Դերսաններ, հաղորդավարներ Աստղիկն ու Նարբեն իրենց ամառը վայելել են Միջերկրական ծովի ափին' տասնօրյա հանգիստ անցկացնելով Անթալիայում: Ընկերների խորհրդով Թուրքիա մեկնած զույգը շատ տպավորված է վերադարձել:

Նարբեի փոխանցմամբ' ցանկանում էին Հունաստան կամ Եգիպտոս մեկնել, սակայն որոշել են Անթալիա գնալ ու պարզել, թե ինչու է ամբողջ աշխարհն այնտեղ հանգստանում:
«Հանգստի ընթացքում հասկացա, որ ճիշտ են ասում' ավելի լավ է խելացի թշնամի ունենալ, քան անխելք ընկեր,- զրույցի սկզբում նշեց Նարբեն ու պարզապանեց կարծիքը,- պարզապես զարմացած եմ, թե ինչպես են նրանք հասել այն ամենին, ինչը տեսանք»:

Ըստ Նարբեի՝ այնտեղ ամեն պայման ստեղծված է իսկական հանգիստ վայելելու համար. «Ամենակարևորն այն է, որ զբոսաշրջիկն իր ուղևորության փաթեթից դուրս գումարներ չի ծախսում հանգստի ընթացքում: Կարևոր է, որ նա իրեն խաբված չի զգում»:
Նարբեն նշեց, որ Աստղիկին առավել շատ գրավել են լողավազաններն ու երեկոյան շոուները, որոնք կազմակերպվում էին, իսկ ինքն ավելի շատ ուսումնասիրությամբ է զբաղված եղել: Զրուցակիցս համոզված է, որ մենք' հայերս, շատ գոռոզ ենք: «Հայերի կարծիքով, իրենք միշտ ճիշտ են, սակայն նույն Թուրքիայում մատուցողներն այնքան համեստ էին իրենց գործն անում, որ չեք էլ կարող պատկերացնել: Նրանք շատ լավ սպասարկում էին բոլորին, կապ չունի՝ հայ էր, ռուս, թե ուզբեկ: Իսկ Հայաստանում մատուցողներից միայն մունաթ ենք ստանում,-ասաց Նարբեն ու ավելացրեց,- մենք պետք է փոխվենք, համբերություն ունենանք ու մտածենք, որ ամեն բան լավ է լինելու: Ինքս խոստանում եմ, որ որոշ բիզնեսներ եմ Հայաստան բերելու»:

Նարբեի խոսքերով' հանգստից վերադառնալուն պես խոսել է իր բիզնեսմեն ընկերներից ոմանց հետ ու մեծ ցանկություն ունի հաջորդ տարի Սևանում ստեղծել այնպիսի հանգստավայրեր, որոնք ոչնչով չեն զիջի այնտեղինին: «Մնում է միայն, որ մեր ազգը փոխվի և բիզնեսի լեզվով խոսի այդ ամենի մասին: Ինչու ոչ, կարող ենք սովորել ու Հայաստանում էլ ամեն տարի մեծ թվով զբոսաշրջիկների ընդունել: Թեև այդ ամենը միանգամից չի լինի, դրան պետք է աստիճանաբար հասնել: Մենք ոչնչի չենք հասնի անընդհատ ասելով' պետք չէ Թուրքիայում հանգստանալ»,-համոզված է դերասանը:

Այս ամենից բացի, Նարբեն նկատել է նաև. «Իրենք գալիս ու Հայաստանից 100 դոլարով կովի կաշի են գնում, մշակում ու կաշվից վերարկուները մեզ վաճառում են 1300-1600 դոլարով: Այդ ամենը տեսնելով, ևս մեկ անգամ հասկացա, որ նրանք բիզնեսմեն ազգ են»:

Արձակուրդային տասն օրերի ընթացքում Աստղիկն ու Նարբեն ոչ միայն վայելել են ծովը, արևայրուք ընդունել ու մասնակցել երեկոյան շոուներին, այլև մի շարք գնումներ են արել: «Հիմնականում հագուստ ենք գնել, հուշանվերներ ու այն ամենը, ինչը հետաքրքիր էր»,-եզրափակեց Նարբեն, ով ակտիվ հանգստի սիրահար է ու պատրաստվում է Նոր տարուն էլ Դուբայ մեկնել: