Սերիալային դերասանուհի, այժմ նաև հաղորդավարուհի Արևիկ Գևորգյանն այս շրջանում արձակուրդում է հեռուստատեսությունում, սակայն այժմ նա զբաղված է թատերական ներկայացման նախապատրաստական աշխատանքներով: Դերասանուհին աշխատել է ամռավա երեք ամիսներին: Միայն օգոստոսին է կարճատև հանգստի մեկնել: «Ամենայն հավանականությամբ, պրեմիերան կկայանա սեպտեմբերին: Պուշկինի «Եվգենի Օնեգինի» հիման վրա գրված պիեսի մոնո ներկայացումն է: Ես Տատյանային եմ մարմնավորում: Բեմադրող ռեժիսորը Սուրեն Սաֆարյանն է»,- esyes.am-ին հայտնեց Արևիկը և մեզ տրամադրեց իր նոր ֆոտոշարքը, որը սեպտեմբերին սպասվելիք ներկայացումից է:
Դերասանուհու փոխանցմամբ' սերիալներում խաղալու առաջարկներ ստացել է, սակայն իրեն հետաքրքրող առաջարկ չի եղել: Բացի այդ, նա այս տարի ընդունվել է Թատերական ինստիտուտ և որոշել է հետևել այնտեղի «կարգուկանոնին». «Սեպտեմբերից Թատերական ինստիտուտի ուսանողուհի եմ լինելու: Այնտեղի ուսանողների համար կա մի շրջան, երբ չի թույլատրվում նկարահանվել: Սակայն եթե հետաքրքիր առաջարկ լինի, գուցե փորձեմ համատեղել»:
Սերիալային դերասանուհին, ով մի քանի տարի շարունակ էկրաններին է եղել, որոշել է մասնգիտանալ որպես դերասանուհի: Նախկինում նա սովորել է Մաշտոցի համալսարանում' որպես նկարիչ-մոդելավորող:
Ի դեպ, Արևիկը նախապես ոչ ոքի չի ասել, որ Թատերական ընդունվելու փորձ է անելու, քանի որ չի ցանկացել, որևէ մեկին անհանգստացնել: «Այդ գաղափարն ինձ երկար տարիներ էր տանջում: Չգիտեմ պատահականություն էր, թե կանխորոշված, սակայն Թատերականում էի, որտեղ տեսնելով ուսանողական աժիոտաժը ոգևորվեցի ու որոշեցի դիմել,- ասաց Արևիկն ու հավելեց, որ մինչ ընդունվելը որոշակի մտավախություններ է ունեցել: -Ինձ թվում էր, որ դերասանական իմ փորձը կարող է խանգարել, որովհետև քննական հանձնաժողովը բացասական է վերաբերվում սերիալներին: Ես փորձեցի մոռանալ այն, ինչ գիտեմ, էդյուտ պատրաստեցի և գնացի քննության: Ընդ որում' միայն անվճար տեղի համար էի հայտ լրացրել, որովհետև այլ կերպ ուղղակի չէի կարող: Հավաքեցի բարձր միավորներ և անցա անվճար բաժին»:
Իսկ հեռուստատեսությունում Արևիկը տարիներ առաջ հայտնվել է մասնակցելով «Աննա» հեռուստասերիալի համար կազմակերպված քասթինգին: Առաջին դերի հաստատվելուց հետո նրան այլ առաջարկներ էլ են արել, և Արևիկը հաստատվել է հեռուստատեսությունը:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը