Լուիզա Ղամբարյան: Ծնվել է 1977թ. հունիսի 15-ին, Երևանում: 1994թ. ավարտել է Երևանի թիվ 135 միջնակարգ դպրոցը: 1994-99թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական ռեժիսուրայի բաժնում: 1994թ-ից աշխատել է հայկական հեռուստատեսությունում, որտեղ վարել է տարբեր հաղորդումներ' «Ես» մանկապատանեկան, «Պարատուն», «Ինչ եփել այսօր», «Բրաբիոն»:

1995թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում' որպես դերասանուհի: Խաղացել է ավելի քան 40 դեր' Ջուլիետ, Լեդի Մակբեթ, Քալփուրնիա' Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Հուլիոս Կեսար», Քլեմեն' Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Սոֆի' Սովաժոնի «Չաո», Փիջեյ Քրեդաք' Ֆլեյդի «Ռոմանտիկ կոմեդիա», Այծեմնիկ' Չալդրանյանի «Ձայն լռության, կամ վեցերորդ պատվիրանը», որի համար 2009թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, և այլն:

Նկարահանվել է ավելի քան 7 ֆիլմերում' Ս.Բաբայանի «Խենթ հրեշտակը», Ն.Ներսիսյանի «Տերևաթափ Անթարեսի վրա», Գ.Վարդանյանի «Խավարման օրը», Մ.Դովլաթյանի «Սողանք» և այլն: 2000թ. Խորեն Աբրահամյանի հետ խաղացել է Պ.Զեթունցյանի «Խոր Վիրապ» բեմադրության մեջ, որը նվիրված էր Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին:

 

1998-2003թթ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ կատարել է բազմաթիվ ֆիլմերի կրկնօրինակումներ: 2007թ-ից նկարահանվել է հեռուստասերիալներում' «Դժբախտ երջանկություն, «Վերադարձ», «Կյանքի գինը»: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի' որպես լավագույն դերասանուհի: