Մինչ iPhone 5S և 5C նոր սմարթֆոնների վաճառքում հայտնվելը դեռ մի քանի օր կա, իսկ մարդիկ արդեն հերթ են կանգնած՝ նորույթներն առաջինը գնելու համար, հայտնում է hitech.vesti.ru-ն։
Ջասթին Լոքհարթը՝ ԱՄՆ Օհայո նահանգից, հերթ է զբաղեցրել դեռևս սեպտեմբերի 6-ին։ Նա գիտեր, որ ստիպված է լինելու երկար սպասել, այդ պատճառով էլ իր հետ վերցրել է վրան, շատ սնունդ և արևային մարտկոց։
«Այստեղ մոտակայքում ապրում են իմ ընկերները, նրանք ինձ թույլ են տալիս ժամանակ առ ժամանակ օգտվել լոգարանից»,- ասել է Լոքհարթը։
Իսկ ահա Ճապոնիայում Apple-ի երկրպագուների բախտը չի բերել. երկրին թայֆունն է պատուհասել։ Հերթում կանգնածներին Apple-ի ֆիրմային խանութում են տեղավորել և խմելու ջուր տվել։
Որքան մոտենում է նոր iPhone-ի վաճառքը, այնքան ավելի շատ մարդ է հերթ կանգնում Apple Store-ի հարևանությամբ՝ ամբողջ աշխարհում։ Նրանք ստիպված կլինեն սպասել մինչև սեպտեմբերի 20-ը։ iPhone 5S և 5C նոր սմարթֆոնների վաճառքն այդ օրը մեկնարկում է Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Կանադայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ճապոնիայում։