- Չորս տարի է' ամուսնացած եմ և ունեմ երկու երեխա: Այս չորս տարիների ընթացքում ոչ մի օր չի անցել առանց վեճի: Մի չնչին բացթողում, և սկեսուրս վեճի թեմա ունի: Ուզում եմ առանձին ապրենք, սակայն ամուսինս կարծես թե չի ուզում լքել իր ծնողներին: Այսպես ապրել հնարավոր չէ: Ձեր խորհրդով, խնդրում եմ, օգնեք:
Անծանոթուհի
Պատասխանում է հոգեբան Կարինե Նալչաջյանը
- Փաստորեն նույն տանն ապրում են մարդիկ (այս դեպքում երկու կին' հարս և սկեսուր), ովքեր հոգեբանորեն անհամատեղելի են: Ապրում են նույն պատերի մեջ, միասին կենցաղ են վարում: Որքան երևում է նամակից, ամուսինը կնոջը հալածողների շարքին չի դասվում: Նա առանձին ապրել ասելով' պատկերացնում է ծնողներին լքելը: Բայց կարելի է առանձին ապրել' առանց ծնողներին լքելու: Ի դեպ, մարզերում այս տրամադրությունն ավելի իշխող է, քան մայրաքաղաքում: Երիտասարդները միշտ էլ ցանկացել են առանձին ապրել, ծնողները' դիմադրել:
Հարկավոր է վերանայել հարաբերությունները. դերերի փոփոխությունը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել միմյանց հասկանալու համար: Եթե հարսը կարողանա իրեն կտրել իր անհատական զգացողություններից և իրեն դնի սկեսրոջ դերի մեջ, ապա նա աշխարհը կտեսնի բոլորովին այլ աչքերով: Կարող է պատկերացնել նաև իր մորը, որը նույնպես սկեսուր է: Աշխարհին նայելով մոր կամ սկեսրոջ աչքերով' կարելի է շտկումներ մտցնել հարաբերություններում: Եթե ճիշտ բաշխվեն մարդկանց դերերն ու պարտականությունները, խնդիրները քիչ կլինեն: Երբեմն մայրերն իրենց տղայի կյանքում ուրիշ կին պատկերացնել չեն կարողանում, էլ ուր մնաց ընդունեն: Նման դեպքերում տղամարդիկ (ամուսինները) տառապողներն են լինում: Սառնություն է առաջանում, սկսում է ծնողների հետ հարաբերությունները վատթարանալ, նույնիսկ թողնում-հեռանում են: Եթե կա առանձին ապրելու հեռանկար, ինչու՞ լքել. պարզապես գնալ ու առանձին ապրել:
Չնայած նամակից չի երևում, բայց պետք չէ խեղճանալ: Մարդիկ շատ նրբազգաց են դառնում, երբ իրենց «ես»-ն է ճնշվում: Կոնֆլիկտներից խուսափելու լավագույն միջոց է քո «ես»-ը պահելը: