Նարեկ Ներսիսյանը հիանալի դերասանական գեների կրող է: Նա սիրված դերասան Բաբկեն Ներսիսյանի թոռն է: Ակտիվ ստեղծագործական գործունեություն է ծավալում, նրան կարելի է հանդիպել զանազան ստեղծագործական ձևաչափերում: Արդեն հինգ տարի է՝ խաղում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հանդիսատեսների առավել լայն շրջանակները նրան ճանաչում են «Հարազատ թշնամի» սերիալից և «32 ատամ» ակումբից, որտեղ կերտում է իսկապես ծիծաղաշարժ և ակնհայտ որակյալ կերպարներ: Վերջին շրջանում Նարեկը նկարահանվեց աղմկահարույց «Ապակե կախազարդը» ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատար: Հայկական իրականության համար բավականին համարձակ լուծումներով ֆիլմի անգամ թրեյլերը մեծ աղմուկ բարձրացրեց: Նախքան ֆիլմի էկրան բարձրանալը իր ստեղծագործական գործունեության և, ինչու չէ, քաղաքական հայացքների շուրջ MediaMall.am-ը զրուցեց դերասան Նարեկ Ներսիսյանի հետ:
«Ապակե կախազարդը» ֆիլմի թրեյլերն անգամ մեծ իրարանցում առաջացրեց հանդիսատեսի շրջանում՝ նաև ֆիլմի բաց տեսարանների պատճառով: Հայկական մենթալիտետը հաշվի առնելով՝ դժվարություններ չունեցա՞ք բաց տեսարաններում նկարահանվելու առումով:
Բացարձակ դժվարություն չեմ ունեցել, ավելին ասեմ, «Ապակե կախազարդը» ֆիլմից հետո նկարահանվեցի մեկ այլ՝ «Ռոմանտիկները» գեղարվեստական ֆիլմում, որտեղ հանդես եմ եկել բոլորովին մերկ: Ֆիլմը էկրան կբարձրանա հաջորդ տարի: Մերկ նկարահանվելու հետ կապված կոմպլեքսներ չունեմ, դա իմ մասնագիտության մի մասն է, հատկապես, որ բաց տեսարանները պոռնագրաֆիա չեն պարունակում, այլ ֆիլմի գեղարվեստական բաղադրիչն են: Իսկ հայկական մենթալիտետի մասին ավելորդ եմ համարում խոսել, որովհետև երբեմն այդ նույն մենթալիտետով մարդիկ շատ ավելի շեղված վարք են դրսևորում:
Ինչ եք կարծում՝ ֆիլմի սյուժեն բավարար է՝ թրեյլերի թողած սպասելիքները բավարարելու համար:
Ֆիլմի սյուժեն ավելին է, քան թրեյլերը: Հրապարակված մի քանի կադրերով չէ, որ պետք է ֆիլմի մասին դատել: Վստահեցնում եմ, որ տարածված տեսանյութը միայն հանդիսատես գրավելու համար չէ, ֆիլմը բարձր որակ ունի և շատ տեխնիկական առանձնահատկություններ, որոնք ուշադիր հանդիսատեսը կնկատի:
32 ատամ ակումբում Ձեր կերպարները հանդիսատեսի կողմից իսկապես բարձր գնահատականի է արժանանում: Ֆիլմում լուրջ կերպարի հաջողակ դերակատարումից հետո կշարունակեք հանդես գալ հումորային կերպարներում:
Ես սիրում եմ արտահայտվել տարբեր ժանրերում և ձևաչափերում: Իհարկե, ամեն շաբաթ հումորային ներկայացումներ ցուցադրելը հեշտ չէ: Ընդհանրապես կդադարեմ ելույթ ունենալ այլ ձևաչափերում միայն այն դեպքում, երբ ամբողջ տարի զբաղված լինեմ լուրջ գեղավեստական ֆիլմերի նկարահանումներում: Քանի դեռ իմ գրաֆիկը նման ծանրաբեռնվածություն չունի՝ չեմ պատրաստվում լքել այն թիմը, որտեղ ինձ լավ եմ զգում:
Չե՞ք կարծում, որ սերիալներում հանդես գալը իջեցնում է Ձեր՝ որպես լավ դերասանի նշաձողը: Շարունակելու եք նկարահանվել սերիալներում և ընդհանրապես ինչպես եք վերաբերվում սերիալների գոյությանը:
Ես սերիալներին վերաբերվում եմ որոշ վերապահումներով, սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք: Սերիալը դերասանիյն մի կողմից օգնում է, մյուս կողմից՝ խանգարում, բայց դա արդեն այլ, խորը մասնագիտական խնդիր է: Ես ամեն դեպքում ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հանդես գալու սերիալում և շնորհակալ եմ «Հարազատ թշնամի» սերիալի սցենարիստին և պրոդյուսերին, որ ինձ վստահեց գլխավոր դերը: Ամեն դեպքում, լավ դերասանը կարող է ներկայանալի լինել ցանկացած ձևաչափում: Այլ հարց է, որ սերիալային ռիթմի և ռեժիմի մեջ խաղամակարդակը երբեմն տուժում է:
Հայտնի մարդիկ, այդ թվում դերասանները, վերջերս ակտիվորեն հանդես են գալիս քաղաքացիական ակցիաների ժամանակ: Ինքներդ երբևէ մասնակցե՞լ եք նման ակցիաների:
Ես չեմ եղել և, կարծում եմ, դեռ չեմ լինի քաղաքական ակցիաների մեջ: Դերասանի գործը բեմում է և էկրանին: Չի կարելի ակցիաների մասնակցելով՝ լայքեր հավաքել: Եթե երբևէ իմ՝ որպես դերասանի, ծառայության կարիքը լինի քաղաքական ասպարեզում, և եթե անունս ավելին լինի, քան հիմա, կփորձեմ ավելի լուրջ աբմիոններում հանդես գալ՝ ի շահ մեր պետության:
Վարուժան Բաբաջանյան