Դերասան, հումորիստ Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, երկրորդ անգամ է վերադառնում հանգստից :) Հումորիստն այս տարի արդեն ընտանիքով հասցրել էր լինել Միջերկրական ծովի առափնյա քաղաքներից մեկում ու վայելել ամառային պասիվ հանգիստ: Սակայն նա նա այդքանով չի բավավարվել :) Օրեր առաջ նա և կինը' Քրիստինան, վերադարձել են Եվրոպայից:

«Հունիսի վերջերին ընտանիքով մեկնեցինք Միջերկրական ծով, որտեղ պասիվ հանգիստ ունեցանք: Երեխաների համար դա շատ հետաքրքիր ու հաճելի էր, բայց ես ու կինս այդքանով չսահմանափակվեցինք, վերադառնալուց օրեր անց մեկնեցինք Եվրոպա, այս անգամ' առանց փոքրիկների: Տասն օրվա ընթացքում հասցրեցինք լինել Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ավելի քան ինը քաղաքներում, որոնցից մի քանիսում առաջին անգամ էինք լինում,- ասաց Արմենն ու հավելեց,- անկրկնելի օրեր ենք ունեցել. աշխույժ ու ծանրաբեռնված գրաֆիկով փորձել ենք հնարավորինս շատ բան տեսնել ու շատ բանից օգտվել»:

Հումորիստի խոսքերով' կինը ևս բավականին ոգևորված է վերադարձել Եվրոպայից: «Քրիստինայի համար էլ, այս օրերը հիանալի անցան. նախ' եթե Երևանում եմ լինում, օրվա մեծ մասն աշխատանքի վայրում եմ լինում ու քիչ ժամանակ եմ նրանց հետ անցկացնում, իսկ այս օրերին մենք ամբողջ ընթացքում միասին ենք եղել: Բացի այդ՝ ինքն իր համար շատ նոր բաներ բացահայտեց. շատ քաղաքներում ինքն առաջին անգամ էր լինում»,- հավելեց հումորիստը:

Ըստ դերասանի' երեխաներին իրենց հետ չտանելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Եվրոպան ակտիվ հանգստի համար է. «Երեխաներս դեռ փոքր են ու հաստատ չէին դիմանա այդ ռիթմին: Այսպես կարողանում էինք ամեն ինչ ավելի արագ անել, մինչև ուշ ժամ դրսում մնալ»:

Խոսելով առաջիկա ստեղծագործական նորություններից' Արմենը նշեց. «Սեպտեմբերից շատ անելիքներ ունենք, կսկսվի «Yere1» ծրագրի իններորդ եթերաշրջանը, կվերականգնվի «Բլեֆ» հաղորդաշարը, հոկտեմբերին համերգներով հանդես կգանք Երևանում, իսկ փետրվարին' նախատեսում ենք մեկնել ԱՄՆ»: