Facebook սոցկայքում լուսանկարներ տեղադրելը կարող է ընկերներին կորցնելու պատճառ դառնալ։ Նման եզրահանգման են եկել Բիրմինգեմյան համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտողները՝ ուսումնասիրելով սոցկայքի 500 օգտատերերի, գրում է newsru.com-ը։

Գիտնականները պարզել են, որ այն օգտատերերը, որոնք պարբերաբար հրապարակում են իրենց լուսանկարները, ռիսկի են դիմում վանել շատերին։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր հաճախ են լուսանկարներ տեղադրում սոցկայքում, իրական հարաբերությունները փչացնելու ռիսկի են դիմում»,- նշել է դոկտոր Դևիդ Հաութոնը։

Անձնական լուսանկարները սոցկայքում կարող են փչացնել հարաբերություններն ընկերների, բարեկամների և նույնիսկ գործընկերների հետ։ Չէ՞ որ այս բոլորը տարբեր խմբեր են, որոնք տարբեր կերպ են մեզ ընկալում։

Բարեկամներին և իրական ընկերներին կարող է տխրեցնել այն, որ դուք կիսվում եք ձեր լուսանկարներով ինչ-որ անհասկանալի «ընկերների» հետ, որոնց մասին ձեր իրական մտերիմները պատկերացում չունեն։ Գործընկերներին կարող է դուր չգալ տեղեկությունները ձեր անձնական կյանքի վերաբերյալ, որոնց մասին նրանք կնախընտրեին չիմանալ։ Նկատվել է նաև հարաբերությունների սառնություն այն զույգերի միջև, որոնք շատ լուսանկարներ են տեղադրում։

«Զգո՛ւյշ եղեք լուսանկարներ տեղադրելիս։ Մտածե՛ք, թե ինչպես դրանք կընկալվեն նրանց կողմից, ովքեր կարող են տեսնել։ Տպավորություններով կիսվելը հիանալի միջոց է հարաբերությունները լավացնելու համար, սակայն այն կարող է հակառակ արդյունքն ունենալ»,- զգուշացնում են հետազոտողները։