Կյանքի 88-րդ տարում մահացած հայտնի հայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանի հիմնադրած «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը շարունակելու է գործել Երևանում, ինչպես և նախկինում:
Այս մասին Tert.am–ին հայտնեց «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի հանրային կապերի տնօրենին փոխարինող Մարիա Հովսեփյանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ թանգարանը տեղափոխվի ԱՄՆ կամ դրա մասին ինչ-որ հիշատակություններ լինեն Ջերարդ Գաֆեսճյանի կտակում:
«Կենտրոնը շարունակում է իր գործունեությունը և որևէ վտանգի կամ կանգնեցման մասին խոսք լինել չի կարող»,- ասաց թանգարանի ներկայացուցիչը:
Կենտրոնից նաև հայտնեցին, որ անվանի հայ բարերարի հուղարկավորությունը տեղի կունենա ԱՄՆ-ում՝ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, որտեղ որ ապրում էր Ջերարդ Գաֆեսճյանը:
Հիշեցնենք, որ 1996թ.–ից «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը, որի գործունեությունն ուղղված է հայ ժողովրդի կենսամակարդակի ու բարեկեցության բարելավմանը, 50 մլն դոլարից ավելի գումար է ներդրել հիմնադրամում՝ Հայաստանի պատմամշակութային արժեքների պահպանման նպատակով։
Թանգարանի՝ կենտրոնի շենքը կառուցված է նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսընի նախագծով։ «Գաֆեսճյան արվեստի կենտրոնի մշտական հավաքածուի կորիզը կազմում է Ջերարդ Լ. Գաֆեսճյանի արվեստի հավաքածուն: Այն պարունակում է ստեղծագործություններ հանրահայտ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու, Յարոսլավա Բրիխտովայի հավաքածուներից:
Հավաքածուն, որտեղ ընդգրկված են բազում երկրների արվեստագետների աշխատանքներ, ներառում է նաև համաշխարհային համբավ վայելող արվեստագետ Դեյլ Չիհուլիի կարևոր ստեղծագործություններից մի քանի օրինակներ: