Ամառ, ամառ ու նորից ամառ… Չնայած շոգին, շատերը դեռ շարունակում են աշխատել, ստիպված են խիստ գործնական հագուստ կրել, օգտվել հասարակական տրանսպորտից և այլն: Ամառվա տապին պետք է իմանալ պաշտպանության բոլոր միջոցները: Հետեւեք Ձեր առողջությանը LN-ի ամառային խորհուրդներով:

Հագուստը

Շոգ օրերին հագուստը պետք է բծախնդրությամբ ընտրել: Նախ՝ ցանկալի է,որ այն լինի բաց գույների: Երկրորդը' հագեք ազատ հագուստ բնական կտորներից: Սինթետիկ իրերը օդը բաց չեն թողնում, ինչից միայն ավելի կշոգեն:
Մի մոռացեք արևային ակնոցներն ու գլխարկները: Առաջինը ոչ միայն ոճային աքսեսուար է, այլև պաշտպանում է արևից: Այնպես որ լավ կանեք' գումար չխնայեք և գնեք բարձրորակ ակնոցներ, որոնք իսկապես պաշտպանում են արևից:
Շատ լեդիներ ոչ միայն քաղաքում, այլև ծովափում, որտեղ արևն անարգել ճառագայթում է, շրջում են առանց գլխարկների: Դրա հետևանքները կարող են լինել գլխապտույտները, սրտխառնոցները, մինչև անգամ ուշագնացություն և այլն: Դուք կարող եք պարզապես հարմար մի գլխարկ ընտրել Ձեր հագուստի հետ, և այն կամբողջացնի Ձեր կերպարն ու նաև կպաշտպանի արևից:

Սնունդը

Շոգին պետք է բացառել Ձեր սննդակարգից յուղոտ մթերքները: Ամառային եղանակն արդեն բարդացնում է մեր օրգանների աշխատանքը, իսկ ծանր սնունդն ավելի կբարդացնի իրավիճակը:
Բացի դրանից, սահմանափակեք նաև աղի օգտագործումը: Աղը նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակմանը, որը մեր երիկամների վրա բացասաբար է ազդում:
Սահմանափակեք նաև մսային ուտեստների օգտագործումը, քանի որ դրանք շատ երկար են մարսվում, իսկ դա էլ բերում է օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացման և քրտնարտադրության:
Ամենաօգտակար և ճիշտ որոշումը շատ մրգեր և բանջարեղեն ուտելն է: Շատ կերեք հատկապես այն մրգերն ու բանջարեղենը, որոնց ջրայնությունը բարձր է' ձմերուկ, վարունգ, լոլիկ և այլն:

Ըմպելիքը

Շոգից մարդու մարմինն ավելի շատ հեղուկ է գոլորշացնում, քան սովորաբար: Դրա համար էլ պետք է ամեն կերպ վերականգնել կորցրած հեղուկը: Ամենակարևորը' ուշադրություն մի դարձրեք օրգանիզմի ցանկությանը: Պահանջը շատ ավելի վաղ է առաջանում, քան օրգանիզմը ծարավ է զգում: Դրա համա էլ լավ կլինի պարբերաբար հեղուկ օգտագործել: Խմեք օրվա մեջ ամենաքիչը 2 լիտր ջուր' հավասարապես բաժանելով չափաբաժիններն ըստ ժամերի: Օգտագործեք հասարակ ջուր, այլ ոչ թե գազավորված, որն ավելի է ուժեղացնում ծարավը, վատ ազդեցություն թողնում մաշկի և կազմվածքի վրա:
Ալկոհոլը նույնպես բարձրացնում է մարմնի ջերմությունը, ինչքան էլ որ այն սառը լինի:

Տարածքը

Հետևեք, որ այն տարածքը, որտեղ գտնվում եք, պարբերաբար օդափոխվի: Կարող եք կարճ ժամանակով մի փոքր քամի ստեղծել սենյակում' բացելով դուռն ու պատուհանը միաժամանակ: Բայ այդ ընթացքում լավ կանեք' դուրս գաք սենյակից:
Զգուշացեք նաև օդափոխիչից: Անխոս այն պարզապես հրաշք է ամռանը ,բայց կարող է նաև բացասաբար անդրադառնալ: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունից, երբ շոգ, տոթ դրսից միանգամից մտնում եք զով գրասենյակային տարածություն, կարող է մրսածություն առաջացնել: Կարող են բռնվել նաև մարմնի առանձին հատվածներ, ինչպես ուսերը կամ գոտկատեղը:

Սպորտ

Սիրելի լեդիներ, հիշեք, որ 28˚C ջերմաստիճանում սպորտով զբաղվել խորհուրդ չի տրվում: Շոգին ծանրաբեռնված ֆիզիկական աշխատանքը ծանրություն է ստեղծում սրտի վրա: Այդ եղանակին ավելի լավ է զբոսնել այգիներում, որտեղ ստվերոտ է: Դա հաստատ բարենպաստ ազդեցություն կթողնի Ձեր ինքնազգացողության վրա: