«Ազդեցիկ կին» բառակապակցությունը շրջանառության մեջ է դրվել ոչ թե 21-րդ դարում, ինչպես մտածում են շատերը, այլ շատ ավելի վաղ, գրում է Tatler-ը՝ հիշեցնելով, որ առանց Ժոզեֆինա Բոգարնեի՝ հարգված ընտանիքից դուրս եկած ու ազդեցիկ կապեր ունեցող մի կնոջ, Նապոլեոն Բոնապարտը չէր դառնա Ֆրանսիայի կայսր։
Իսկ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի կնոջը՝ Էլեոնորային, հենց այնպես չեն կոչել «ամբողջ աշխարհի առաջին տիկին»։ Բանն այն է, որ այս կինը մասնակցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ստեղծման աշխատանքներին, ինչպես նաև ստեղծել է ՄԱԿ-ի աջակցության համաշխարհային ասոցիացիան։
Tatler-ը եզրակացնում է, որ լինի Ելիսեյան պալատը, թե Սպիտակ տունը, ուժեղ կանայք հաճախ են առանցքային դերակատարում ունենում իրենց ամուսինների հաղթանակներում։ Ամսագիրն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է տարբեր քաղաքական գործիչների 6 ամենաազդեցիկ կանանց։
1. Ժակլին Քենեդի
«Խելացի կինը նախընտրում է իր ամուսնուց պակաս խելացի թվալ»,-մի առիթով ասել է հայտնի լուսանկարիչ Դևիդ Բեյլին՝ ի նկատի ունենալով ԱՄՆ-ի առաջին տիկին Ժակլին Քենեդուն։
Նա գրեթե ելույթ չի ունեցել հանրության առաջ, չի բարձրացրել ուսման վարձերն ու չի «մոգոնել» նոր հարկեր։ Այդ ամենն արել է նրա ամուսինը՝ Ջոն Քենեդին, սակայն Ժակլինի շնորհիվ ամերիկացիները ներում էին նրա ամուսնուն։
Բացի շարքային ամերիկացիներից, Ժակլինին համակրում էին նաև համաշխարհային քաղաքական գործիչները։ Մի անգամ պաշտոնական հանդիպման ժամանակ ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը պետք է սեղմեր ԱՄՆ-ի նախագահի ձեռքը, սակայն հանկարծակի ասել է, որ «կուզենար սկզբում Ժակլինի ձեռքը սեղմել»։
Թեև Քենեդու բազմաթիվ դավաճանությունները ոչ մեկի համար գաղտնիք չէին, սակայն Ժակլինն այդ ամենն ընդունում էր անդրդվելի հանգստությամբ, և ոչ ոք չէր կասկածում, որ Սպիտակ տան իրական տերը հենց այս կինն է։ Chanel-ի էլեգանտ գլխարկով ու Valentino-ի նրբաոճ կոստյումով Ժակլինը միշտ էլ երիտասարդ աղջկա տեսք է ունեցել, բայց իրականում խելամիտ կին է եղել, ով անթերի է կատարել իր դերը՝ անգամ ամուսնու սպանոթյան ժամանակ սկսված համընդհանուր հիստերիայի ժամանակ։
2. Միշել Օբամա
Gallup-ի անցկացրած սոցհարցումներից մեկի արդյունքները ցույց են տվել, որ Միշել Օբաման ամերիկացիներին ավելի շատ է դուր գալիս, քան իր ամուսինը։ Ասում են, որ նա յուրահատուկ «կամուրջ է» ամուսնու և ժողովրդի միջև։ Բարաք Օբամայի կենսագիրն անգամ պնդում է, որ եթե չլինեին Միշելի գործադրած ջանքերը, ապա Օբաման այժմ Սպիտակ տանը չէր լինի, քանի որ հենց կինն է նրան ծանոթացնում «ճիշտ» մարդկանց հետ։
Բոլորին հայտնի է, որ անցած նախագահական ընտրություններում Օբաման մրցել է Միթ Ռոմնիի հետ, սակայն եղել է նաև մեկ այլ պայքար՝ նրանց կանանց՝ Միշելի և Էնի միջև։ Արդյունքում՝ հաղթեց ոչ միայն Բարաք Օբաման, այլ նաև Միշելը, քանի որ կարողացավ նախընտրական քարոզարշավի ընթացքում համադրել սեփական ընտանեկան պատմություններն ու ամուսնու քաղաքական ծրագիրը։
3. Սամանտա Քեմերոն
Նա գեղեցիկ է, բայց ոչ շատ, նա նրբակազմ է, բայց ոչ գայթակղիչ, նա լավ է հագնվում, բայց աչքի չի ընկնում։ Սակայն ամենագլխավորն այն է, որ Սամանտան միշտ «զինված է»։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի կնոջն անհնար է «բռնացնել» մարզական հագուստով, չհարդարված մազերով կամ էլ դեմքի տխուր արտահայտությամբ։
Պաշտոնական միջոցառումների ժամանակ Սամանտան պարզապես փայլում է ամուսնու կողքին, ինչից հետո վարչապետի վարկանիշն անասելի բարձրանում է։
«Նա իմ գաղտնի զենքն է»,-մի առիթով ասել է Քեմերոնը, ում կինը կարճ ժամանակում դարձել է սովորական անգլիացիների սիրելին։ Սամանտան աշխատում է Smythson ընկերությունում, դաստիարակում 3 երեխաներին, ակտիվ մասնակցում ամուսնու քաղաքական կարիերային, ինչպես նաև հասցնում օրինակելի տնային տնեսուհի լինել, ինչը դուր է գալիս բոլոր բրիտանացի կանանց։
4. Դքսուհի Քեթրին
Այն, որ Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնը զգալի բարելավել է թագավորական ընտանիքի հեղինակությունը, անվիճելի է։
Սակայն նրա գլխավոր նվաճումը թագավորական գահի ժառանգորդին լույս աշխարհ բերելն էր։ Թեև դքսուհին հրապարակային ելույթ ընդամենը մի քանի անգամ է ունեցել, այնուհանդերձ այսօր հենց նա է բրիտանական գահի «դեմքը»։
5. Ռաիսա Գորբաչովա
Ռաիսա Մաքսիմովնա Գորբաչովան ԽՍՀՄ գլխավոր քարտուղարի առաջին կինն էր, ով պարտավոր էր հրապարակային դեր խաղալ։ Սակայն դա չխանգարեց նրան ԽՍՀՄ առաջին տիկնոջ դերը հոյակապ խաղալ՝ աշխարհին ի ցույց դնելով ոչ թե խորհրդային վարքուբարք, այլ ոճի զգացում։
Ռաիսան ուներ հիանալի կազմվածք՝ բարակ գոտկատեղ ու երկար ոտքեր։ Բազմաթիվ մարդիկ շրջվում էին նրա հետևից, սակայն նրա հայացքը մշտապես գամված էր մի մարդու՝ Միխայիլ Գորբաչովին։ Վերջինիս կյանքում Ռաիսան ևս աջ ձեռքն էր և հուսալի թիկունքը։
6. Կառլա Բրունի
Նախկին մոդել, երգչուհի ու պարզապես գեղեցկուհի Կառլա Բրունին միայն շիկացրեց ամուսնու՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի անձնական կյանքը։ Բոհեմյան կյանքով տարված Բրունին այնպես արեց, որ Սարկոզիի չափից ավելի աջակողմյան տեսակետները փոխվեցին։ Սիրելի կրունկները տափակ կոշիկներով փոխարինած Բրունիի ներկայությամբ յուրաքանչյուր քաղաքական միջոցառում վերածվում էր սնդուսափալ ամսագրերի լուսանկարիչների «մարտի դաշտի»։
Վերջին նախագահական ընտրություններից առաջ սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ Բրունին նորից հղի է, սակայն դա չօգնեց Սարկոզիին հաղթել ընտրություններում։ Ֆրանսիան չներեց նրան՝ ժամանակին մերկ լուսանկարված կնոջ հետ ամուսնանալու համար։ Մինչդեռ ամուսնու պարտությունը հնարավորություն տվեց Բրունիին վերադառնալ իր սիրելի Vogue-ի շապիկին։