Մինչդեռ ՄԱԿ-ը հոկտեմբերին ահազանգել է, որ 2.8 մլն հյուսիսկորեացի տառապում է քրոնիկ թերսնուցումից։