Ռոքի 73-ամյա թագուհի Թինա Թյորները 2 անգամ է հասել անհավանական հաջողության: Առաջինը եղավ շնորհիվ իր ամուսնու'Հայկ Թյորների հետ դուետի, իսկ երկրորդ անգամ՝ հակառակ ամուսնու' իրեն երեխաներից, գումարից և փառքից զրկելու միտումներին՝ սկսելով ստեղծել իր կարիերան զրոյից 37 տարեկանում:

Թինա Թյորների իսկական անունը Աննա-Մեյ Բալլոկ է: 1939թ. նոյեմբերի 26-ին Թենեսի նահանգում ծնվում է մի շատ տաղանդավոր աղջնակ' Աննա-Մեյը: Դեռ փոքր տարիքից բոլորը նկատում էին Աննայի սերը դեպի երաժշտությունը, նրա հրաշալի ձայնն ու ձգտումը՝ հիացնել բոլորին: Ոչնչով չի առանձնանում նրա մանկությունը, եթե միայն հաշվի չառնենք այն հանգամանքը, որ աղջիկը տարիներ շարունակ ներկա է եղել այն դաժան տեսարանին, թե ինչպես է հայրը ալկոհոլի ազդեցության տակ ծեծի ենթարկում մորը: Ֆինանսական վիճակն ընտանիքում բավականին կայուն էր, սակայն մթնոլորտի մասին նույնը չես ասի:

Աննան դեռ 10 տարեկան էր, երբ մայրը լքում է ընտանիքը և մեկնում Սենթ-Լուիս: «Ես երբեք այդքան մեծ ցավ չեմ ապրել: Ես լալիս էի, անդադար լալիս: Թվում էր, թե դա երբեք վերջ չի ունենա: Սակայն արցունքները չօգնեցին: Դա դարձավ ինձ համար առաջին լուրջ դասը, որի արդյունքում ես հասկացա, որ արցունքները երբեք չեն օգնում հաղթահարել ցավը»:

3 տարի անց Թինային քրոջ հետ միայնակ է թողնում նաև հայրը' գնալով Դետրոիտ: «Ես պարզապես չէի կարողանում հավատալ: Սկզբում ինձ լքեց մայրս, իսկ հիմա, երբ ես ընդամենը 13 տարեկան էի, ինձնից հրաժարվում է նաև հայրս»:

Որոշ ժամանակ Աննան հարազատների հետ էր բնակվում, սակայն խոստովանում է, որ եթե կար մեկը, ով հոգ էր տանում իր մասին, քույրն էր' Էլլինը: Ավելի ուշ նա էլ է գնում Սենթ-Լուիս: 1956-ի աշնանը նրան է հետևում նաև Աննան:

17 տարեկանում Աննայի մեծ քույրը տանում է նրան ակումբ, որտեղ նվագում էր Kings of Rhythm խումբը: Խմբի ղեկավարը Հայկ Թյորներն էր: Աննա Բալլոքն իսկապես սիրահարվեց նրա երաժշտությանը: Նա սկսեց հաճախել խմբի բոլոր համերգներին, ծանոթանալ երաժիշտների հետ: Թինան շատ անգամ էր խնդրել Հայկին ելույթ ունենալ խմբի հետ, սակայն մշտապես մերժվել էր: Եվ միայն մի անգամ, երբ Հայկը պատահաբար լսում է, թե ինչպես է Թինան երգում, զարմացած բացականչում է. «Աստված իմ, ես չգիտեի, որ դու երգել գիտես»:

Աննայի մայրը, իմանալով նրա պլանների մասին, արգելում է աղջկան որևէ շփում ունենալ խմբի անդամների հետ: Նա նույնիսկ փակի տակ է պահում աղջկան' չթողնելով անգամ քոլեջ հաճախել: Սակայն իրավիճակը շուտով շտկում է Հայկը: Նա հյուր է գալիս կնոջը, պատմում պլանների մասին, խոստանում հսկել Աննային, թույլ չտալ նրան սխալվել, և բարձրացնել նրան համաշխարհային փառքի աստիճաններով: : Աննան ընդունվում է Kings of Rhythm խումբ' որպես բեկվոկալիստ: Առաջին խոստումն իրականացնել Հայկին այդպես էլ չի հաջողվում: 18 տարեկանում Թինան սիրավեպ է սկսում խմբի անդամներից մեկի հետ և հղիանում: Իսկ այ երկրորդ խոստումն իրագործել նրան իսկապես հաջողվում է և բավականին շուտ:

1960թ., երբ «A Fool in Love» երգի ձայնագրությանը չի ներկայանում վոկալիստը, Աննան ինքն է երգում նրա փոխարեն:

Եթե չլիներ այս պատահականությունը, ոչ ոք չգիտի, թե ինչպես կշարունակվեր Աննայի կարիերան և ձեռք կբերե՞ր նա արդյոք այն ճանաչումն ու գնահատականը, որն ունեցավ այս երգի թողարկումից հետո: Երգն անհավանական հաջողություն ունեցավ, այն դարձավ բոլոր հիթ շքերթների առաջատարը, լսվում էր բոլոր ակումբներում: Այս երգից հետո Հայկի պլանները փոխվում են: Նա թողնում է խումբն ու Աննայի հետ միասին տեղափոխվում Կալիֆորնիա: Սրանից հետո սկսվում է մի շրջան, որի մասին Թինան հիշել անգամ չի ուզում: «Եթե ինձ հարցնեին, թե ինչ եմ ես ուզում ամենից շատ, ես կխնդրեի ջնջել հիշողությունիցս բոլոր այն դրվագները, որոնք հիշելիս շունչս կտրվում է»:

Թինայի հայրը բարության մարմնացում էր, եթե նրան համեմատենք Հայկի հետ: Հայկը միանգամից նոր բեմական անուն է տալիս Աննային' Թինա Թյորներ: Սակայն նոր անունը չի երջանկացնում երգչուհուն: Մշտապես դժգոհ Հայկն ամեն առիթով դաժան ծեծի է ենթարկում աղջկան, փորձությունների ենթարկում, վարվում նրա հետ կենդանու պես: Իսկ Հայկից հեռանալ Թինան չէր կարող: Նա չուներ ոչ գումար, ոչ ծանոթներ, ոչ մի պայմանագիր: «Ես ոչինչ չգիտեի, ես պարզապես ուզում էի երգել»:

Այս երկուսի համատեղ նախագիծը դարձավ «Ike & Tina Turner Revue» -ն: Այս նախագիծը նրանց մեծ հաջողություն է բերում: Օրօրի ավելանում են եկամուտները, պայմանագրերը: Թինան ստիպված էր լինում մի գիշերվա մեջ երկու տարբեր բեմերում երգել: «Ոչ ոք չէր էլ կռահում, որ այդ էմոցիոնալ, ուրախ աղջիկը նախքան բեմ դուրս գալը զգուշորեն ծածկել է բոլոր կապտուկները, շրթներկով վերացրել շուրթերի վերքերը»:

Երբ Հայկը հասկացավ, որ Թինայի հետ կարող է համաշխարհային բեմերը գրավել, որոշեց ամուսնանալ նրա հետ: 1962թ. Թինան և Հայկը ամուսնանում են: Դրանից մեկ տարի առաջ ծնվել էր նրանց որդին' Ռոնալդը: Թինան դաստիարակում էր 4 երեխաների: Նրանցից երկուսը Հայկի երեխաներն էին նախկին հարաբերություններից, իսկ երկուսը՝իր տղաները:

Օրեցօր Թինայի և Հայկի խումբը ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում: Նրանք ձայնագրում են շուրջ 20 ալբոմ, որոնցից շատերը հայտնի էին ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ Եվրոպայում: Շուտով Թինային առաջարկում են նոր երգ' առանց Հայկի: Նրա կատարումն այնքան են հավանում Անգլիայում, որ ամիսներ շարունակ հիթ շքերթներում Թինայի երգը զբաղեցնում է 1-3-րդ հորիզոնականները: Ջորջ Հարիսոնը կատարյալ ստեղծագործություն է համարում երգը, իսկ «Rolling Stones»-ն առաջարկում է Թինային մասնակցել իրենց համերգային շրջագայությանը:

Հայկը հասկանում է, որ հետզհետե կորցնում է Թինային: Նա տարվում է թմրանյութերով: Ծեծերը և ստորացումներն ավելի ուժեղ բնույթ են կրում: Հաճախ Հայկը ստիպված էր լինում խաբել հանդիսատեսին, թե իրենք ավտովթարի են ենթարկվել: «Ես ուզում էի ինքսնասպան լինել…Ու երևի թե այդպես էլ կանեի, եթե մի օր հենց Հայկն ինձ չուղղորդեր ուսումնասիրել բուդդիզմը»: Թինան հետզհետե հասկանում է, որ եթե ինքնասպան չլինի, Հայկն իրեն մի օր կսպանի հերթական ջարդի ժամանակ: Նա գիտակցում է իր «ես»-ի ամբողջական կործանումը: Վերլուծելով իր ներաշխարհը, փորձելով գտնել իր սեփական «ես»-ը' Թինան որոշում է հեռանալ Հայկից: Հերթական սկանդալից հետո, երբ Հայկը քնում է, Թինան հեռանում է տնից' գրպանում ունենալով ընդամենը 36 ցենտ: Նա ստիպված էր թաքնվել Հայկից, որն ամեն հնարավոր տարբերակ օգտագործում էր Թինային գտնելու և խումբ վերադարձնելու համար: Ամուսնալուծությունից հետո Թինային մնաց միայն իր անունը և տղաներին երբեմն տեսնելու հնարավորությունը: Դատավարության ժամանակ Թինան ասում է Հայկին. «Դու վերցնում ես այն ամենը, ինչը ես ստեղծել եմ 16 տարվա ընթացքում: Իսկ ես վերցնում եմ իմ ապագան»:

Սկզբնական շրջանում նրա գործերն այնքան էլ հաջող չէին ընթանում: Միայն 1983-ին նրա մասին սկսում են խոսել որպես մեներգչուհու: 80-ականների սկզբին Թինան ձայնագրում է երկու հիթեր' Ball of Confusion և Let's Stay Together: Սրանցից երկրորդը իսկական հիթ է դառնում ամբողջ աշխարհում: Թինա Թյորների անունը հայտնի է դանռում բոլորին, նրան սկսում են համագործակցություն առաջարկել բավականին լուրջ գործակալություններ:

1984-ին Թինան թողարկում է Private Dancer ալբոմը, որի ընդունելությունն այնքան ջերմ էր, որ այն ճանաչվեց պլատինե ալբոմ: Թինա Թերները միանգամից մի քանի մրցանակ ստացավ համաշխարհային հեղինակություն վայելող Գրեմմի մրցանակաբաշխությանը:

Բացի երգելուց, Թինան նկարահանվում է նաև մի քանի ֆիլմերում:Նա անընդհատ շրջագայությունների մեջ էր: Նրան մեծ ոգևորությամբ էին ընդունում յուրաքանչյուր երկրում, նրա համերգներին դահլիճում ոչ միայն ազատ նստատեղ չէր մնում, այլև կանգնելու տեղ անգամ հնարավոր չէր գտնել:

1991-ին Թինան հայտնում է երկրպագուներին, որ ժամանակավորապես հեռանում է բեմից: «Ես սովորեցի լինել երջանիկ անկախ տղամարդկանցից: Կյանքում հազվադեպ է լինում այդպես: Ես չեմ հավատում, որ ինձ կարող էր երջանկացնել որևէ տղամարդ»:

Թինայից հետո Հայկի ձայնագրած երկու ալբոմներն էլ անհաջողության են մատնվում: Շուտով նրան ձերբակալում են թմրադեղեր պահելու համար: Այդպես էլ Հայկը մինչև կյանքի վերջին տարիները մնում է բանտում: 2007թ. Հայկը մահանում է' թմրանյութի չարաշահումից:

3 տարվա ընդմիջումից հետո Թինան վերադառնում է իր նոր ալբոմով' «Wildest Dreams»: Ալբոմի մասին խոսելն ավելորդ է, քանի որ ժամանակակից երաժտության յուրաքանչյուր սիրահար հաստատ լսել է այս ալբոմի երգերը: Ալբոմի ստեղծման հարցում թինային օգնել էին Սթինգը, Շերիլ Կրոուն, այլք:

Թինայի երեխաներից և ոչ մեկը հաջողության և ճանաչվածության չի հասնում: Երբ լրացավ նրա մեծ տղայի 50-ամյակը, երգչուհին ասաց. «Ես հավատում եմ, որ նրանց մոտ դեռ ամեն ինչ կստացվի: Կյանքը դեռ առջևում է: Տարիքը ոչ մի նշանակություն չունի: Էլ ո՞վ բացի ինձանից կարող է փաստել այդ մասին»:

Հայկից հետո Թինայի անձնական կյանքում տղամարդկանց համար այլևս տեղ չկար: Իհարկե այնքան ժամանակ, մինչև Թինան 1985-ին հանդիպեց գերմանացի երաժշտական պրոդյուսեր Էրվին Բախին: Մեկ տարի անց զույգը սկսում է հանդիպել և միասին ապրել: Թինան բուդդիզմի հետևորդ է սկսած այն ժամանակներից, երբ այս հավատը նրան ուժ տվեց թողնելու բոլոր դժբախտություններն ու նոր կյանք սկսելու:

Օրերս հայտնի դարձավ նաև, որ Թինան ուզում է հրաժարվել Ամերիկայի քաղաքացիությունից և իր ամուսնու' Էրվինի հետ տեղափոխվել Շվեյցարիա:

Ես կարծում եմ, որ ծանր աշխատանքը և համառությունը, անկախ իրավիճակից, հնարավորություն են տալիս իրականացնելու երազանքները: Եթե դուք ջանասիրաբար աշխատում եք, ձգտում կատարելության, ուրեմն ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես ուզում եք: Դա շատ ծանր և դաժան ճանապարհ է, բայց եթե որոշել եք հասնել հաջողության, ուրեմն ձեր կյանքում չպետք է տեղ լինի հուսահատության, տխրության համար:

Ես երբեք չեմ մատնվի ծերության մինչև հոգիս չծերանա:

Ձեզ թվում է' հե՞շտ է նոր կյանք սկսել 37 տարեկանում, երբ շատերն այդ տարիքում իրենց կարիերայի գագաթնակետին են կամ վայելում են ընտանեկան ջերմությունը:

Իմ ընտանիքը երգն է, երաժշտությունը: Մյուս բոլոր ընտանիքները ինձ ցավ են պատճառել:

Ես հավատում եմ մեծ հավատին: Հավատը կարող է փոխել յուրաքանչյուրի կյանքն այնպես, ինչպես իմը փոխեց:

Ցավում եմ, որ չեմ ունեցել բավականաչափ ժամանակ' երեխաներիս կյանքին հետևելու, նրանց մեծացնելու համար:

Ես այլևս չեմ ատում ինքս ինձ: Առաջ ես ատում էի աշխատանքս, ատում էի իմ սեքսուալ կերպարը, ատում էի ամեն ինչ, ինչ կապված էր ինձ հետ: Բեմից իջնելուց հետո ես դառնում էի նույն Թինան:

Ես հիանալի տարբերում եմ սև մագիան սպիտակ մագիայից:

Դիմափոշին իմ միակ օգնականն էր, որ ելույթներից առաջ օգնում էր թաքցնել կապտուկներս, պատռվածքներս' խնամքով կոծկելով անձնական կյանքիս դժբախտությունը:

Ես դարձա ռոք թագուհի, ես ստացա այն ճանաչումը, փառքը, որ ամբողջ կյանքում երազել եմ: Ես կարողացա ապացուցել աշխարհին, որ առանց որևէ մեկի օգնության ես նույն Թինա Թյորներն եմ:

Նելլի Ղարիբյան