Երեկ Արամեն իր անունը կրող կարաոկե-ակումբում էր հավաքել մի խումբ երգասերների:
Երգիչն իր կարաոկե-ակումբում իրականացրեց նոր, ռուսալեզու «Արմենիա» երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Բացի շնորհանդեսից, Արամեն ձեռնարկել էր երաժշտական մի մրցույթ, որով ժյուրիի մասնակցությամբ ընտրվելու էին լավագույն մասնակիցները:
Արամեի տեսահոլովակը դիտելու, ինչպես նաև նրա կազմակերպած երգի մրցույթի ժյուրիի կազմում լինելու համար ներկա էին նաև երգիչ Ռազմիկ Ամյանը որդիների՝ Լեոյի և Ալեքսի հետ, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը, ով նաև երգչի նոր տեսահոլովակի ռեժիսորն է:
«Արմենիա» երգի տեսահոլովակում նկարահանվել են տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներ:
«Այս տեսահոլովակի գաղափարը հիմնականում աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներից ոմանց ներկայացնելն էր: Երկար ժամանակ պահանջվեց այն պատրաստելու համար. ապրիլից սկսեցինք աշխատանքները և նոր-նոր ավարտեցինք: Դրա պատճառը զուտ նկարահանման աշխատանքները չէին, այլ իսկապես հայ մնացած երիտասարդներ գտնելը. շատ մանրակրկիտ ենք փնտրել: Ընտրված երիտասարդներից ամեն մեկն իր հատվածն իմպրովիզ արել, ուղարկել է, վերջում ամբողջն ի մի է բերվել, ինչի շնորհիվ էլ ասում եմ, որ տեսահոլովակի ռեժիսորը նրանք են ու ես,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Սյոման ու հավելեց,- Արամեի մասնակցությունն էլ տեսահոլովակում մեծ չէ, նա էլ նույնքան հատված ունի, որքան մյուս երիտասարդները. ցանկացել ենք ցույց տալ, որ ինքն էլ է նրանցից մեկը»:
«Արմենիա» երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերի հեղինակը՝ Դավիթ Օհանը:
Հեռուստադիտողին տեսահոլովակը հասանելի կլինի հուլիսի 19-ից:
Ինչպես նշեցինք, «Արամե» կարաոկե-ակումբում անցկացվում էր նաև Արամեի կողմից կազմակերպված երգի մրցույթի հերթական փուլը:
«Արդեն երկրորդ անգամն է, ինչ նման մրցույթ ենք կազմակերպում. մասնակիցները պատրաստում են երգեր, կենդանի կատարում դրանք, ժյուրին ընտրում է նրանցից լավագույնին, ու արդեն տարեվերջին բոլոր փուլերի հաղթողներն էլ իրար հետ կմրցեն ու պարզ կլինի հաղթողի անունը,- մեզ հետ զրույցում ասաց Արամեն և նշեց,- ամեն անգամ ժյուրիի կազմում տարբեր մարդիկ են լինում, միայն ես եմ ամփոփոխ մնում. անցյալ անգամ ես էի, երգիչ Արսեն Սաֆարյանը, վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանն ու ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը»:
Լուսանկարները՝ Էլադա Պատրիկյանի
Ներկայացրեց Մերի Պողոսյանը