Դերասան Աբել Աբելյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա բոլորում է 35 տարին: ESem.am-ը շտապեց շնորհավորել Աբելին ու հետաքրքրվել, թե ինչպես է տոնելու ծննդյան օրը:
Մեզ հետ զրույցում դերասանը պատմեց, որ շնորհավորանքները սկսվել են դեռևս գիշերվանից, իսկ առաջին անակնկալը մատուցել է կինը: Ժամը 23:45-ին, երբ Աբելը տուն է վերադարձել, աստիճանների վրա մոմեր են եղել, որոնք տարել են դեպի նրանց տուն: Տանն արդեն նրան դիմավորել են կինը, նրա ընկերուհին ու մեկ տարին դեռ չբոլորած որդին' Էրիկը' տոնական գլխարկներով և տրամադրությամբ, ինչն էլ ուրախացրել է հոբելյարին:
Թեև Աբելի համար հոբելյանական տարեդարձ է, նա չի պատրաստվում այդ կապակցությամբ մեծ տոն կազմակերպել: «Որոշել եմ այսօր ոչինչ չկոնկրետացնել: Որոշել եմ տանից դուրս գալ և օրվա թելադրանքով օրս անցկացնել: Այնպես է ստացվել, որ այսօր ընկերներիցս երեքի հարսանիքն է, երևի չեմ հասցնի երեքին էլ ներկա լինել, սակայն պետք է փորձեմ»,- ասաց Աբելն ու հավելեց, որ այսօր կիրակի է և իր համար աշխատանքային չէ:
Դերասանից տեղեկացանք, որ առանձնապես չի սիրում նշել տարեդարձերը: Աբելի փոխանցմամբ' սիրում է փոքրիկ, սակայն օրիգինալ նվերներ ստանալ: Նա այսօր արդեն ստացել է նվերներ, սակայն ամենաօրիգինալ անակնկալին դեռևս սպասում է:)
ESem.am-ը շնորհավորում է Աբելին և երջանկություն ու ստեղծագործական հաջողություններ մաղթում: