Մեզ դուր է գալիս, երբ տղամարդը քնքուշ ու սիրալիր է մեզ հետ, երբ անակնկալներ է մատուցում... Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ նրանք էլ մեր ուշադրության ու սիրալիր քայլերի կարիքն ունեն։ Հենց այդպես։ Տղամարդիկ բացահայտում են' ինչը կարող է շարժել իրենց սիրտը...
Նրան սիրային նամակ գրիր
Իմ կինը սիրային նամակներ գրելու և թաքուն դրանք իմ գրպաններում դնելու սովորություն ունի: Աշխատանքի բերումով հաճախ եմ ճանապարհորդում, և ինձ համար անասելի հաճելի է հանկարծ «հայտնաբերել» ձեռագրով գրված այդ երկտողերը: Դրանք ինձ ստիպում են տուն վերադառնալ:
Վահե, 33 տ.
Գնիր նրա սիրելի գարեջուրը
Ես ինձ չափազանց շոյված եմ զգում, երբ տեսնում եմ, որ խանութից հատուկ ինձ համար որևէ բան է գնվել: Իսկ եթե դա իմ սիրելի գարեջուրն է, ապա ես... երջանիկ եմ:
Սարգիս, 26 տ.
Օգնիր նրան շոփինգ անելիս
Շատ ընկերներ ունենալը հրաշալի է, սակայն կա մի բան, որն ինձ իսկապես սթրեսի է ենթարկում. նրանց ծննդյան տարեդարձերին նվերներ ընտրելը: Եվ եթե կինն այդ պարագայում գա ինձ օգնության, ես նույնիսկ կերդվեմ, որ նրան ինձ երկինքն է ուղարկել:
Գոռ, 22 տ.
Լսիր նրան, սակայն՝ առանց հարցեր տալու
Ինձ համար կարևոր է, որ կինը լսելու ունակություն ունենա: Երբ որևէ բան է ինձ հուզում կամ երբ նյարդայնացած եմ, ընկերուհիս համբերատար լսում է ինձ և երբեք ավելորդ հարցեր չի տալիս: Շատ եմ գնահատում նրա այդ մոտեցումը. նա հասկանում է, որ ես պարզապես զրուցակցի կարիք ունեմ:
Արմեն, 28 տ.
Տուր նրան... ազատություն
Գիտե՞ք, մեզ դա իսկապես անհրաժեշտ է, այդ «ազատություն» կոչվածը: Դա չի նշանակում, թե մենք պատրաստվում ենք այդ ընթացքում դավաճանել ձեզ կամ «սերիալային սցենարներ» կյանքի կոչել: Ընդամենը մի երեկո' հին ու լավ ընկերների հետ...
Սևակ, 30 տ.
Քնքուշ հաղորդագրություններ ուղարկիր
Աշխատանքային լարված առօրյայի ընթացքում ընկերուհուս հաղորդագրություններն իմ ամենալուսավոր կետն են: Հաճելի է, երբ ժամանակ առ ժամանակ քեզ հիշեցնում են, որ քեզ սիրում և սպասում են:
Արայիկ, 27 տ.
Հոգ տար նրա մասին
Որքան էլ մենք' տղամարդիկս, խուսափենք զգացմունքային պոռթկումներից, մեզ դուր է գալիս, երբ մեր մասին հոգ են տանում: Ինձ համար շատ կարևոր է զգալ կնոջ հոգատարությունն ու ուշադրությունը. դա կարող է արտահայտվել հայացքով, զանգով կամ քնքուշ համբույրով. բոլոր պարագաներում էլ անչափ հաճելի է:
Կարեն, 29 տ.
Պատրաստիր նրա սիրելի ուտեստը
Սա այն է, ինչից ես անմիջապես հալվում եմ, և հարցն ամենևին էլ ուտեստը չէ: Պարզապես սա քայլ է, որով նա ցույց է տալիս, որ մտածում է իմ մասին և ցանկանում է որևէ հաճելի բան անել ինձ համար: Հավատացեք, ուտելիքից ստացած հաճույքը կրկնապատկվում է:
Հովհաննես, 28 տ.
Որևէ անակնկալ նվեր արա
Երկար ժամանակ ցանկանում էի ձեռք բերել իմ սիրելի հեղինակների գրքերից մեկը, որը սակայն մեր գրախանութներում չէր վաճառվում: Ընկերուհիս գտել էր այն ինտերնետում և պատվիրել ինձ համար: Պաշտում եմ նրան...
Սուրեն, 21 տ.
Նրա համար գուլպաներ գործիր
Երբեք չեմ մոռանա այդ օրը... բացում եմ տուփը, իսկ այնտեղ գուլպաներ են, սիրելիիս ձեռքով գործված գուլպաներ: Սիրո և հոգատարության ավելի մեծ դրսևորում չէի էլ կարող պատկերացնել:
Արսեն, 24 տ.