Երբ մենք հանդիպում ենք մեր երկրորդ կեսին, շատ ուժեղ զգացումներ ենք ապրում: Մենք վստահ ենք, որ երջանկությունը հարատև է լինելու, որ ոչ ոք և ոչինչ երբեք չի կարողանալու բաժանել երկու սիրող սրտերը: Սակայն երբեմն այդպես չի լինում: Գալիս է մի պահ, երբ զույգի միջև տարաձայնություններ են լինում, սկսվում են մեղադրանքներ, բողոքներ, որոնք բերում են վեճերի և հարաբերությունների խզման:
Հարաբերությունների զարգացման ցանկացած փուլին տղան և աղջիկը պետք է հիշեն, որ հարաբերությունները պետք է ուրախություն, հաճույք և ներդաշնակություն բերեն: Հարաբերությունները պետք է լինեն թեթև, անկեղծ, բնական և երջանկավետ: Եթե դրանք ի սկզբանե լավ չեն դասավորվում, դուք հարմարավետ չեք զգում այդ մարդու հետ, հանդիպումներից հաճույք չեք ստանում, ապա ավելի լավ է վերջ դնել հարաբերություններին վաղ շրջանում:
Սիրած մարդու հետ հարաբերությունները պահպանելու համար պետք է աշխատել դրանց վրա, այլ ոչ թե նստել և սպասել, թե երբ է ամեն բան լավ լինելու: Միշտ չէ, որ հարաբերություններում ծագած խնդիրներն իրենք իրենց լուծվում են: Այդ ժամանակ հարց է ծագում. ինչու՞ են զույգերը թողնում, որ հարաբերությունը սխալ հունով գնան, հետո տանջվում դրա համար: Չէ՞ որ շատ զույգեր կարող էին երջանիկ լինել, եթե իրենց հարաբերություններին մի-փոքր ուշադրություն հատկացնեին:
Երբեմն անհանգստանալու առիթ չի լինում, սակայն հոգու խորքում ինչ-որ տարօրինակ զգացում է առաջանում, որ հարաբերությունները սկսում են փչանալ: Հանկարծ սկսում եք զայրույթ զգալ, ավելի շատ նկատում եք թերությունները, քան առավելությունները, ավելի քիչ եք շփվում, տանջվում եք կասկածներից, խանդում եք և սկսում ամեն մանրուքից վիճել: Ձեր հարաբերություններում իր տեղն է գտնում անվստահությունը:
Եթե վերոնշյալ «ախտանիշներից» թեկուզ մեկը կա ձեզ մոտ, ապա դա խոսում է նրա մասին, որ խնդիր իսկապես կա, և պետք է այն լուծել որքան հնարավոր է շուտ:
Ուրեմն ինչպե՞ս պահպանել հարաբերությունները սիրելիի հետ:
1.Առաջին հերթին երբեք չի լռեք: Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս հարաբերություններում, կարևոր է անկեղծ և հանգիստ խոսել դրա մասին, առանց հիսթերիաների և վեճերի. այդպես ամեն ինչ ավելի վատ կլինի: Շատ կարևոր է պարզել, թե ինչն է խնդրի հիմքը, որպեսզի լուծումն էլ հեշտ գտնվի:
«Հարաբերություններում միայն սերը բավարար չէ. անհրաժեշտ է նաև հարգանք»: Ուստի սովորեք լսել ձեր սիրելիին, հարգել նրա հայացքներն ու հետքրքրությունները:
Եթե սիրելին ուշացել է հանդիպումից և չի զգուշացրել, ապա հանդիպելիս մի վիճեք, այլ հասկացրեք, որ անհանգստացել եք և խնդրեք, որ այլևս այդպես չանի: Դուք չեք ցանկանում կառավարել նրան, պարզապես շատ եք անհանգստանում նրա համար, ձեզ համար կարևոր է, որ մյուս անգամ ուշանալիս նա տեղյակ պահի ձեզ, զանգահարի և ասի, որ իր հետ ամեն ինչ լավ է: Իհարկե նա նույնպես պետք է հաշվի նստի ձեր զգացմունքների հետ. չէ՞ որ հարաբերությունների պահպանման համար միայն մեկի ջանքերը բավարար չեն:
2. Մի թաքցրեք ձեր զգացմունքները: Խոսեք այն մասին, թե ինչ եք զգում, ինչն է ձեզ անհանգստացնում և ընդհակառակը՝ ուրախացնում. դա կօգնի ավելի լավ հասկանալ միմյանց: Մի ստեք, ասեք միայն ճշմարտությունը, ոչինչ մի թաքցրեք միմյանցից: Վստահեք ձեր սիրելիին, երբեք մի խառնեք ձեր ընկերներին կամ հարազատներին ձեր վեճերի մեջ: Այո, նրանք կարող են ձեզ հասկանալ, հուսադրել, լսել, բայց չեն կարող ձեր փոխարեն լուծել ձեր խնդիրները:
3. Պետք չէ համակերպվել սիրելիի թերությունների հետ, բայց հիշեք, որ իդեալական մարդիկ չեն լինում: Մի խելացի մարդ մի անգամ ասել է, որ մարդու հետ կյանք կապելիս պետք չէ մտածել, որ մարդը կփոխվի, թերությունները կշտկվեն. պետք է մտածել ու հասկանալ, թե արդյոք պատրաստ եք ապրել մարդու հետ, եթե նա երբեք էլ չփոխվի, նույն թերություններով և առավելություններով լինի: Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, զրուցեք ձեր սիրելլի հետ, թող նա բացատրի, թե ինչու է ինչ-որ բան այսպես կամ այնպես անում: Միայն այդպես կարող եք համաձայնության գալ:
4. Դուք պետք է մի թիմ լինեք, սովորեք լսել ձեր սիրելիին: Կարող եք ընդհանուր հետաքրքրություններ կամ զբաղմունքներ ստեղծել, օրինակ միասին որևէ սպորտով զբաղվեք կամ արշավների գնաք:
5. Որպեսզի հարաբերությունները ձեզ ուրախություն և հաճույք պատճառեն, սովորեք ավելի խորն ուսումնասիրել միմյանց և հետաքրքրվել միմյանցով: Սկզբի համար ուսումնասիրեք տղամարդու և կնոջ միջև տարբերությունները, սովորեք հետաքրքրվել միմյանց սպասումներով և ցանկություններով:
Թվարկենք փոքրիկ, սակայն շատ կարևոր կետերը, որոնք կօգնեն հիանալի հարաբերություններ պահպանել.
6. մի մոռացեք ձեր սիրելիի գերակայությունների մասին, սովորեք հարգել դրանք և հաշվի նստել դրանց հետ
7. աշխատեք տեղյակ լինել սիրելիի օրվա ռեժիմից, որպեսզի հանկարծ չորոշեք զանգել նրան և պատմել ձեր զգացմունքների մասին, երբ նա ընտանեկան ընթրիքի է կամ քննության
8. հարցրեք, թե ինչ տրամադրություն ունի և ինչպես է իրեն զգում, չէ՞ որ բոլորիս էլ հաճելի է, երբ մեր մասին հոգ են տանում
9. սովորեք գուշակել նրա տրամադրությունը, որպեսզի կարողանաք ճիշտ ժամանակին սփոփել նրան կամ կիսել ուրախությունը
10. լավ ունկնդիր եղեք, սովորեք լսել նրան և հարկ եղած պահին ճիշտ խորհուրդ տալ
11. քնքուշ եղեք. հպումներն ու գրկախառնությունները մեծ դեր ունեն
12. սովորեք ներել և հաշվել մինչև 10-ը, երբ զգում եք, որ զայրանում եք
13. աշխատեք զվարճացնել սիրելիին և միշտ լավ տրամադրություն ունենալ, մի փոխանցեք ձեր վատ լիցքերը սիրելիին
14. մի թաքցրեք ձեր վախերը, անհանգստություններն ու հույսերը, կիսվեք դրանցով
15. կարողացեք ներողություն խնդրել, եթե սխալ եք
Վերջում կցանկանանք ասել նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, որ չհուսահատվեն, այլ շարունակեն փնտրել՝ չկորցնելով իրենց դեմքն ու ինքնատիպությունը: Իսկ նրանց, ովքեր արդեն սիրելի ունեն, զարգացնել և ամրապնդել հարաբերությունները և պահպանել աշխարհի ամենակարևոր զգացմունքը՝ սերը:
Mari Love