Դերասանուհի Աննա Ավետիսյանի ծննդյան տոնի մասին esyes.am-ը պատմել է: Աննան նկարահանվում էր «Քույրը» սերիալում և մարմնավորում գլխավոր հերսուհու' Սառայի ընկերուհուն' Լիլիին:
Սերիալի նկարահանումների ավարտից հետո Աննան մայրիկի հետ մեկնել է Չեխիա' հայրիկին տեսնելու և վայելելու ակտիվ հանգիստը: «Հայրս այստեղ բիզնեսի ոլորտում է աշխատում»,- նշեց զրուցակիցս և հավելեց, որ փոքր տարիքում մոտ երկու տարի Չեխիայում է ապրել:
Այս անգամ Աննան անժամկետ է մեկնել Պրահա. «Սերիալային այլ առաջարկներ դեռ չունեմ, սակայն կիսատ մնացած ներկայացումներ կան, ինչը հայրենիք վերադառնալու մեծ պատճառ է»,- համոզված է Աննան, ում համար Չեխիայում չկա մի բան, որ չհավանի:
«Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Պրահան աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, իսկ ես ակտիվ հանգստի սիրահար եմ ու իմ ամբողջ օրն անցնում է քաղաքը ոտքի տակ տալով»,- esyes.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին:
Ըստ Աննայի՝ Պրահայում շատ գնչուներ կան, ովքեր շատ վատ վարքագիծ են դրսևորում' գողություն են անում, փողոցային կյանքով ապրում. «Անկեղծ ասած, մի քիչ նեղվում եմ, քանի որ արտաքնապես նման եմ նրանց: Երբ փողոց եմ դուրս գալիս, շատերը մտածում են, թե գնչու եմ: Իսկ ես ամեն անգամ տնից դուրս գալիս պապայիս լուրջ հարցնում եմ' ես իրո՞ք նման եմ գնչուի»:
Մոտ մեկ շաբաթ Պրահան ուսումնասիրելուց հետո Աննան պատրաստվում է մեկնել Գերմանիա և Ավստրիա: «Ասեմ, որ այս մեկ շաբաթվա ընթացքում հասցրել եմ միայն բարևելն ու ցտեսություն ասելը սովորել, ինչն էլ ոչ հաճախ եմ ճիշտ ասում»,- նշեց Աննան և անկեղծորեն խոստովանեց, որ ամեն անգամ ինչ-որ տեղ մտնելիս ցանկանում է բարևել ու ցույց տալ, որ լեզուն գիտի, սակայն բարևելիս ցտեսություն է ասում և հակառակը:)
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը