Բոլորս էլ գիտենք, թե ինչ կարևոր է հոնքերի խնամված լինելը. չէ՞ որ դրանց մեծապես կախված է ողջ դեմքի էսթետիկ ճշգրտությունը: Բայց հաճախ հոնքերը սխալ հանելու կամ այլ խնդիրների պատճառով առաջանում են անհարթություններ, որոնք էլ պետք է ծածկել հոնքերի մատիտի միջոցով: Ահա մի քանի խորհուրդ մատիտը ճիշտ ընտրելու և կիրառելու համար:

Հոնքերի մատիտը սրելուց առաջ մի քանի րոպեով այն սառնարանում դրեք, որպեսզի ամրանա, ապա միայն սրեք: Հոնքերի մատիտը պետք է մշտապես սուր լինի, այլապես կարող է աղավաղել ողջ աշխատանքը:

Սև մատիտը հոնքերի շրջանում կիրառելուց առաջ լավ մտածեք: Այն սազում է միայն մազերի և աչքերի մուգ գույն ունեցող կանանց և կարող է ավելորդ վառ երանգ հաղորդել դիմահարդարմանը:

Մուգ շագանակագույն մատիտը կսազի շեկ, շագանակագույն, սպիտակավուն մազեր ունեցող աղջիկներին:

Եթե Ձեր մազերն ու դեմքն շատ բաց գույն ունեն, նախապատվությունը տվեք մատիտի պաստելային տոներին կամ բաց շագանակագույնին:

Շատ հազվադեպ պատահում են կարմրահերներ, որոնց սազում է նաև հոնքերի կարմրաշագանակագույն մատիտը:

Հիշեք' հոնքերի մատիտը պետք է երանգով համապատասխանի ստվերաներկին կամ լինի դրանից մեկ տոն մուգ:

Ամենակարևորը գույնի հետ զգույշ լինելն է և շեշտադրումը բնականության վրա դնելը: Հոնքերի մատիտի ընդգծված գծերը անբնական տեսք կհաղորդեն Ձեր դեմքին: