Սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Արևիկ Գևորգյանը տևական ժամանակ էկրաններին լինելուց հետո դադար է առել: Սակայն դադարը նրա համար հարաբերական է: Հեռուստասերիալներում խաղալուց հետո Արևիկը որոշել է մասնագիտական կրթություն ստանալ՝ որպես դերասանուհի: Թատերական ինստիտուտի ուսանողուհին այժմ իրեն նվիրել է ուսմանը:) ESem.am-ը բլից հարցազրույց է ունեցել նրա հետ:
-Ո՞րն է եղել առաջին դերդ սերիալներում:
- «Աննա» հեռուստասերիալում Լիզայի կերպարը:
-Ի՞նչ նշանակություն է ունեցել այն քեզ համար:
- Այն ինձ համար բացահայտում էր մի ոլորտի, որտեղ նախկինում չէի եղել:
- Ինչո՞ւ այժմ չես նկարահանվում սերիալներում:
-Ուսմանս պատճառով, ավելի ճիշտ՝ հանուն ուսման:) Երբեք չեմ լինի այն ուսաանողների շարքում, ովքեր պնդում են, թե ինստիտուտը ոչինչ չի տալիս:
- Ավելի հաճախ ներկայացել ես սերիալներում: Դրանք չափազանց շատ են քննադատվում:Վրդովվո՞ւմ ես դրանից:
- Քննադատություն շատ եմ սիրում: Նշանակում է՝ ինչ-որ բան շնչում է: Դրանից չեմ վրդովվում, ոչ էլ դեմ եմ սերիալներին: Կան այնպիսի նյութեր, որոնք պարզապես անհնար է ներկայացնել 2 ժամում: Եթե նյութը լավն է, ինչո՞ւ ոչ, թող սերիալ լինի:
-Քեզ հաճա՞խ են նույնացնում կերպարներիդ հետ, դա քեզ նյարդայնացնո՞ւմ է:
- Ավելի շատ հարցնում են, թե ինչ նմանություն կա Արևիկի ու տվյալ կերպարիս միջև: Անտանելի չեմ սիրում այդ հարցը, քանի որ աշխատանքս չի կայանում նրանում, որ զուգահեռներ տանեմ. իմ աշխատանքն է՝ ներկայացնել կերպարս իր բոլոր դրական ու բացասական կողմերով, փորձել զգալ բոլոր ուժեղ և թույլ կողմերը: Աշխատանքն այնքան մեծ է, որ զուգահեռների համար ժամանակ չի մնում:
Իհարկե, ես մնում եմ Արևիկը, ով ներկայացնում է իր կերպարը:
-Այժմ թատրոնում զբաղվածություն ունե՞ս:
- Այո: Հիմա Զառա Անտոնյանի և Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ «Թմբկաբերդի առումը» ներկայացմամբ մասնակցում ենք «Արտավազդ» մրցանակաբաշխությանը:
- Հիմնականում ներկայացել ես առաջնային կերպարներով, գլխավոր դեր խաղալը կարևո՞ր է քեզ համար:
- Բոլորովին, դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է կամ՝ այդ մոտեցումն իմը չէ: Ես հայտնի լինելու ձգտում էլ չունեմ, ավելի շատ՝ ցանկանում եմ լինել պահանջված:
-Ո՞ր դերն ես առանձնահատուկ համարում քո խաղացանկում:
-Հաջորդը:)
-Ո՞րն է ամենամեծ ձեռքբերումդ:
-Եթե կարծեմ, որ հիմա ունեմ իմ ամենամեծ ձեռքբերումը, դժվար քայլեմ առաջ:
-Իսկ ամենամեծ բացթողո՞ւմդ:
-Բացթողումներս ամենայով չափել չեմ կարող: Եթե բացթողում է, ուրեմն այստեղ է և հիմա:
- Ի՞նչ է պետք քեզ՝ երջանկության համար:
-Ինչ-որ չափով երջանկությունը միշտ ներկա է, սակայն մինչև հասկանում ես, դառնում է անցյալ: Ուզում եմ միշտ զգամ ու զգոն լինեմ, երբ երջանիկ եմ:
- Հիմա երջանի՞կ ես:
-Այո, քանի որ գարուն է :)
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը