Ի՞նչ են խոսում. դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի, նախկին «4 տարբերակ» խմբի երգչուհիներից Քնարիկ Զաքարյանը' դերասանուհի, նախկինում ՀՀ Ոստիկանության մշակույթի բաժնի պետ, այժմ' Արտակարգ իրավիճակների նախարարության մշակույթի տան տնօրեն Կարինե Ոսկանյանի դուստրն է:
Իրականում. պարզվում է' լուրն իսկապես համապատասխանում է իրականությանը և Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասանուհին ու Քնարիկ Զաքարյանը մայր ու դուստր են. լուրը հաստատեց հենց Քնարիկը:
«Այո՛, ես հպարտորեն կարող եմ ասել, որ Կարինե Ոսկանյանի դուստրն եմ. մի մարդու, ով իր ճիշտ խորհուրդներով, դիտողություններով ու խրատներով միշտ կողքիս է»,- ասաց Քնարիկը:
Ըստ հաղորդավարուհու' մայրը, երկար տարիներ աշխատելով նույն բնագավառում, լավ ծանոթ լինելով դերասանի մասնագիտության դժվարություններին, ոչ միայն աղջկան հետ չի պահել իր այդ որոշումից, այլև ամեն կերպ օժանդակել է նրան:
«Մայրս միշտ ողջունել է իմ որոշումները, ամեն պահ կողքիս եղել. նա իմ ամենամեծ քննադատն է»,- հավելեց դերասանուհին:
Քնարիկն ու մայրը' տիկին Կարինեն, դեռ առիթ չեն ունեցել նույն բեմում միասին հանդես գալու, բայց, ինչպես երգչուհին է ասում, ցանկությունը մեծ է ոչ միայն իրենց երկուսի, այլև տարբեր ռեժիսորների մեջ:
Քնարիկի խոսքով' ինքը երբեք չի օգտվել մայրիկի ունեցած կապերից ու զբաղեցրած դիրքից. ասում է' միշտ ինքնուրույն է հաջողությունների հասել:
Առիթից օգտվելով' Քնարիկի հետ զրուցեցինք նաև առաջիկա նորությունների մասին և, չնայած նա նոր երգ ու տեսահոլովակ չի ներկայացրել, բայց անգործ էլ չի մնացել:
«Վերջերս Մհեր Մկրտչանի անվան թատրոնում, որտեղ բավականին ժամանակ է, ինչ աշխատում եմ, նոր ներկայացման պրեմիերա ենք ունեցել: Սեպտեմբերից ArmRadio-ով ամեն առավոտ կողջունեմ ռադիոունկնդիրներին' «Բարի լույս» հաղորդման շրջանակներում: Երաժշտական բնագավառում էլ, կարծում եմ, առաջիկայում նորություններ կլինեն»,- հայտնեց Քնարիկը:
Քնարիկի հետ զրուցեց Մերի Պողոսյանը