Հեռուստաընկերությունները պատրաստվում են նոր եթերաշրջանին, որը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին: Մինչ այդ, արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները, նկարահանվում են նոր հաղորդումներ, հին հաղորդումները նորացվում են: Գրեթե բոլոր հեռուստաընկերություններում նաև դեմքերի փոփոխություններ են սպասվում: Ըստ մեզ հասած տեղեկությունների' հաղորդավար ամուսիններ Սուրեն Փահլևանյանն ու Յանա Դանիելյանն այլևս չեն վարելու Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդաշարը:
Ճշտելու լուրերի իսկությունը' զրուցեցինք Յանայի հետ: «Դեռ ոչինչ չի խոսվել, ոչ մի պայմանավորվածություն չկա: Ճիշտն ասած, ոչինչ պարզ չէ, որովհետև նոր պայմանագրեր դեռ չենք կնքել: Դա սեպտեմբերի կեսից հետո է լինելու,- ասաց Յանան և հավելեց, որ ո՛չ ինքը, ո՛չ Սուրենը հեռուստաընկերության հետ խնդիրներ չեն ունեցել: -Ուղղակի նոր եթերաշրջան է, նոր մոտեցումներ, նոր պայմանագրեր…»:
Յանայից տեղեկացանք, որ առայժմ բանավոր խոսակցություն էլ չի եղել նոր եթերաշրջանում հաղորդումը վարելու վերաբերյալ: Ըստ հաղորդավարուհու' նոր եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 10-ից հետո. «Մի քանի բան արվում է, սակայն նախապատրաստական աշխատանքները վերջնական չեն սկսվել, քանի որ եթերաշրջանի մեկնարկը մոտ է սեպտեմբերի վերջին»:
Յանան նշեց, որ ինքն ու ամուսինը տարբեր հեռուստաընկերություններից առաջարկներ ունեն, սակայն դեռ մտածում են հետագա անելիքների մասին: «Դեռ ոչինչ լիարժեք պարզ չէ և չեմ կարող ասել' խոսքը որ հեռուստաընկերությունների մասին է»,- եզրափակեց հաղորդավարուհին:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը