Մենք անդրադարձել էինք «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին սերիալի» գլխավոր դերակատարներ Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ Հայկո - Մկո դուետի փլուզմանը: Mediamall.am-ին տված հարցազրույցում դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ցավով էր արտահայտվել դուետի փլուզման մասին՝ նշելով. «Շատ մեծ աշխատանք է կատարվել Հայկո-Մկո դուետի կայացման համար: Ահռելի մեծ ջանք է թափվել ստեղծագործական խմբի կողմից՝ պահելու համար այդ դուետը բարձր մակարդակի վրա: Ես շատ եմ ցավում այդ իրավիճակի համար թե որպես դերասան Հայկո, թե որպես այդ ստեղծագործական խմբի ղեկավար»: Ի դեպ, Հայկ Մարությանը իր ստեղծագործական խմբի հետ նոր նախագիծ է պատրաստել, որը եթերում կլինի շուտով:

 

Հասարակությանը, իհարկե, հետաքրքրում է սիրված կերպարների հետագա ստեղծագործական ճակատագիրը: Մենք փորձեցինք տեղեկություններ ստանալ դերասան Մկրտիչ Արզումանյանի հետագա ծրագրերի մասին և պարզեցինք, որ նա պատրաստվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակել նոր հումորային նախագիծ՝ Հովհաննես Ազոյանի հետ միասին:

 

Լուրի հավաստիությունը ճշտելու համար Mediamall.am-ը զրուցեց սիրված դերասան Հովհաննես Ազոյանի հետ: Մեր հարցին՝ ճիշտ է արդյոք, որ այս եթերաշրջանում Մկրտիչ Արզումանյանի հետ ներկայացնելու եք նոր հումորային նախագիծ՝ դերասանը դրական պատասխան տվեց: Ազոյանը նշեց նաև, որ հաղորդումը լինելու է սիթքոմի (situation comedy - իրավիճակային կատակերգություն) ոճում, սակայն հրաժարվեց գաղտնազերծել հաղորդաշարի անունը: Ըստ Հովհաննես Ազայանի՝ նախագծին մասնակցելու համար այլ դերասաններ ևս հրավիրված են: Մեր հարցին՝ Ձեր քաղաքական ակտիվությունը հաշվի առնելով՝ պատրաստվու՞մ եք հաղորդման ընթացքում անդրադառնալ քաղաքական թեմաների՝ սիրված դերասանը պատասխանեց, որ ցանկանում են զերծ մնալ քաղաքական մեկնաբանություններից: Ի պատասխան մեր հարցի՝ Ազոյանը նաև հայտարարեց, որ իր քաղաքական հայացքների պատճառով աշխատանքի հետ կապված երբևէ խնդիրներ չի ունեցել:

 

Վարուժան Բաբաջանյան