Նարցիսիզմը հոգեբանական խնդիր է, որի արմատները թաքնված են սեռական գիտակցության խորքերում, և դրսևորվում է սեփական մարմնի կամ կերպարի կատարելության գիտակցմամբ: Իրականում այս բարդույթը կարող է հանդիպել մեզանից յուրաքանչյուրի մոտ: Դեռևս հին ժամանակներից հունական դիցաբանությունն անդրադարձել է նարցիսիզմին: Ժամանակին ապրում էր Նարկիսոս (Նարցիս) անունով մի գեղեցիկ, բարեկազմ երիտասարդ, որը գետի աստված Կեփիսոսի և հավերժահարս Լավրիոնեի որդին էր: Նա այնքան ինքնահավան էր, որ մերժում էր բոլորի, նույնիսկ' հավերժահարսների սերը: Սիրո աստվածուհի Աֆրոդիտեն իր շնորհները չընդունելու և ժխտելու պատճառով նրան պատժում է: Հավերժահարսներից մեկն էլ ցանկանում է, որպեսզի Նարկիսոսը սիրահարվի այնպես, ինչպես իրենք են սիրահարվել նրան, և սիրի անպատասխան սիրով: Մի անգամ, երբ Նարկիսոսն անտառում որս անելիս մոլորվում է և մարդ է փնտրում, որի միջոցով կարողանա դուրս գալ այդ վիճակից, նրան մոտենում է սիրահարված արձագանքը՝ Էքոն, որն արդեն պատժված էր Հերա աստվածուհու կողմից՝ զրկվելով խոսելու ունակությունից: Նա մոտենում է Նարկիսոսին և սեր խոստովանում, սակայն Նարկիսոսը պատասխանում է. «Ավելի լավ է մեռնել, քան սիրել քեզ նման մեկին»: Երբ տեսնում է իր արտացոլանքը զուլալ ջրի մեջ, սիրահարվում է իր իսկ արտապատկերին: Փորձում է մոտենալ դրան, բայց չի կարողանում հասնել: Եվ երբ հանկարծ գիտակցում է, որ սիրահարվել է ինքն իրեն, սկսվում են տառապանքն ու տվայտանքները: Ի վերջո, Նարկիսոսը մահանում է սեփական անձի նկատմամբ սիրուց: Հավերժահարսները շիրիմ կառուցելու ժամանակ տեսնում են, որ կանաչ խոտերի մեջ նրա դիակի փոխարեն գեղեցիկ ծաղիկ է աճել, մահվան ծաղիկ՝ նարցիս (նարգիզ): - Առասպելը սեփական անձի նկատմամբ սիրո մասին է,- նշում է հոգեբան Քրիստինա Ավետիսյանը,- նարցիսիզմով տառապողները մշտապես բարձրաձայնում են իրենց առավելությունների և կարևորության մասին, սիրում են նաև նկարահանել կամ լուսանկարել սեփական արտաքինը: Կ. Գ. Յունգը պաթոլոգիական նարցիսիզմը համարում էր չարորակ ուռուցք, իսկ հոգեվերլուծության նախահայր Զիգմունդ Ֆրոյդը տարանջատում էր երկու տեսակ՝ առաջնային և երկրորդային նարցիսիզմ: Առաջնայինը բնականոն զարգացման փուլ է, վաղ մանկության տարիներին, երբ երեխային թվում է, թե ամբողջ աշխարհը պտտվում է իր շուրջ, իսկ երկրորդայինը վտանգավոր է: Ֆրոյդն այսպես է վերլուծում. երբ լիբիդոն, սեռական էներգիան, սեփական անձից պետք է բնական հունով ուղղվի օբյեկտին' դիմացինին, նա որպես օբյեկտ ընտրում է սեփական անձը: Նարցիսիզմն առաջ է գալիս սեռական հասունացման պրոցեսում' ճգնաժամի պատճառով: Այդ եսասեր մարդիկ երբեք չեն մտերմանում ուրիշների հետ, չեն հաշտվում այլոց ինքնության հետ և հեշտությամբ կարող են հրաժարվել նույնիսկ ամենահարազատ մարդկանցից: Նարցիսները մշտապես կատարելության փնտրտուքների մեջ են, որովհետև կարծում են, թե իրենք արժանի են գերագույնին, իսկ այլոց կարծիքը համարում են թերի ու անկատար: Ցավոք, նարցիսները միշտ մենակ են անցնում իրենց կյանքն ու իրականում չափազանց դժբախտ են: «Որո՞նք են նարցիսիզմի պատճառները» հարցին տիկին Ավետիսյանը պատասխանում է. - Բազմաթիվ են, սակայն սկզբնաղբյուրը ընտանիքն է, այն ինստիտուտը, որը պատասխանատու է երեխայի դաստիարակման համար: Այսօր մեր հայ իրականության մեջ նարցիսիզմը գերակշռում է տղամարդկանց մոտ, քանի որ մայրերն առանձնահատուկ ուշադրություն և հոգատարություն են ցուցաբերում արու զավակների նկատմամբ: Իհարկե, չենք խոսում բացառությունների մասին, երբ աղջիկներն են ուշադրության կենտրոնում՝ որոշակի խնդիրներ ունենալու պատճառով: Արու երեխայի նկատմամբ առանձնահատուկ ուշադրությունը բացատրվում է նաև պատերազմների պատճառով, որոնց հետևանքով շատ երիտասարդներ ենք կորցրել: Ուստի տղամարդիկ իրենցից արժեք են ներկայացնում, ինչը նկատելի է նաև նրանց դիրքորոշումից. իրենց ավելի բարձր են դասում, քան կանանց: Կ. Ավետիսյանի համոզմամբ' գերհոգատարության պատճառով երեխան դառնում է մանկամիտ (ինֆանտիլ) և լիարժեք չի զարգանում, քանի որ սովոր է, որ միշտ իր փոխարեն ինչ-որ մեկը գործի, և հետագայում չի կարողանում ինքնուրույն հաղթահարել խոչընդոտները: - Եթե դժբախտաբար նրանց մասին հոգ տանողները հեռանում են նրանց կյանքից, նրանք ապակողմնորոշվում են: Նարցիսիզմի մեկ այլ պատճառ կարող է լինել ոչ լիարժեք ընտանիքը, հիմնականում' ամուսնու բացակայության փաստը: Վիրավորանք, որը երեխայի մեջ զարգացնում է մեծամտություն՝ «ես ամենից լավն եմ, իմ նմանը չկա և այլն», որը ոչ այլ ինչ է, եթե ոչ պաշտպանական ռեակցիա, պատնեշ հասարակությունից: Սակայն նրանք իրականում շատ խոցելի են ու վախկոտ: Նարցիսը մեծամիտ է, գոռոզ նույնիսկ հարազատների, ընկերների նկատմամբ և միշտ իրեն վեր է դասում ուրիշներից: Նրան կարելի է նույնիսկ հեռվից նկատել, քանի որ ուշադրություն է հրավիրում իր վրա: Նարցիսը մարդկանց կա՛մ գերագնահատում է, իդեալականացնում, կա՛մ թերագնահատում, արժեզրկում: Ուստի հասուն նարցիսը պարբերաբար խորը հիասթափությունների արդյունք է: Մինչդեռ նորմալ հոգեբանություն ունեցող հասուն մարդիկ ընդունում են իրենց թերություններն ու սահմանափակումները, անհաջողություններն ու պարտությունները: Նարցիսը միշտ կախվածության մեջ է ուրիշներից, որոնց գովասանքները գալիս են ընդգծելու իրենց մեծարգո անձը: Տիկին Ավետիսյանը շարունակում է բացատրել, որ նարցիսիզմի առաջացման մեկ այլ պատճառ է հոգատարության բացակայությունը: Կարծես ամբողջ կյանքի ընթացքում նա վրեժխնդիր է լինում: Նարցիսն ի վիճակի չէ ապրումակցել, սիրել ու հասկանալ դիմացինին: Նա բացի «ես»-ից ոչինչ չունի, նույնիսկ «գերես», որը մեր խիղճն է ու դատավորը: Ըստ մասնագետի՝ նարցիսի զուգընկերոջ համար դաժան կյանք է սկսվում, քանի որ նարցիսը միշտ և անսահման ուշադրության պահանջ ունի: Զուգընկերը նրան պետք է իբրև հայելի, որպեսզի նարցիսն իրեն տեսնի ու հիանա: «Էլ չենք խոսում սեռական շեղումների մասին, երբ սեռական գրգռումն առաջանում է սեփական մարմինը զննելիս կամ դրա արտացոլումը հայելու մեջ նայելիս»,- ասում է նա։ Մասնագետները հավաստիացնում են, որ նարցիսիզմի բուժման նպատակն է հիվանդին օգնել մեծացնելու ապրումակցման ունակությունը, ընդունելու մերժումն ու սխալները, գծելու սեփական հնարավորությունների ավելի իրատեսական հեռանկար' հրաժարվելով անբանական նպատակներից: Սակայն բուժումն իսկական մարտահրավեր է նարցիսի անհատականության համար, որովհետև այդ կերպ նրանց թուլությունները կարող են բացահայտվել: Այնուամենայնիվ, հոգեբանները համոզված են, որ բուժել հնարավոր է, եթե նրանք գիտակցեն, որ իրենց մեջ կա այդ խնդիրը, ինչը խանգարում է լիարժեք կյանքով ապրելուն:
Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ