Չինաստանում տղամարդը հուղարկավորության արարողություն է կազմակերպել իր Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի համար. տեղեկացնում է Lenta.ru-ն։
Արարքի դրդապատճառը եղել է այն, որ մեքենայի տիրոջ խոսքերով՝ դիլերը հրաժարվել է փոխհատուցում տրամադրել վթարի ենթարկված մեքենայի համար։
«Ես շատ երջանիկ էի, երբ ինձ վերջապես հաջողվեց գնել այն։ Սակայն երբ մենք կնոջս հետ գնում էինք, արգելակները խափանվեցին, ես պարզապես ցնցված էի»,-ասել է նա։
Մեխանիկը մեքենան զննելուց հետո տեղեկացրել է, որ արգելակները չեն գործել։ Սակայն սպասարկման կենտրոնը հրաժարվել է փոխհատուցում տրամադրել, և քաղաքացին որոշել է ցուցադրական թաղում կազմակերպել։
«Մեքենան թաղելու օգնությամբ ես որոշեցի զգուշացնել մեքենա ունեցողներին, թե ինչ կարող է տեղի ունենալ իրենց հետ»,-ասել է Խաոն՝ հավելելով, որ մտադիր է թողնել վթարված մեքենան ավտոկայանատեղիում, քանի դեռ փոխհատուցում չի ստացել։
Թե ինչպես է սպասարկման կենտրոնն արձագանքել տեղի ունեցած արարողությանը, չի նշվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայում գործարարը ջարդուփշուր էր արել իր 150 հազ. դոլար արժողությամբ BMW M6-ը՝ ի նշան սպասարկման հետ կապված բողոքի: