Օրերս ESem.am-ն անդրադարձել էր երգչուհի Նանայի՝ Ռուսաստանում գտնվելու պատճառներին՝ հայտնելով, որ մայիսի վերջին նախատեսված է «ռաբիսի թագուհու» մենահամերգը Տվեր քաղաքում: Չնայած ռուսաստանյան մենահամերգին հաշված օրեր են մնացել, սակայն Նանան վերադարձել է տուն: Չար լեզուներն ասում են, թե երգչուհու մենահամերգի գործերն այնքան էլ հաջող չեն, ինչի պատճառով էլ նա այսօր Հայաստանում է:
Երգչուհի Նանան մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ վերադարձել է բոլորովին այլ նպատակով:ESem.am-ի հարցին՝ այդ դեպքում արդյոք Հայաստան վերադառնալու պատճառով նախատեսված համերգի գործերը հետ չե՞ն ընկնում, Նանան ասաց. «Ոչ, ամեն բան իմ վերահսկողության տակ է»:
Ըստ նրա՝ այսօր Հայաստանում լինելու պատճառը «Լսում ես ինձ, ճակատագիր» ֆիլմի պրեմիերային էր, և ինքը՝ որպես այդ ֆիլմի սաունդթրեքի՝ «Գնա» երգի կատարող, որոշել է անձամբ ներկա գտնվել:
«Եկա, որ այս կարևոր օրը լինեմ ընկերներիս կողքին»,- ավելացրեց երգչուհին և նշեց, որ երեկ տեղի ունեցած պրեմիերան շատ լավ է անցել, հանդիսատեսն էլ հուզված է եղել:
Երգչուհին հայտնեց, որ Հայաստանում մի քանի օր մնալուց հետո կվերադառնա Ռուսաստան` պատրաստվելու սպասվելիք մենահամերգին:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը