Օրերս Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ իսրայելցի գիտնական Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գրքի շնորհանդեսը' նվիրված Հայոց ցեղասպանությանը: Իսրայելցի պատմաբանն իր կյանքի 25 տարիները նվիրել է այդ աշխատությանը, որն անգլերենից բառացի թարգմանությամբ կոչվում է «Անտարբերության առօրեականությունը»:
«Շատ շնորհակալ եմ, անչափ հուզված եմ... Այն երկու օրերը, որ անցկացրել եմ Հայաստանում միանշանակ կյանքիս լավագույն օրերից են: Ձեր ջերմությունը, գնահատանքը ինձ ուժ են տալիս շարունակելու պայքարը, որպեսզի Իսրայելը ընդունի Հայոց ցեղասպնությունը: Ինձ հաճախ հարցնում են' ինչո՞ւ գրեցի այս գիրքը... Գրեցի, որովհետև, պարզապես, չէի կարող չգրել: 80-ականների վերջերին ես ներկա գտնվեցի մի քանի միջոցառումների և տեսա, թե ինչպես է Իսրայելը օգնում Թուրքիային իր ուրացման գործում: Ես ցավում եմ, որ Իսրայելը առաջին երկիրը չեղավ, որը կճանաչեր ցեղասպանությունը ոչ թե նրա համար, որ ընտրյալ ազգ է, այլև այն բանի համար, որ մենք էլ ենք անցել նույն ճանապարհով»,- իր խոսքում ասաց աշխատության հեղինակը:
Երեկոն շարունակվեց մայրաքաղաքի հյուրանոցային համալիրներից մեկում, որտեղ երգչուհի Նանան և Իսրայելից ժամանած երգչուհի Անգելինա Կապլանը ներկայացրեցին իրենց համատեղ աշխատանքը: Երկլեզու' հայերենով և եբրայերենով երգը պատրաստ էր դեռ 2012թ. դեկտեմբերին, սակայն երգչուհիները պաշտոնական պրեմիերան արեցին հենց այդ օրը: Երգը կոչվում է «Քո սերն եմ ես», որի երաժշտության հեղինակը Էմանուել Հակոբյանն է, իսկ խոսքերի հեղինակները' Անահիտ Մովսիսյանը և Անգելին Կապլանը:
«Երբ Անգելինան առաջարկեց երգել այս երգը, մեծ սիրով համաձայնեցի, քանի որ եբրայերեն երգ չունեի: Պրոեկտն ինձ շատ դուր եկավ, և մենք միասին երգեցինք: Ուրախ եմ, որ երգն առաջին անգամ հնչում է իմ հայրենիքում: Երջանիկ եմ այս օրվա համար, որ նման մեծ մարդիկ եկել են Իսրայելից հայ ժողովրդին մեծարելու և հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Խոնարհվում եմ այդ մարդու առաջ, որ 25 տարի նվիրել է այդ գրքին, ուսումնասիրություններին' պայքարելով, որպեսզի ցեղասպանությունը ճանաչվի»,- երգի և իրենց համագործակցության մասին ասաց Նանան:
Առաջին անգամ մեր երկրում գտնվող երգչուհի Անգելինա Կապլանն, որ սա իր վերջին այցը չէ և շարունակեց. «Ամեն բան սկսվեց, երբ ծնվեց համատեղ երգ ունենալու գաղափարը: Երբ երգում են կանայք, այն էլ' այս երկու լեզուներով, դա երևի սենսացիա կարելի է անվանել: Երկու հին ու գեղեցիկ ազգերի համագործակցություն, որը նաև, ինչու ոչ, քաղաքական համագործակցության սկիզբ է: Մենք ուզում ենք ցույց տալ ամբողջ աշխարհին, որ մենք քույրեր և եղբայրներ ենք: Թեև այս գաղափարը ծնվել էր մինչ կճանաչեինք այն մարդուն, ով իր կյանքի 25 տարին նվիրել է այս գործին, բայց, միևնույնն է, նա դրեց սկիզբը, իսկ մենք արվեստի կողմից մեր գործն արեցինք»:
Կշարունակվի՞ արդյոք համագործակցությունը. այս հարցին ի պատասխան' Նանան ասաց. «Հուսով ենք' կշարունակվի, եթե լինեն հովանավորներ, և այս երգն ունենա տեսահոլովակ, հնարավոր է' լինեն և նոր երգեր»: Հարցին հարցով պատասխանեց նաև Անգելինան. «Մե՞կ երգ... Կարող է մի ամբողջ համատեղ ալբոմ թողարկենք»: