Բոլոր ժամանակների ամենահայտնի սևամորթ մոդել Նաոմի Քեմփբելը ծնվել է 1970 թ. մայիսի 22-ին Սթրիթհեմում' հյուսիսային Լոնդոնում: Նաոմիի ծնողներն ամուսնալուծվեցին, երբ վերջինս դեռ շատ փոքր էր: Ընտանիքում անդադար վեճերն ու սկանդալները մեծ ազդեցություն են թողնում Նաոմիի բնավորության ձևավորման հարցում: «Հենց այդ դժվարությունների պատճառով ես դարձա ավելի նպատակասլաց և կայուն կյանքի փորձությունների առաջ»:

Բավականին բարդ բնավորությունն աղջկան թույլ չի տալիս նորմալ հարաբերություններ հաստատել դասընկերների հետ: Նաոմիի մայրը պարուհի էր, անում էր ամեն ինչ, որպեսզի հասցներ հոգալ երեխայի ծախսերը:

Նաոմիի մոր ամեն օրը սկսվում էր վերջինիս ուսուցչի զանգով, որն անդադար բողոքում էր աղջկա պահվածքից: Հերիք է մի բան, որ Նաոմիի սրտով չլինի, և աղմուկը պատրաստ է. «Դպրոցում բոլոր սկանդալներն իմ անվան շուրջ էին պտտվում: Անգամ եթե ես մեղավոր չէի, միևնույն է, բոլորի ուղեղում առաջին կասկածյալը ես էի»:

Երբ նրանց ընտանիքում հայտնվում է երրորդը' մոր նոր ամուսինը, ամեն ինչ էլ ավելի է բարդանում: Նաոմին միշտ ինքնահաստատվելու խնդիր ուներ, փորձում էր բոլորին ապացուցել, որ 10 տարեկանում ինքն արդեն բավականին հասուն է և պետք է ինքնուրույն կայացնի որոշումներ: Խորթ հորը Նաոմին այդպես էլ չի ընդունում: «Ինձ ոչինչ չէր կարող ստիպել փոխել վերաբերմունքս, ես համառ էի, երբեմն նաև, խոստովանում եմ' դաժան»:

Այսպես շարունակվեց, մինչև Նաոմին դարձավ 15 տարեկան: Որպեսզի խուսափի ընտանիքի հետ անիմաստ վեճերից, Նաոմին դասերից հետո ժամերով զբոսնում էր այգիներում, քաղաքի փողոցներում: Հենց այդ զբոսանքներից մեկի ժամանակ էլ կայացավ ճակատագրական հանդիպումը: Այգիներից մեկում հեղինակավոր ընկերություններից մեկի գործակալը նկատում է սևամորթ գեղեցկուհուն, գնահատում նրա կազմվածքն ու առաջարկում մասնակցել քաստինգի: Սա իսկական փորձություն էր Նաոմիի համար:

Քեմփբելի արտաքին տվյալները, էկզոտիկ գեղեցկությունը հաջողությունների տեղատարափ թափեցին աղջկա գլխին: Արդեն 16 տարեկանում Նաոմին մեկնում է Ֆրանսիա' նկարահանումների: «Որոշ ժամանակ ես նույնիսկ խելոք ու բարի աղջնակ էի դարձել: Դե ինչեր չես անի, որպեսզի քեզ թողնեն նորաձևության համաշխարհային մայրաքաղաք մեկնել»:

Հաջողությունները հետապնդում են այս գեղեցկուհուն: 1986թ. ժամանակի ամենագեղեցիկ սևամորթ մոդելներից մեկը, ով պետք է «ELLE» ամսագրի շապիկին հայտնվեր, չի կարողանում ներկայանալ նկարահանումներին և նրա փոխարեն ընտրում են Նաոմի Քեմփբելին: Դե ինչ,սա իսկական երջանկություն էր, առաջին քայլը դեպի փայլուն ապագա: «Պատկերացնո՞ւմ եք' ինչ կատարվեց ինձ հետ, երբ դեռ 1 տարի չկար, ինչ զբաղվում էի այս աշխատանքով և հանկարծ ինձ տեսնում եմ «ELLE» -ի շապիկին: Չէ, դա հաստատ ես չէի (ծիծաղում է)»,-ամերիկյան ամսագրերից մեկի հետ հարցազրույցում ասել է արդեն լեգենդար դարձած Նաոմին: Սևամորթ գեղեցկուհին անտարբեր չի թողնում ոչ մի հեղինակավոր գովազդային գործակալության:

1989թ. աղջկա նկարները հայտնվում են նաև լեգենդար Vogue ամսագրում, իսկ 2 տարի անց Քեմփբելը դառնում է հեղինակավոր և համաշխարհային ճանաչում ունեցող GUESS ընկերության դեմքը:

Այս տարիներին Նաոմին հանդիպում է պարող Խուակին Կորտեսի հետ: Նրանց սիրային պատմությունը կարող էր տրագիկ ավարտ ունենալ Քեմփբելի համար: Բանն այն է, որ Խուակինը տեսնում է Քեմփբելին դավաճանության պահին' օդաչուի հետ: Նաոմին ծանր դեպրեսիայի մեջ է ընկնում: Նա որոշում է ինքնասպանությամբ կյանքին վերջ տալ և միայն հրաշքով է փրկվում: Որոշ ժամանակ անց Նաոմիի զուգընկերն է դառնում բռնցքամարտիկ Մայք Թայսոնը: Իր բոլոր տղամարդկանց Նաոմին «ամուսին» էր կոչում, սակայն հեշտությամբ բաժանվում էր նրանցից յուրաքանչյուրից:

1991թ. Նաոմին մտնում է աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում, և այս փաստը հաստատում է նրա արդեն կայուն դիրքը նորաձևության աշխարհում:

1994թ. Նորաձևության ամերիկյան ակադեմիան Նաոմիին ճանաչում է երկրագնդի լավագույն մոդել: 90-ականները Նաոմիին մտցրին ժամանակի ամենապահնջված մոդելների շարքը' նրան դնելով Սինդի Քրոուֆորդի, Կլաուդիա Շիֆերի կողքին: «Մարդիկ մոտենում և շնորհակալություն էին ինձ հայտնում, որ կոտրեցի այն կարծրատիպը, թե ամսագրերի շապիկներին միայն սպիտակամորթները կարող են հայտնվել: Այնքան հաճելի է, երբ մարդկանց մի ստվար զանգված անընդհատ աջակցում է քեզ, շնորհավորում, պարտավորեցնում»: Նորաձևության աշխարհում Նաոմիին սկսում են «սև հովազ» կոչել: Եվ դա բնավ ոչ այն պատճառով, որ աղջիկը սևամորթ է, այլ նրա սահուն, կատվազգիներին բնորոշ քայլքի համար:

Այս անբացատրելի հաջողությունները Նաոմիին փառքի են արժանացնում, ինչն ավելի է մեծացնում առանց այդ էլ գոռոզ ու մեծամիտ աղջնակի ինքնասիրությունը:

Ի տարբերություն անընդհատ զարգացող ու հաջողակ կարիերայի, Նաոմիի անձնական կյանքում մշտապես անորոշություն է եղել: Նրա տղամարդկանց շարքում են եղել միլիարդատերներ, դերասաններ, պարողներ, մոդելներ, բիզնեսմեններ, սպորտսմեններ: Նաոմին նշանադրվում է U2 խմբի բասիստ Ադամ Քլեյթոնի հետ, բայց ամուսնությանը գործը չհասավ: Բնականաբար Նաոմիի պես կինը չէր կարող անտարբեր թողնել ժամանակի լեգենդար տղամարդկանց:

Նրա սիրելիների շարքում են հայտնվում Ֆորմուլա 1-ի սեփականատեր Ֆլավիո Բրիատորեն, որը Նաոմիին շքեղ նավ է նվիրում, Ռոբերտ դե Նիրոն, արքայազն Ալբերտը, երաժիշտ Էրիկ Կլեպտոնը և այսպես կարելի է անվերջ թվարկել այս շարքը:

«Իմ հաջողության գրավականը իմ բարձր ձգտումներն են, ես միշտ ձգտում եմ մեկ քայլ առաջ անցնել իմ հնարավորություններից»:

Իսկապես որ Նաոմին չի բավարարվում իր հաջողություններով: Աղջիկն իր ուժերը փորձում է նաև երգարվեստում: Այն բանից հետո, երբ Նաոմիի դուետը ճապոնացի երգչի հետ մեծ հաջողության է հասնում ծագող արևի երկրում, Քեմբելը թողարկում է նաև իր ալբոմը' «Babywoman»:

Նաոմիի ուշադրությունից չվրիպեցին նաև ֆիլմերը: Սկսած 1984թ. նա խաղում է 31 ֆիլմերում: Ի դեպ, կինոքննադատները երբեք գովեստի չեն արժանացնում Նաոմիի խաղը' համարելով այն չափից դուրս անտաղանդ:

Նաոմիի թեթև ձեռքով աշխարհում հայտնվում են 5 նոր բույրեր' «Sunset», «Paradise Passion», «Cat Deluxe», «Exult», «Naomi Campbell» и «Naomi Campbell Mystery»:

2004թ. մամուլն անդադար հետևում էր ռեփեր Աշերի և Նաոմիի հարաբերությունների զարգացմանը, իսկ դրանից հետո գեղեցկուհին սկսում է հանդիպել P Diddy-ի հետ:

Հաջողակ և չափազանց գեղեցիկ կնոջից բացի, Նաոմին նաև հայտնի է որպես շուբիզնեսյան սկանդալիստ: Նրա բնավորությունն այդպես էլ չի հանդարտվում:

2007թ. Նաոմին 5 օր կատարում է հասարակական օգտակար աշխատանք և անցնում հոգեբանական թերապիայի կուրս: Իսկ այս ամենն այն պատճառով, որ Քեմփբելը չի կարողանում պահպանել իր հավասարակշռությունը: Առաջին սկանդալային դեպքը տեղի ունեցավ այն պատճառով, որ Նաոմին ծեծել էր իր սպասուհուն: Ի դեպ սա առաջին դեպքը չէր, որ նա ֆիզիկական ուժ էր գործադրում իր սպասավորների հանդեպ, միայն թե այս դեպքում դատարանը պատժեց Քեմփբելին: «Ոչ մի ամոթալի բան չկա, որ ես ապաքինվում եմ: Այո, եթե ես գիտեմ, որ ունեմ օգնության կարիք,ես չեմ ամաչում խնդրել այն»:

Սակայն, ինչպես պարզվեց հետո, ոչ մի հոգեբանական կուրս ի զորու չեղավ հանգստացնել այս սևամորթ գեղեցկուհու բռնկուն բնավորությունը: 2008թ. Նաոմին կրկին սկանդալ է ստեղծում: Այս անգամ մոդելը թքում է ոստիկանի երեսին վեճի թեժ պահին, երբ վերջինս փորձում էր հանգստացնել Նաոմիին, ում իրերը չէին կարողանում գտնել օդանավակայանում: Նաոմիին կրկին ուղարկում են հոգեբանական թերապիայի կուրսերի: «Հիմա ես ինձ շատ ավելի լավ եմ զգում: Վստահ եղեք՝ ես իսկապես փոխվել եմ: Ինքս էլ զգում եմ, որ առաջվա պես ամեն բան չի կարող ինձ հունից հանել»,- խոստովանում է Քեմփբելը:

2008-ի մայիսին Նաոմին պատրաստվում է Կաննի մրցանակաբաժշխությանը' չկռահելով անգամ, որ այն ճակատագրական է դառնալու իր համար: Սպիտակ զգեստով այս շոկոլադե մոդելը հայտնվում է սրահում' բոլորին ևս մեկ անգամ ապացուցելով, որ իր տեսքը շշմեցնող է, և որից խամրում է ուրիշների փայլը: Նաոմիի գեղեցկությունը անտարբեր չի թողնում ռուս բիզնեսմեն Վլադիսլավ Դորոնինին:

Այս զույգի ռոմանտիկ հարաբերությունները սկսվում են միլիարդներ արժեցող նվերներով, անակնկալներով: Արտաքինից այսքան տարբեր զույգը կարծես ներքին ներդաշնակություն գտավ: Սպիտակամաշկ, կապուտաչյա Վլադիսլավը շոկոլադե Նաոմիին ուղեկցում է ամենուր: Նրանք մասսայաբար ցուցադրում են իրենց սերը' ուշադրություն չդարձնելով բամբասանքներին: Նաոմիի սերը հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Պարզվում է, որ Վլադիսլավն ամուսնացած է, և կինը ապահարզան չի տալիս նրան: Փաստացի նրանք շատ վաղուց այլևս միասին չէին, սակայն Նաոմիի և Վլադիսլավի հնարավոր ամուսնության մասին լսելուն պես կինը' Եկատերինան, կտրականապես հրաժարվում է ապահարզան տալ:

2009թ. Նաոմի Քեմփբելը տեղափոխվում է Մոսկվա' սիրելիի մոտ և հայտարարում. «Չգիտեմ, գուցե այլևս բեմ դուրս չգամ, չէ որ կարևորը սերն է»: Այստեղ մոդելը զբաղվում է բարեգործությամբ' առանձնակի ուշադրություն դարձնելով ուռուցք ունեցող երեխաների բուժմանը:

Այս հիվանդությանն առնչվել է Նաոմին, քանի որ ուռուցք ուներ նրա մայրը' բրիտանացի արդեն բավականին հայտնի պարուհի Վալերի Մորիսը, որի հետ շատ դժվարությամբ, բայց ի վերջո հաշտվեց Քեմփբելը: «Չար հրեշտակ է մայրս: Ես մոդել դարձա ոչ թե նրա շնորհիվ, այլ նրան հակառակ: Նա հայտնի պարուհի էր, և ես ստիպված էի անընդհատ ապացուցել նրան, որ արժանի եմ իր սիրուն: Ես ապացուցեցի, դարձա առաջնակարգ մոդել: Մայրս սկսեց ուշադրություն դարձնել ինձ վրա այն ժամանակ,երբ հասկացավ, որ իր փառքը խամրում է իմ հայտնիության շողքի տակ: Բայց բոլոր վիրավորանքները անցյալում են: Հիմա մենք ընկերուհիներ ենք և կարող ենք խոսել ամեն ինչից, ընդհուպ մինչև տղամարդկանց ունակություններից անկողնում»:

2011-ի օգոստոսին Նաոմին և Վլադիսլավը նշանադրվում են: Այս զույգի երկրպագուները անհամբեր սպասում են, թե երբ է սևամորթ, արդեն լեգենդար գեղեցկուհի Նաոմին քայլելու դեպի խորան:

Դե ինչ, թվում է Նաոմին վերջապես գտել է իր հանգստությունը, նա շարունակում է զբաղվել մոդելի կարիերայով անգամ 40 տարեկան հասակում, սիրում է իր միլիարդատեր ամուսնուն, վայելում նրա ներկայությունը, շռայլում իր գումարներն ու պարզապես վայելում կյանքը: «Հիմա ես հասկանում եմ, որ ամբողջ կյանքս այս հանգստությանը հասնելու ձգտումն էր: Վլադիսլավի կողքին ես բացահայտեցի բոլորովին նոր Նաոմի Քեմփբելի»:

Տղամարդիկ գնում են, իսկ ադամանդները' մնում:

Զայրույթն իրականում ավելի խոր արմատներ ունի, այն լուրջ խնդրի արտացոլում է… և իմ դեպքում այն հիմնված է ինքս իմ հանդեպ անվստահության, սեփական արժանիքների գնահատման և միայնակության զգացման վրա:

Ես միշտ չէ, որ ներքնազգեստ եմ կրում: Հատկապես շոգին այն իսկապես ահավոր է: Եվ եթե ես ծաղկավոր զգեստ եմ հագել, էլ ինչիս է պետք ներքնազգեստը:

Ես աշխատում եմ մեծ ջանասիրությամբ և աշխատանքով եմ վաստակել իմ ունեցած ամեն մի ցենտը:

Ես երբեք դիետաներ չեմ պահել: Ես ծխում եմ, խմել եմ և շարունակում եմ խմել:

Ես շատ սխալներ եմ թույլ տվել, շատ-շատ: Ես կատարյալ չեմ, ես նույնիսկ լավ մարդ չեմ: Ես պետք է սովորեմ իմ սխալների վրա: Ես նյարդայնանում եմ, երբ մարդիկ ինձ կատարելություն են համարում:

Ահավոր էր, երբ բեմի վրա կիսաշրջազգեստս իջավ ծնկներիս վրա: Լավ է, որ ես հաստ զուգագուլպա էի հագել:

Ես սիրում եմ մարդկանց, ովքեր անկեղծ են ինձ հետ, սիրալիր, բայց անկեղծ: Իսկ իմ կողքին ես երբեք չեմ հանդուրժել շողոքորթներին ու կեղծավորներին:

Ես գոռոզ եմ ու ինքնավստահ, չհանդուրժող, սկանդալային և ագրեսիվ, բայց բոլորն ինձնով հիանում են, որովեհետև ես «սև հովազն» եմ:

 

 

Նելլի Ղարիբյան