Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պարուհի, պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսը ներողություն է խնդրել իր երկրպագուներից Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի առաջ ելույթ ունենալու համար, գրում է РБК-ը: Լոպեսի, ինչպես նաե ռուս երգիչներ Ֆիլիպ Կիրկորովի եւ Սաթի Կազանովայի մասնակցությամբ համերգը նվիրված է եղել Բերդիմուհամեդովի ծննդյան տարեդարձին:
Լոպեսը կատարել է «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ» երգը: Համերգը կազմակերպել էր Չինական ազգային նավթագազային կորպորացիան, որը բիզնես շահեր ունի Թուրքմենստանում:
Իրավապաշտպաններին վրդովեցրել է Լոպեսի ելույթը: Պատճառն այն է, որ նա ելույթ է ունեցել աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկում:
Երգչուհին նշել է, որ ոչ մի դեպքում ելույթ չէր ունենա Բերդիմուհամեդովի համար, եթե տեղյակ լիներ այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված դրությանը: