1. Ամեն օր, երբ շտապում եմ աշխատանքի, որպես կանոն, ժամանակը չի բավականացնում ամբողջական գեղեցիկ դիմահարդարման համար։ Ի վերջո այդպես էլ ոչինչ չեմ անում:
Բնականաբար, ամեն օր պարտադիր չէ տեղը-տեղին դիմահարդարում անել: Եթե շտապում ես, օգտագործիր կա՛մ մուգ շրթներկ, կա՛մ վառ կարմրաներկ, կամ էլ աչքերիդ արտահայտիչ սլաքներ արա:
2. Իմ թարթիչները չափազանց ուղիղ են աճում, իսկ ես սիրում եմ, երբ դրանք գեղեցիկ թեքված են դեպի վեր: Թարթիչները կլորացնող սարքն ինձ չի օգնում։ Ի՞նչ խորհուրդ կտաք:
Այդ դեպքում քեզ կօգնի ջրակայուն տուշը: Թարթիչներդ կլորացնելուց անմիջապես հետո սովորական տուշի փոխարեն քսիր ջրակայուն տուշ. վերջինիս բանաձևը թույլ չի տա, որ թարթիչներդ կորցնեն իրենց նոր ձևը ողջ օրվա ընթացքում:
3. Արդյո՞ք հալվեն (ալոե) հարմար է մաշկի բոլոր տեսակների համար:
Հալվեն շատ ու շատ աղջիկների beauty հերոսն է: Հալվեի գելը հրաշալի բազա է, որը կարող ես օգտագործել անմիջապես դիմահարդարումից առաջ: Դրանից հետո մաշկը ո՛չ չոր է, ո՛չ էլ չափազանց յուղոտ: Փաստորեն, այն խոնավացուցչի դեր է կատարում և ամենակարևորը՝ հարմար է մաշկի բոլոր տեսակներին:
4. Ես հիմնականում աչքերս ընդգծելու համար մատիտ եմ օգտագործում, բայց այն օրվա ընթացքում մաքրվում է: Ինչպե՞ս կարող եմ պայքարել դրա դեմ:
Որպեսզի աչքերի մատիտը շուտ չմաքրվի, վերցրու ստվերափոշիների համար նախատեսված վրձիններից ամենակարճը և, թաթախելով այն նույն երանգի ստվերափոշու մեջ, թեթևակի անցիր սլաքների վրայով:
5. Վերջերս շատ եմ լսում արևապաշտպան քսուքների մասին։ Դրանք անհրաժեշտ են նաև ձմռա՞նը:
Այո՛, դրանք իսկապես անհրաժեշտ են թե՛ ամռանը, թե՛ ձմռանը, հատկապես՝ Հայաստանի նման երկրում, որտեղ արևը չափազանց բարկ է: Բայց չպետք է մոռանալ, որ շատ ավելի կարևոր է, որ մաշկը շնչի։ Այդ պատճառով մի՛ մոռացիր տուն վերադառնալուց հետո դեմքից մաքրել դիմահարդարումը: