Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը ցուցադրել է կիսամերկ մարմինը՝ ի նշան բոդիշեյմինգի դեմ բողոքի: Հանվող երգչուհուն պատկերող տեսանյութը հայտնվել է էկրանին Մայամիում համերգի ընթացքում, իսկ ավելի ուշ տեղադրվել է Twitter-ում:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է երգչուհին մերկանում և ներքնազգեստով ընկղմվում սև հեղուկի մեջ: Զուգահեռաբար 18-ամյա Այլիշը ելույթ է ունենում հագուստի և սեփական մարմնի հետ հարաբերությունների մասին, որի վերծանումը մեջբերում է The Guardian-ը:
Իր ուղերձում Այլիշն ասում է, որ անընդհատ ուշադրության կենտրոնում է և քննադատության է ենթարկվում: «Դուք ուզում եք, որ ես ավելի փո՞քր լինեմ: Ավելի թո՞ւյլ, ավելի մե՞ղմ: Ցանկանում եք, որ ես հանգի՞ստ լինեմ: Իմ ուսերը հրահրո՞ւմ են ձեզ: Իսկ իմ կո՞ւրծքը, փորս, կոնքերս։ Մարմինը, որի մեջ ես ծնվել եմ, այն չէ, ինչ դուք ուզո՞ւմ էիք: Եթե ես հագնում եմ այն, ինչ ինձ հարմար է, ապա ես կին չեմ: Եթե ես մերկանում եմ, ապա պոռնիկ եմ: Չնայած իմ մարմինը դուք երբևէ չեք տեսել, բայց դատում եք ինձ դրա համար», – ասել է երգչուհին: Նա նաև նշել է, որ մարդիկ ուրիշների վերաբերյալ եզրակացություններ են անում ՝ ելնելով նրանց հագուստի չափսերից: