Ընկերուհու հետ հեռախոսով զրուցելիս, դասապրոցեսի կամ երկար ու հոգնեցուցիչ խորհրդակցության ժամանակ ձեռքը կիսաանգիտակցաբար վերցնում է գրիչն ու թղթի վրա ինչ-որ բաներ խզբզում: Հնարավոր է նաև, որ այդ խզբզոցները շատերի մոտ ասոցացվում են աղբի հետ, մինչդեռ, ինչպես LN-ի հետ զրույցում նշեց հոգեբան Լիկա Ալեքսանյանը, հենց սրանք են կնոջ հոգու բացառիկ բանալիները:

Ըստ հոգեբանի' խզբզոցները հոգեախտորոշիչ նշանակություն ունեն: Նա առանձնացնում է մի քանի' առավել հաճախ հանդիպող նշաններ. «Ծաղիկները, նրբագեղ, գալարուն գծերը խոսում են բարի և փափուկ բնավորության մասին: Այսպիսի պատկերներ խզբզող կանայք շատ են: Նրանք չափազանց ներդաշնակ ներաշխարհ ունեն, կյանքում ամենից շատ գնահատում են հոգեկան հանգստությունը, բայց խնդիրներին լուծում տալը նրանց համար չէ: «Ծաղիկների տիրուհիները» փախչում են խնդիրներից ու ծածկում դրանք:

Երկրաչափական պատկերները վկայում են ճիշտ հակառակ բնավորության մասին: Այսպիսի կանայք ղեկավարման ջիղ ունեն: Իրենց թույլ չեն տալիս կապրիզներ ու թուլություններ, աշխատում են միշտ ամեն ինչ պահել վերահսկողության տակ»:

Հաճախ հանդիպող սրտաձև խզբզոցները վկայում են հենց այն, ինչ և կարելի է մտածել առաջին հայացքից' ռոմատիկ անձնավորություն: Հոգեբանը առանձնացնում է նաև մի քանի' առավել հազվադեպ հանդիպող խզբզոցներ. «Աստղիկներ «աստղային հիվանդությամբ» տառապող կանայք չեն պատկերում, այլ լավատեսներն ու աշխատասերները: Ցանցեր պատկերելը բնորոշ է կյանքը հոգսերից դուրս չպատկերացնող կանանց և, ցավոք, հայերի շրջանում սա տարածված խզբզոց է: Դեմքեր նկարողներն օժտված են հումորի զգացումով և կանանց շրջանում շատ չեն»:

Լիկա Ալեքսանյանը գտնում է նաև, որ պատկերների նման վերլուծությունը միանաշանակ չէ: Այստեղ էլ օգնության է գալիս «հին ու բարի» ձեռագիրը: Ասա, ինչպես ես գրում, և Լիկա Ալեքսանյանը կասի, թե ով ես. «Գրչի ուժեղ հպումով սկսված տեքստը կամ պատկերը, որին հաջորդում է թույլ հպումովը, վկայում է այն մասին, որ, չնայած իր արտաքին մեղմությանը, կինն իրականում ավելի խստաբարո է: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև տառերի ու պատկերների թեքվածության առանձնահատկությունները խզբզոցներում և տեքստերում: Եթե ձեռագրում տառերը առաջ են թեքված, իսկ խզբզոցներում' ետ, ապա դա վկայում է, որ հեղինակն իր կրքոտ էությունը փորձում է թաքցնել սառը և հպարտ վարվելակերպի մեջ»:

Ըստ Լիկա Ալեքսանյանի' կան մարդիկ, ովքեր առհասարակ չեն խզբզում. «Սա նման է երազ չտեսնելուն. չէ՞ որ այդպիսի մարդիկ էլ կան»: Նա մեկնաբանում է այս հանգամանքը նրանով, որ այդպիսի կինը չափազանց պարզ է, անմիջական և չունի ենթագիտակցությունում կուտակվածը թղթին հանձնելու կարիք:

Լարա Առաքելյան