Հուլիսի 6-ին նշվում է Համբույրի միջազգային օրը։ Համբույրը սիրո և ընկերության նշան է։ Քաղաքական դաշտում համբույրներ հազվադեպ են պատահում, իսկ դրանց «չեմպիոնն» է խորհրդային քաղաքական գործիչ Լեոնիդ Բրեժնևը։
Tert.am-ը՝ հղում տալով bigpicture.ru-ին, ներկայացնում է խորհրդային գործչի ամենահայտնի համբույրների մասին հետաքրքիր մանրամասներ։ Դժվար թե 1970-ականներին գտնվեր մի մարդ, ով չիմանար՝ ի՞նչ է «եռակի Բրեժնևը» (մի-մի համբույր երկու այտերին և վերջինը՝ շրթունքներին)։
Լեոնիդ Իլյիչի և Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Գուստավ Գուսակի համբույրը չեխերը հիշում են մինչ այսօր։
Մի անգամ Բրեժնևը փորձ է արել համբուրել Ռումինիայի առաջնորդ Նիկոլաե Չաուշեսկուին։ Սակայն ռումինացին միակն է եղել, որը կտրականապես հրաժարվել է այդ «ծիսակարգից»։
1971թ.-ին տեղի է ունեցել ևս մի «եռակի Բրեժնևի» անհաջող փորձ, այս անգամ «զոհը» Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ Մարգարեթ Թետչերն էր։ Սակայն «Երկաթե լեդիին» հաջողվել է քաղաքավարի կերպով խուսափել բարեկամական այդ ժեստից։
1973-ին ԽՍՀՄ է ժամանում ԱՄՆ պատվիրակությունը։ Բրեժնևի ելույթից հետո նրան է մոտենում երիտասարդ մի ամերիկուհի, սիրառատ Բրեժնևն էլ, իրեն չկորցնելով, համբուրում է նրան։ Մինչ այդ աշխարհին անհայտ Էննի Հոլմանը մեկ ակնթարթում դառնում է հանրահայտ։
ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը միակ ամերիկացի նախագահն էր, որն արժանացել է խորհրդային ղեկավարի համբույրին։
Բրեժնևի և Իոսիֆ Բրոզ Տիտոյի բարեկամական համբույրն այնպիսի ուժով է եղել, որ, ըստ լուրերի, այն վնասել է նույնիսկ հարավսլավացի առաջնորդի շրթունքը։
1968-ին Յասեր Արաֆատն առաջին անգամ այցելել է ԽՍՀՄ։ Պաղեստինցի առաջնորդին հաջողվել է արագ կերպով արժանանալ Կրեմլի վստահությանը, ինչը հաստատում է բրեժնևյան հանրահայտ համբույրը։
Բրեժնևի և Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի կրքոտ համբույրը պատկերող լուսանկարն իր արժանի տեղն ունի Գանդիի թանգարանում։
1974-ին առաջին անգամ ԽՍՀՄ այցելած կուբացի առաջնորդ Ֆիդել Կաստրոն արդեն տեղյակ էր հանրահայտ «ծիսակարգի» մասին, նա նաև գիտեր, որ եթե նման բան տեղի ունենար իր և խորհրդային գործչի միջև, ապա ծիծաղի առարկա կդառնար իր երկրում։ Նա գտնում է դրանից խուսափելու արտասովոր միջոց՝ բերանն է դնում սիգար, որն էլ թույլ չի տալիս Բրեժնևին խայտառակել իրեն հայրենակիցների առաջ։
Եվ վերջապես, Բրեժնևի ամենահայտնի համբույրը՝ 1971-ին գերմանացի Էրիկ Հոնեքերի հետ։ Դա պատկերվել է նաև Բեռլինյան պատին։