Տարեցտարի՝ սկսած 2007-ից, iPhone-ի նոր մոդելի վաճառքից օրեր առաջ Նյու Յորքի Հինգերորդ ավենյուում կարելի է տեսնել միևնույն տեսարանը։ Apple ընկերության երկրպագուները կամ նրանք, ովքեր ցանկանում են գումար վաստակել հերթում ունեցած իրենց տեղի վաճառքից, հերթ են կանգնում Apple Store-ի առաջ՝ աշխարհում առաջիններից մեկը նորույթը գնելու համար։ Այդպես է նաև այս տարի, գրում է iphones.ru-ն։
Թեև դեռ շատ ժամանակ կա, քանի որ Apple-ը կներկայացնի նոր iPhone 5S և iPhone 5C սմարթֆոնները երեքշաբթի օրը, իսկ վաճառքները կսկսվեն մեկուկես շաբաթ անց, սակայն արդեն իսկ հայտնվել է ապագա հերթի սկիզբը։
Սա առաջին դեպքն է, երբ հերթը գոյացել է մի սարքի համար, որը նույնիսկ դեռ չի ներկայացվել։ Սակայն շատ մարդիկ կարող են լավ վաստակել։ Նրանց մի մասը պարզապես կվաճառի իր տեղը հերթում։ Մյուսները կվաստակեն այն իրերի գովազդի շնորհիվ, որոնք կօգտագործեն մոտակա 2 շաբաթների ընթացքում։ Դա արդեն ընդունված պրակտիկա է նման միջոցառումների ժամանակ՝ հաշվի առնելով ԶԼՄ-ների և զբոսաշրջիկների մեծ հետաքրքրությունը։