Երբ մենք հանդիպում ենք մեր երկրորդ կեսին, շատ ուժեղ զգացումներ ենք ապրում: Մենք վստահ ենք, որ երջանկությունը հարատև է լինելու, որ ոչ ոք և ոչինչ երբեք չեն կարողանալու բաժանել երկու սիրող սրտերը: Սակայն երբեմն այդպես չի լինում: Գալիս է մի պահ, երբ զույգի միջև տարաձայնություններ են լինում, սկսվում են մեղադրանքներ, բողոքներ, որոնք բերում են վեճերի և հարաբերությունների խզման:

Հարաբերությունների զարգացման ցանկացած փուլին տղան և աղջիկը պետք է հիշեն, որ հարաբերությունները պետք է ուրախություն, հաճույք և ներդաշնակություն բերեն: Հարաբերությունները պետք է լինեն թեթև, անկեղծ, բնական և երջանկավետ: Եթե դրանք ի սկզբանե լավ չեն դասավորվում, դուք հարմարավետ չեք զգում այդ մարդու հետ, հանդիպումներից հաճույք չեք ստանում, ապա ավելի լավ է վերջ դնել հարաբերություններին վաղ շրջանում:

Սիրած մարդու հետ հարաբերությունները պահպանելու համար պետք է աշխատել դրանց վրա, այլ ոչ թե նստել և սպասել, թե երբ է ամեն բան լավ լինելու: Միշտ չէ, որ հարաբերություններում ծագած խնդիրներն իրենք իրենց լուծվում են: Այդ ժամանակ հարց է ծագում. ինչու՞ են զույգերը թողնում, որ հարաբերությունը սխալ հունով գնան, հետո տանջվում դրա համար: Չէ՞ որ շատ զույգեր կարող էին երջանիկ լինել, եթե իրենց հարաբերություններին մի փոքր ուշադրություն հատկացնեին:

Երբեմն անհանգստանալու առիթ չի լինում, սակայն հոգու խորքում ինչ-որ տարօրինակ զգացում է առաջանում, որ հարաբերությունները սկսում են փչանալ: Հանկարծ սկսում եք զայրույթ զգալ, ավելի շատ նկատում եք թերությունները, քան առավելությունները, ավելի քիչ եք շփվում, տանջվում եք կասկածներից, խանդում եք և սկսում ամեն մանրուքից վիճել: Ձեր հարաբերություններում իր տեղն է գտնում անվստահությունը:

Եթե վերոնշյալ «ախտանիշներից» թեկուզ մեկը կա ձեզ մոտ, ապա դա խոսում է նրա մասին, որ խնդիր իսկապես կա, և պետք է այն լուծել որքան հնարավոր է շուտ:

Ուրեմն ինչպե՞ս պահպանել հարաբերությունները սիրելիի հետ:

1.Առաջին հերթին երբեք մի լռեք: Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս հարաբերություններում, կարևոր է անկեղծ և հանգիստ խոսել դրա մասին, առանց հիստերիաների և վեճերի. այդպես ամեն ինչ ավելի վատ կլինի: Շատ կարևոր է պարզել, թե ինչն է խնդրի հիմքը, որպեսզի լուծումն էլ հեշտ գտնվի:

«Հարաբերություններում միայն սերը բավարար չէ. անհրաժեշտ է նաև հարգանք»: Ուստի սովորեք լսել ձեր սիրելիին, հարգել նրա հայացքներն ու հետաքրքրությունները:

Եթե սիրելին ուշացել է հանդիպումից և չի զգուշացրել, ապա հանդիպելիս մի վիճեք, այլ հասկացրեք, որ անհանգստացել եք, և խնդրեք, որ այլևս այդպես չանի: Դուք չեք ցանկանում կառավարել նրան, պարզապես շատ եք անհանգստանում նրա համար, ձեզ համար կարևոր է, որ մյուս անգամ ուշանալիս նա տեղյակ պահի ձեզ, զանգահարի և ասի, որ իր հետ ամեն ինչ լավ է: Իհարկե, նա նույնպես պետք է հաշվի նստի ձեր զգացմունքների հետ. չէ՞ որ հարաբերությունների պահպանման համար միայն մեկի ջանքերը բավարար չեն:

2. Մի թաքցրեք ձեր զգացմունքները: Խոսեք այն մասին, թե ինչ եք զգում, ինչն է ձեզ անհանգստացնում և ընդհակառակը՝ ուրախացնում. դա կօգնի ավելի լավ հասկանալ միմյանց: Մի ստեք, ասեք միայն ճշմարտությունը, ոչինչ մի թաքցրեք միմյանցից: Վստահեք ձեր սիրելիին, երբեք մի խառնեք ձեր ընկերներին կամ հարազատներին ձեր վեճերի մեջ: Այո, նրանք կարող են ձեզ հասկանալ, հուսադրել, լսել, բայց չեն կարող ձեր փոխարեն լուծել ձեր խնդիրները:

3. Պետք չէ համակերպվել սիրելիի թերությունների հետ, բայց հիշեք, որ իդեալական մարդիկ չեն լինում: Մի խելացի մարդ մի անգամ ասել է, որ մարդու հետ կյանք կապելիս պետք չէ մտածել, որ մարդը կփոխվի, թերությունները կշտկվեն. պետք է մտածել ու հասկանալ, թե արդյոք պատրաստ եք ապրել մարդու հետ, եթե նա երբեք էլ չփոխվի, նույն թերություններով և առավելություններով լինի: Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, զրուցեք ձեր սիրելիի հետ, թող նա բացատրի, թե ինչու է ինչ-որ բան այսպես կամ այնպես անում: Միայն այդպես կարող եք համաձայնության գալ:

4. Դուք պետք է մի թիմ լինեք, սովորեք լսել ձեր սիրելիին: Կարող եք ընդհանուր հետաքրքրություններ կամ զբաղմունքներ ստեղծել, օրինակ' միասին որևէ սպորտով զբաղվեք կամ արշավների գնաք:

5. Որպեսզի հարաբերությունները ձեզ ուրախություն և հաճույք պատճառեն, սովորեք ավելի խորն ուսումնասիրել միմյանց և հետաքրքրվել միմյանցով: Սկզբի համար ուսումնասիրեք տղամարդու և կնոջ միջև տարբերությունները, սովորեք հետաքրքրվել միմյանց սպասումներով և ցանկություններով:

Թվարկենք փոքրիկ, սակայն շատ կարևոր կետերը, որոնք կօգնեն հիանալի հարաբերություններ պահպանել.

6. Մի մոռացեք ձեր սիրելիի գերակայությունների մասին, սովորեք հարգել դրանք և հաշվի նստել դրանց հետ:

7. Աշխատեք տեղյակ լինել սիրելիի օրվա ռեժիմից, որպեսզի հանկարծ չորոշեք զանգել նրան և պատմել ձեր զգացմունքների մասին, երբ նա ընտանեկան ընթրիքի է կամ քննության:

8. Հարցրեք, թե ինչ տրամադրություն ունի և ինչպես է իրեն զգում, չէ՞ որ բոլորիս էլ հաճելի է, երբ մեր մասին հոգ են տանում:

9. Սովորեք գուշակել նրա տրամադրությունը, որպեսզի կարողանաք ճիշտ ժամանակին սփոփել նրան կամ կիսել ուրախությունը:

10. Լավ ունկնդիր եղեք, սովորեք լսել նրան և հարկ եղած պահին ճիշտ խորհուրդ տալ:

11. Քնքուշ եղեք. հպումներն ու գրկախառնությունները մեծ դեր ունեն:

12. Սովորեք ներել և հաշվել մինչև 10-ը, երբ զգում եք, որ զայրանում եք:

13. Աշխատեք զվարճացնել սիրելիին և միշտ լավ տրամադրություն ունենալ, մի փոխանցեք ձեր վատ լիցքերը սիրելիին:

14. Մի թաքցրեք ձեր վախերը, անհանգստություններն ու հույսերը, կիսվեք դրանցով:

15. Կարողացեք ներողություն խնդրել, եթե սխալ եք:

Վերջում կցանկանանք ասել նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, որ չհուսահատվեն, այլ շարունակեն փնտրել՝ չկորցնելով իրենց դեմքն ու ինքնատիպությունը: Իսկ նրանց, ովքեր արդեն սիրելի ունեն, զարգացնել և ամրապնդել հարաբերությունները և պահպանել աշխարհի ամենակարևոր զգացմունքը՝ սերը:

 

Mari Love